Լրահոս
Օրվա լրահոսը

«Չստացվի, որ Վիգեն Բադալյանին անընդհատ վերցրինք, դրեցինք անիմաստ, բայց ՀՀ-ում չեն կարող լինել արտոնյալներ, չկան, բացառված է»․ Նիկոլ Փաշինյան

Հունվար 10,2023 23:13

«ՀՀ-ում չեն կարող լինել արտոնյալներ, չկան, բացառված է»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հարց հնչեց հովանավորչություն երեւույթի մասին՝ որպես օրինակ բերելով, որ «Վիվառո» ընկերության սեփականատեր Վիգեն Բադալյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը և Էդուարդ Աղաջանյանն իրենց հանգիստն անցկացրել են Վիգեն Բադալյանի հետ հունական Միկոնոս կղզում։ Դրանից հետո Վիգեն Բադալյանի եղբորորդին վերջերս ձեռք է բերել ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի՝ Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը, որը որպես կասկածելի ծագման գույք անցնում է քրեական գործով։ Բադալյաններին պատկանող «Ֆասթ Շիֆթ» ընկերության վճարային տերմինալները ապօրինի տեղադրվում են մայրաքաղաքի փողոցներում։ Վերջերս էլ նրանց պատկանող «Ֆասթ կրեդիտ» վարկային կազմակերպությունը գրանցվել է որպես բանկ։

Հարցին՝ այստեղ հովանավորչության կամ կոռուպցիոն ռիսկեր չի՞ տեսնում և միայն իշխանափոխության դեպքո՞ւմ է հնարավոր այս ամենին իրավական գնահատական տալ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ուզում եմ մի շատ կարևոր բան նշել, որը կլրացներ ձեր հարցը։ ՀՀ ընդունված օրենքներով և կառավարության որոշումներով՝ ՀՀ-ում շահումով խաղերի բիզնեսի գովազդի վրա դրվեց սահմանափակում։ Դա արգելվեց, դրան գումարած շահումով խաղերի հարկերում հարկային նոր հավելումներ առաջացան, և պիտի որ տեղյակ լինեք, որ Ձեր կողմից հիշատակված ընտանիքը հենց այդ բիզնեսի ամենախոշոր շահառուներից մեկն էր։ Հիմա խաղադրույք կատարելն այդքան հեշտ չէ, ինչքան նախկինում։ Տեսնում ենք, որ խաղադրույքների ոլորտում լուրջ անկում կա։ Վիգեն Բադալյանը և նրա ընտանիքը ՀՀ-ի ամենահարուստ մարդկանցից են եղել։ Դեռ 2018-ից շատ առաջ բիզնես են ունեցել։ Մենք մեր քաղաքականությամբ մարդկանց բիզնեսները փակելու քաղաքականություն երբեք չենք որդեգրել։ Բայց մյուս կողմից էլ Դուք ասում եք հանգստացել են․․․ ՀՀ հազարավոր քաղաքացիներ այդ նույն տեղում հանգստանում են»։

Լրագրողի հստակեցմանը՝ հարցը խոշոր գործարարի ուղեկցությամբ հանգստանալն է և զուգահեռ նրա բիզնեսների աճն է, Դուք այստեղ կապ չե՞ք տեսնում, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Եթե դուք տեսնում եք, ես որևէ սահմանափակում չեմ տեսնում, որ մենք դա նաև ձեր մասնակցությամբ հետաքննենք։ Նույն Ալեն Սիմոնյանը Վիգեն Բադալյանի հետ ինձ ծանոթացրել է 2011 թվականին՝ իմ՝ բանտից դուրս գալուց մեկ շաբաթ հետո պատահաբար փողոցում։ ԱԺ նախագահը ՀՀ-ում բարեբախտաբար ոչ մեկին չի կարող հովանավորել։ Կարող է հովանավորել վարչապետը։ Ես գիտեմ և բոլորը գիտեն, որ ես ոչ մեկին չեմ հովանավորում։ Բայց ես չեմ կարող մարդկանց ասել ձեր 20-30 տարվա ընկերներին մի բարևեք։ Նկատի չունեմ այն, որ բերանս կապած է, չեմ կարող ասել։ Ես ձև չեմ անում, բաց ասում եմ՝ ոչ մի սահմանափակում չեմ տեսնում։ Դուք անձամբ կարող եք ձեր հիմնավորումները ներկայացնել»։

Լրագրողը շարունակեց՝ այդ ընտանիքը կարողացել է քրեական գործով անցնող գույք ձեռք բերել, սովորական մի գործարար կարո՞ղ էր նման բան անել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Դա ուրիշ թեմա է։ ՀՀ-ում եղել է դեպք, երբ հետախուզվող մարդը օդանավակայանով ՀՀ-ից հեռացել է։ Այդ առիթներով պետք է քրեական վարույթ տեղի ունենա։ Այդտեղ ես ոչինչ ասել չեմ կարող։ Ինչի՞ կալանքի տակ չի եղել այդ գույքը, եթե քրեական գործով է անցնում, եթե կալանքի տակ է եղել, ո՞նց է, որ դա վաճառվել է։ Բայց դուք կարող եք հարյուր տոկոսով համոզված լինել, որ ԱԺ նախագահը կամ պատգամավորը լծակ չունեն դա անելու։ Եթե անեին, կարող էին ուրիշներն անել։ Որևէ սահմանափակում չեմ տեսնում։ Այդ դեպքերը պետք է քննվեն։ Այդպիսի դեպքեր կարող եմ ձեզ թվարկել։ Կարող եմ թվարկել կաշառակերության, ապօրինության դեպքեր։ Ձեր ասածի եզրակացությունն ի՞նչ է, որ Վիգեն Բադալյանը ՀՀ-ում արտոնյա՞լ է։ Բացառված է, չի կարող նման բան լինել։ Ում անունն ուզում եք տվեք, ուղիղ ասում եմ՝ չի կարող լինել այդպիսի բան։ Հիմա չստացվի, որ Վիգեն Բադալյանին անընդհատ վերցրինք, դրեցինք անիմաստ։ Բայց ոչինչ։ Չի կարող լինել այդպիսի բան։ Կարող են լինել ապօրինություններ, կարո՞ղ են լինել այդ ապօրինությունները իմ իմացությամբ, չեն կարող լինել։ Հետևաբար կարող են դրանք քննվել, պարզվելու դեպքում կլինի պատասխանատվություն, միանշանակ»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031