Լրահոս
Օրվա լրահոսը

«Արևմուտքը Նիկոլին հստակ հասկացրել է, որ պետք է մտնել Թուրքիայի ողորմածության տակ». Արտակ Զաքարյան

Հունվար 10,2023 18:25

Aravot.am-ի զրուցակիցն է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը

Այսօր կայացած ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀն նպատակահարմար չի գտնում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը Հայաստանում, քանի որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտին հայտնի չէ ու նման իրավիճակում զորավարժությունները կարող են թուրքադրբեջանական տանդեմի համար սպառնալիք ստեղծել: Ինչպե՞ս եք վերաբերվում նման մտահոգություններին: ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումից հրաժարվելը ի՞նչ լրացուցիչ խնդիրներ կարող է առաջացնել Հայաստանի համար:

-ՀԱՊԿ-ի զորավարժությունները Հայաստանում չանցկացնելը ՀՀ-ին ոչինչ չի տալու: Դա ևս մեկ հիմնավոր կասկած է, որ այս իշխանություն կոչվածները սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը: Հատկապես, որ ըստ Նիկոլի` այն չի կայացել, որպեսզի Ադրբեջանը իր դեմ սպառնալիքի առիթ չզգա: Զորավարժությունները պետք է ունենային նպատակ` ուղղված հավանական հակառակորդի ռազմական գործողությունների դեմ: Հասկանալի է, թե մեր տարածաշրջանում ովքեր են Հայաստանի և ՀԱՊԿ-ի հավանական հակառակորդները: Նիկոլը վախեցել է անգամ ՀԱՊԿ համատեղ զորավարժություն կազմակերպել, այն դեպքում, երբ Արցախում և Հայաստանում ՌԴ զորամիավորումներ են կանգնած: Իսկ երբ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են անցկացվում, որի թիրախը Հայաստանն է, այդ դեպքում ինչու՞ պաշտոնական Երևանը չի արձագանքում դրա դեմ:

Նիկոլ Փաշինյանն ասաց նաեւ ուկրաինական պատերազմի ֆոնին, Բաքուն Արեւմուտքում գեներացնում է այն տրամադրությունները, թե ՀՀի եւ ՌԴի ռազմական համագործակցությունը սպառնալիք է Ադրբեջանի համար եւ ըստ Փաշինյանի, այս պայմաններում, երբ Ադրբեջանն ագրեսիա է իրականացնում Հայաստանի դեմ եւ ՌԴն չի արձագանքում, ստացվում է, որ ՌԴի ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ թե ՀՀ անվտանգության երաշխիք է, այլ սպառնալիք: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը, ի՞նչ հնարավոր քայլեր կհետեւեն սրան:

-Սա մեկնաբանել պետք չէ: Սա նշանակում է մեկ բան` Նիկոլը պետության անվտանգության սպառնալիքներից ոչինչ չի հասկանում, կամ էլ հենց Նիկոլն է մեր պետության անվտանգության հիմնական սպառնալիքը: Հնարավոր այլընտրանքային քայլեր չկան: Արևմուտքը Նիկոլին հստակ հասկացրել է, որ պետք է մտնել Թուրքիայի ողորմածության տակ, այլապես ՀԱՊԿ-ին ու ՌԴ-ին այլընտրանք չունեք: Արևմուտքը չի պատրաստվել, և հիմա էլ չի պատրաստվում լինել ՀՀ և Արցախի անվտանգության իրական երաշխավորը` բացառությամբ բանավոր հայտարարությունների:

Ընդհանուր առմամբ, ի՞նչ տպավորություն ստացաք ասուլիսից, ի՞նչ կարեւոր ուղերձ կար, որը ասուլիսի միջոցով հրապարակ նետվեց:

Տպավորությունս հետևյալն է. Նիկոլից և իր կառավարությունից ոչ մի սպասելիք հայ ժողովուրդը չունի: Դա գրեթե ասվեց բաց տողատակերով:

– Հետեւաբար, ո՞րն է ընդդիմության ճանապարհային քարտեզը:

-Ընդդիմության ճանապարհային քարտեզը առավել քան հստակ է. փոխել երկրի «իշխանություններին», հնարավորություն ստանալ լիարժեք տեղեկանալու բանակցային բուն գործընթացից և տեղի ունեցած բազմաթիվ բանավոր խոստումներից, գնահատել արտաքին և ներքին սպառնալիքներն ու առկա հնարավորությունները (դրանք կան և քիչ չեն) և անցնել ՀՀ-ի ու Արցախի անվտանգային նոր միջավայրի ձևավորման դժվար և պատասխանատու աշխատանքին: Դա պետք է իրականացվի համահայկական ներուժի, նվիրյալների, արտաքին ուժերից անկախ և մեծ փորձ ունեցող մարդկանց միջոցով:

Մի բան, որը դեռ չի հաջողվում:

-Այո, բայց ուրիշ տարբերակ գործնականում չկա, հրաշքներ չեն լինում:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031