Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում մի շարք սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին:
«Ես անկեղծորեն հույս ունեի, որ մինչև տարեվերջ մենք կկարողանանք ստորագրել խաղաղության պայմանագիրը, բայց դա չեղավ: Ինչի՞ է սպասում Հայաստանը: Գուցե ինչ-որ աշխարհաքաղաքական փոփոխությունների, գուցե էլի ինչ-որ բանի, գուցե որևէ մեկը նրան ինչ-որ բան է խոստացել: Քանի որ տարածաշրջանում իրավիճակի օբյեկտիվ վերլուծությունը, ուժերի հավասարակշռությունը, երկու տարվա վաղեմության և անցյալ տարվա սեպտեմբերի իրադարձություններին աշխարհի արձագանքը ցույց է տալիս, որ խեղդվողի փրկությունն իր՝ խեղդվողի ձեռքի գործն է»,- ասել է Ալիևը:
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի կնքման ժամկետներին՝ նա ասել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի առաջարկները «որոշ ժամանակ կմնան սեղանին»:
«Հետո մենք ակտիվություն չենք ցուցաբերի: Եթե չեն ցանկանում սահմանազատում, նշանակում ՝ սահմանը կանցնի այնտեղով, որտեղով հարկ կհամարենք: Ես արդեն ստիպված եմ նման եզրեր օգտագործել: Սահմանը դելիմիտարիզացված չէ, իսկ ով է ասել, որ այն պետք է անցնի այնտեղով, ոչ թե այստեղով: Ես կածում եմ, որ այն անցնում է այստեղով, ես ունեմ հիմքեր դրա համար՝ պատմական և քարտեզագրական: Ուստի, դա ավելի շատ նրանց շահերից է բխում, քան մեր»,- ասել է նա:
Կարդացեք նաև
«Չի լինի խաղաղության պայմանագիր՝ թող չլինի: Մենք այսպես էլ կարող ենք ապրել երկար: Ինչ կլինի հետո՞: Հետո կերևա: Այնպես որ, կարծում եմ, որ նրանք կլսեն իմ ուղերձները և ճիշտ եզրակացություն կանեն: Ես կրկին, չեմ ուզում թվա, որ ճնշում եմ գործադրում… Բայց պարզապես ստիպված եմ ևս մեկ անգամ ասել, որ այս տարին կլինի վերջին հնարավորությունը: Հետո կգա 2024թ-ը, հետո 2025թ. կավարտվի Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը: Ախր մի քիչ կարող են չէ՞ սեփական քթից այն կողմ նայել»,- եզրափակել է Ալիևը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ