Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրած ասուլիսում պատասխանելով Aravot.am-ի հարցին ու անդրադառնալով պատերազմի հետեւանքներին, ասաց. «Մենք չգիտեի՞նք, որ այդպես է լինելու: Մենք, դուք պատրա՞ստ էինք գնալ թուղթ ստորագրել, որ տարածքները վերադարձվում են, 5-ը վերադարձվում են, չգիտեմ այն երկուսն ինչ են լինում, ժամանակավորապես են վերադարձվում, Ղարաբաղի հարցն առանց կարգավիճակի ճշգրտման ու առանց կարգավիճակի հեռանկարի: Հա՞, մենք բոլորս պատրա՞ստ էինք դրան: Հիմա հետահայաց կարող ենք ասել՝ հա, լավ կլիներ այդպես լիներ: Իհարկե, կարող ենք ասել, բայց էլի մենք հայի հետին խելքի զոհն ենք գուցե»:
Մենք ճշտեցինք՝ մենք իսկապես պատրաստ չէինք, բայց դուք գերագույն հրամանատարն եք եղել 2020-ի պատերազմի ժամանակ, ձեզ զեկուցել են, դուք պիտի տիրապետեիք իրավիճակին, ծանրութեթեւ անեիք եւ ձեր որոշման պատասխանատվության մասին է խոսքը, մենք պատրաստ չէինք, բա դո՞ւք: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես էլ պատրաստ չէի, որովհետեւ ես հո օդից ընկած չեմ, ես որտեղի՞ց եմ եկել: Բա ես էլ քաղաքական կենսագրություն ունեմ, ես էլ պատկերացում ունեմ, ես էլ ընկալում ունեմ: Պրոբլեմն այդտեղ չի ամենեւին, որ ես պատրաստ չեմ եղել կամ այսօր պատրաստ չեմ: Ավելին ասեմ՝ ես պատրաստ եմ եղել զիջման, այլ բան, որ այդ զիջման սահմանը չեմ տեսել՝ մինչեւ ո՞ւր պետք է զիջեմ, որ ամեն ինչ ավարտվի, մինչեւ ո՞ւր: Եթե զիջման չափը տեսանելի է, գիտես, որ դու այսքանը պետք զիջես եւ վերջ, այս պատմությունն ավարտվում է, դու կարող ես դա լրջորեն քննարկել, բայց այն բովանդակությունը, որն եղել է, այսօր պրոբլեմը դրա մեջ է: Իհարկե, ճիշտ եք ասում՝ դուք ձեր գործով եք զբաղվում, ես իմ գործով, ինչի՞ պիտի ես իմ գործի մեջ ձեր վրա պատասխանատվություն դնեմ: Ես այսօր էլ եմ պատրաստ կրել այդ պատասխանատվությունը եւ հայտարարել եմ՝ իմ պրոբլեմն ուղիղ ասում եմ՝ պարզ չի, թե որտեղ է այդ զիջման կամ փոխզիջման ճկունության սահմանը, որ գամ ասեմ՝ ժողովուրդ, տեսեք, այս զիջումն արվել է, բայց վերջ: Պրոբլեմն այդ է, որ գիծը չի երեւում զիջման, որ այդքանը զիջեցիր՝ դրանով ավարտվեց պատմությունը: Իշխանությունը կարող է դրանից հետո հրաժարական տա, ժողովուրդը նոր իշխանություն ընտրի, նախորդ իշխանությանն ասի՝ դավաճան էր, այդքան զիջում արեց, բայց դրա արդյունքում դա կլինի ներքին դիսկուրս՝ առանց արտաքին մարտահրավերների: Այդ սահմանը չի երեւում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ