Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղի հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Լաչինի միջանցքում «ակցիան կշարունակվի», մինչև որ «էկոակտիվիսնտերի» բոլոր պահանջները կատարվեն: Նա նաև նշել է, որ եթե որոշ հայեր չեն ցանկանում ապրել որպես Ադրբեջանի քաղաքացիներ, ճանապարհը բաց է, և հանգիստ կարող են դուրս գալ:
«Մեր պահանջները լիովին արդարացի են՝ մոնիթորինգ, շահագործման դադարեցում: Եվ մենք կհասնենք դրան»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ ակցիան կշարունակվի այնքան ժամանակ, մինչև որ իրենց բոլոր պահանջները կատարվեն:
Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքի որևէ արգելափակում չկա, քանի որ և՛ ռուս խաղաղապահները, և՛ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը պարբերաբար օգտվում են ճանապարհից, և այս ընթացքում այնտեղով անցել է ռուս խաղաղապահների մոտ 400 բեռնատար:
«Քանի՜ անգամ է մեզ դիմել Կարմիր խաչը, և մենք թույլտվություն ենք տվել»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Ըստ այդմ, ըստ Ադրբեջանի նախագահի, հայկական կողմի հայտարարությունն այն մասին, որ ճանապարհը փակ է, «հերթական հակաադրբեջանական շոուն է»: «Հայաստանը և նրա հովանավորները հույս ունեն, որ դրանով ինչ-որ բանի կհասնեն, իրականում նրանք որևէ բանի չեն հասնում: Մենք օրինական պահանջներ ունենք: Մեզ թույլ չեն տվել անցկացնել հանքի անօրինական շահագործման մոնիթորինգ, հենց այնտեղ շոու են սարքել, … ուստի Խանքենդի-Լաչին [Ստեփանակերտ-Բերձոր – Առավոտ] ճանապարհի իրադարձություններն անվանել շրջափակում՝ պարզապես անարդար է»,- ասել է Ալիևը:
Նա նաև դիմել է Արցախի հայերին՝ նշելով, որ Բաքուն կապահովի բոլոր անհրաժեշտություններով բոլոր նրանց, ովքեր կմնան և կապրեն Ադրբեջանում»:
«Ես արդեն ասել եմ, ևս մեկ անգամ եմ ուզում ասել, որ բոլոր նրանք, ովքեր այնտեղ [Ստեփանակերտում – Առավոտ] ցանկանում են ապրել Ադրբեջանի դրոշի ներքո, նրանք՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, կապահովվեն պայմաններով, իրավունքներով և անվտանգությամբ: Վերջին դեպքը մի հայի հետ, որը ցանկանում էր ծխել և արդյունքում երկու տուփ ծխախոտ ստացավ, խոսում է այն մասին, որ մենք կապահովենք ոչ միայն նրանց իրավունքներն ու անվտանգությունը, այլև նրանք շատ ավելի լավ կապրեն: Դա մեզ համար մեծ հաշվով խնդիր չէ: Եթե ժամանակին մեր դեմ անջատողական շարժում չսկսվեր, այսօր նրանք կարող էին ապրել այն մակարդակում, որն ունի Ադրբեջանի ցանկացած շրջան. նրանց կյանքի այսօրվա պատկերը բոլորի աչքի առաջ է, հայտնի է՝ ինչ պայմաններում են նրանք ապրում: Եթե նրանցից ոմանք չեն ցանկանա Ադրբեջանի քաղաքացի լինել՝ Լաչինի միջանցքը բաց է, նրանք կարող են ինքնուրույն հեռանալ, ոչ մեկ նրանք չի խանգարի, քանի որ կարող են գնալ խաղաղապահների բեռնատարներով կամ ավտոբուսներով»,- ասել է Ալիևը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ