Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռնիձորի դիրքում 3 զինծառայողի սպանած անձանց շրջանակը բացահայտված չէ. փաստաբան

Հունվար 10,2023 23:25

2021 թվականի օգոստոսի 19-ի գիշերը Կոռնիձորի դիրքում երեք զինծառայողի սպանության գործի նախաքննությունն ավարտվել է, սկսվել է դատաքննության փուլը: Նախնական դատական նիստերը մեկը մյուսին հաջորդում են, բուն քննության փուլը դեռ չի սկսել, բայց երրորդ անգամ դատավոր է փոխվել:

Հիշեցնենք, որ սպանության համար մեղադրվում է մահացածների համածառայակից Ա․Հ․-ն։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանությունը)։ Այս գործով մեղադրանք է առաջադրված նաև դիրքի ավագին՝ «ապօրինաբար դիտավորությամբ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու համար: Ավելի վաղ նա մեղադրվում էր նաեւ ծառայակցի (սպանության մեջ մեղադրվողի) նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու» մեջ: Սպանության համար մեղադրվող զինծառայողը, ըստ վարույթ իրականացնող մարմնի, պատմել է, թե երեք համածառայակցին սպանել է դիրքի ավագի կողմից սեռական բռնության ենթարկվելուց հետո:

Մահացած տուժողի լիազոր ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախաքննության ընթացքում ամբողջովին չի բացահայտվել այն անձանց շրջանակը, որոնք կատարել են հանցագործությունը:

«Այստեղ նուրբ պահ կա, ի սկզբանե, այն ապացույցները , որոնք նախաքննական մարմինը հրապարակել է, չեն համապաստասխանում այն վարկածին, որն ի սկզբանե ներկայացվել է: Այն, որ սպանության մեջ մեղադրվողը մտել է տնակ ու ինքնաձիգով կրակոցներ արձակելով՝ երեք զինծառայող է սպանել, դա ֆանտազիայի ժանրից է: Որովհետեւ փոքրիկ տնակում մեկ կրակոցից բոլորը կարթնանային, ընդ որում ՝ նվազագույնը 10 կրակոց է զենքից արձակվել: Հետեւաբար՝ այդ վարկածից բացի հաշվի առնենք, որ բացի հրազենային վնասվածքներից ոչ հրազենային վնասվածքներ են եղել նաեւ տղաների վրա :

Այդ սպանությունները չէին կարող մեկ զինծառայողի կողմից կատարվել, ինչ վերաբերում է մեղադրյալի՝ սպանությունը կատարած զինծառայողի ցուցմունքը փոխելուն, ապա ցուցմունքը կարող են բազմիցս փոխել, բայց ճիշտ կլիներ, որ ճշմարտացի ցուցմունք տրվեր: Այն ապացույցները, որոնք առկա են քրեական գործի նյութերում, չեն խոսում այն մասին, որ երկրորդ անգամ տված ցուցմունքը ճշմարտացի է: Տված ցուցմունքը առնվազն պետք է համապատասխանի այն փաստերին, որոնք առկա են քրեական գործում, ինչը տվյալ դեպքում այդպես չէ: Հետեւաբար, ես գտնում եմ, որ առնվազն մի քանի անձի կողմից կատարված հանցագործություն էր, այսինքն՝ խմբակային սպանություն էր, եւ այն անձանց շրջանակը, որոնք կատարել են այդ դաժան սպանությունները, պարզված չէ»,- ասաց Հայարփի Սարգսյանը:

Ըստ նրա՝ սպանության մեջ մեղադրվողի նկատմամբ սեռական բռնության վարկածն էլ չի հաստատվել դատաբժշկական փորձաքննությամբ: Փաստաբանի խոսքով՝ դատաբժշկական փորձաքննությամբ հետք կամ որեւէ քերծվածք նրա վրա չի հայտնաբերվել, իսկ փորձաքննություն նշված զինծառայողն անցել է հենց դեպքի հաջորդ օրը. իսկ հետքերը առնվազն 13 օր մնում է:

«Ես իրականություն չեմ համարում սպանության մեջ մեղադրվող զինծառայողի հայտնած տեղեկությունը, թե իր նկատմամբ սեռական բռնություն է եղել դրա համար է ինքը կրակել այդ զինծառայողներին: Կրկնեմ՝ սա խմբակային սպանություն է, սպանողների շրջանակը՝ չբացահայտված»,- հավելեց փաստաբանը:

Ըստ նրա՝ սպանության մեջ դրդողի մարմնի վրա նույնպես եղել են վնասվածքներ:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031