Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյան․ «Իսկ գուցե Ալեն Սիմոնյանի եղբոր փռած ասֆալտը ուշադիր չե՞ն ստուգում, թերությունների վրա աչք են փակում»

Հունվար 10,2023 21:01

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսում Civilnet-ի լրագրողը՝ մի քանի օրինակներ բերելով, փորձեց պարզել, թե ինչու պաշտոնանկություններ կամ համարժեք արձագանք չի լինում, երբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք պետական գնումներում մրցույթ են շահում, որը կոռուպցիոն ռիսկ է պարունակում, կամ երբ հովանավորչություն է լինում եւ այդ պաշտոնյաներն ու նրանց ընտանիքի անդամներն են ներգրավված լինում այդ երեւույթներում։ Լրագրողն օրինակ բերեց այն ընկերությունը, որի տնօրենն է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը, մեկ էլ օրինակ էլ Տիգրան Ավինյանին էր վերաբերում։ Փաշինյանն, ըստ նրա պատասխանի, որեւէ կոռուպցիոն ռիսկ չի տեսնում։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն այս խնդիրն այլ դիտանկյունից է վերլուծում։ Նա Aravot.am-ի հետ զրույցում ասում է՝ Ալեն Սիմոնյանի կոռուպցիոն դրսեւորումների մասին մի քանի հրապարակումներ եղել են, այդ թվում՝ Fip.am-ում, իսկ ահա նրա եղբոր հետ կապված փաստահեն նյութեր չունի, որպեսզի դրան անդրադառնա, նույնը՝ Ավինյանի մասին։ Սակայն Իոաննիսյանը ուշադրություն է հրավիրում առհասարակ պետական գնումների գործընթացին։

«Մեր կազմակերպության առաջիկա տարիների ծրագրերում են գնումների գործընթացին խորությամբ հետեւելը։ Մենք ուզում ենք հասկանալ գնումների գործընթացի խնդիրները, նաեւ հասկանալ, թե հասարակությունը գնումների գործընթացի ո՞ր մասն է աչքաթող անում, կամ՝ ո՞ր բացերից են կոռուպցիոներն օգտվում եւ այլն։ Այդ ուսումնասիրություններից հետո հարցին կկարողանամ ավելի խորությամբ պատասխանել։ Հիմա դժվար է ասել՝ եթե Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը մրցույթը հաղթել է, քանի որ ավելի էժան գին է առաջարկել, խնդրահարույց բան եղե՞լ է, թե՞ ոչ։ Դրա համար փաստահեն պատասխան պիտի տամ, որը չունեմ»,-ասաց Իոաննիսյանը։

Մեր դիտարկմանը՝ արդյոք ԱԺ նախագահի եղբայր լինելը գործոն չէ՞, որ այդ մրցույթներում հենց այդ ընկերությունն է շահում, եւ եթե նման բան լիներ նախկինում եւ Սերժ Սարգսյանի եղբոր ղեկավարած ընկերությունը շահեր, մեծ աղմուկ կլիներ, որքան էլ ասեին՝ ցածր գին է առաջարկել, Իոաննիսյանը պատասխանեց․«Կոնցեպտուալ տարբերություն կա այստեղ՝ այո, հիմա տենդերներն ավելի շատ են, քան շահողները, եւ եթե դուք էլ շինարարական ընկերություն ունենայիք՝ ձեզ էլ մի բան կհասներ, ի տարբերություն Սերժ Սարգսյանի ժամանակների։ Բայց ինձ շատ հետաքրքիր է՝ Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը իրո՞ք ասֆալտը պատշաճ որակի է անում։ Իսկ գուցե Սիմոնյանի եղբոր փռած ասֆալտը ուշադիր չեն ստուգում, թերությունների վրա աչք են փակում։ Նման բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները չես չունեմ։ Ես հույս ունեմ, որ լրագրողական համայնքը, ՀԿ-ները կուսումնասիրեն այս խնդիրները եւ կօգտվեն օրենքի հնարավորությունից, որը թույլ է տալիս գնման-հանձնման գործընթացում ներկա լինել, ուսումնասիրեն, փաստեր հավաքեն ասենք՝ Ալեն Սիմոնյանի եղբայրը ազնի՞վ է բիզնեսով զբաղվում, այնպիսի փաստահեն նյութեր հավաքեն, որ Փաշինյանն ու իրավապահները չկարողանան խուսափող պատասխաններ տալ»։

Մեր մեկ այլ դիտարկմանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը  հանկարծ ԱՄՆ-ում 585 հազ․ դոլարով տուն է գնում, ձեռք է բերում «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի 88,13 %-ը, ու ընկերությունը սկսում է մեծ հաջողություններ գրանցել պետական գնումների մրցույթների ճանապարհաշինության ոլորտում, կամ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանին պատկանող «Արգավանդ կահույք»-ը պետական տարբեր մարմինների հետ պայմանագրեր է կնքում, ընդ որում, ըստ հրապարակումների, Նարիբեկյանը Ալեն Սիմոնյանի մտերիմն է, արդյոք այստեղ կոռուպցիոն ռիսկ կամ հովանավորչություն չկա՞, Իոաննիսյանը կրկին խնդրին այլ տեսանկյունից անդրադարձավ։ Ըստ նրա, օրինակ՝ այդ «Արգավանդ կահույք» ընկերությունը, ինչպես հիմնավորում են, մրցույթով է շահում որոշ տենդերներ, իսկ ահա տեխնիկական առաջադրանքն ո՞վ է գրում․ «Բնականաբար, կամ Վահան Նարիբեկյանը, կամ իր ենթական։ Խնդիրը պետք է դիտարկել այն իմաստով, որ գուցե այնպես են գրում, որ հենց այդ արտադրամասը շահի։ Իսկ ո՞վ է ստուգում մատակարարված ապրանքը պատշաճ որակի՞ է, թե՞ ոչ։ Իսկ գուցե որակը լավը չէ,  բայց քանի, որ ընդունող- հանձնողը նույն մարդն է՝ աշխատակազմի ղեկավարն է, նա աչք է փակում դրա վրա։ Ես պարզապես հարցեր եմ բարձրացնում, որպեսզի հանրությունը, այդ թվում լրագրողները ուսումնասիրեն այս խնդիրները»։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031