«Իրենք բարձրացնում են անկլավների թեմա, մենք էլ ունենք այդ թեման։ Արծվաշենը ՀՀ ինքնիշխանության մաս է, որն այսօր Ադրբեջանի վերահսկողության ներքո է»,- շուրջ երեք ժամ տևած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի այն հայտարարություններին, թե սահմանագծման ու սահմանազատման արդյունքում պարզվել է, որ ՀՀ-ն Ադրբեջանին պետք է վերադարձնի ութ գյուղ։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանն այս թեմաներն օգտագործում է հայ հանրության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու համար։ Նիկոլ Փաշինյանը փաստեց՝ 1990-ականներից Պառավաքար, Վազաշեն, Բերքաբեր գյուղերից օկուպացված տարածքներ կան։ Ըստ ՀՀ վարչապետի՝ պետք չէ խուճապ ստեղծել, բանակցությունները հենց խնդիրները լուծելու համար են։ Միևնույն ժամանակ ասաց․ «Լուծումները երազանքի լուծումներ չեն լինելու, մեր պետականության ապահովման համար պետք է մենք տարածաշրջանում մեր հարաբերությունների որակը փոխենք։ Մեր ներսի խոսակցության որակը պետք է փոխվի»։
Լրագրողները հիշեցրին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները, որտեղ նա, հղում կատարելով Պրահայի հայտարարության մեջ Ալմաթիի հայտարարությանը, նշել էր, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Ալիևի հետ։ Հստակեցմանը՝ այսինքն՝ Դուք համաձայնե՞լ եք, որ Արցախն ի վերջո պետք է լինի Ադրբեջանի կազմում խաղաղության պայմանագրով կամ այլ տարբերակով, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Այնտեղ կա պայմանավորվածության արձանագրում, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991-ի Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Մեր մտահոգությունն այն է, որ Ադրբեջանի նախագահը վերջին շրջանում անընդհատ ասում է, որ ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ենթադրում եմ՝ հղում կատարելով Պրահայի փաստաթղթին, բայց չի ասում, որ Ադրբեջանն էլ ճանաչել է ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը։ Նախ կարևոր է այս հարցում պարզաբանել՝ Ադրբեջանը ճանաչո՞ւմ է ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը, եթե այո, ապա ՀՀ-ն էլ ճանաչում է Ադրբեջանինը»։
Հարցին՝ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում ՀՀ-ի, ՌԴ-ի և Արևմուտքի դիրքորոշումները համընկնո՞ւմ են, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ադրբեջանի դիրքորոշումն է, որ Ադրբեջանի քաղաքացիները ՀՀ-ի տարածքով պետք է անցնեն ոչ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Հայ սահմանապահները և մաքսային ծառայությունները առնչություն պետք է նրանց հետ չունենան։ Մենք ասում ենք՝ այս տրամաբանությունը մեզ համար հասկանալի չէ։ Եթե գնում ենք խաղաղության օրակարգով, ապա դա թշնամության հետագա օրակարգի շարունակությունն է։ Մենք համաձայն չենք այնպիսի կարգավորումների, որ ՀՀ -ի ինքնիշխանությունը կնվազեցնի։ Մեզ թվաց, թե մեր ու ռուս գործընկերների դիրքորոշումները համընկում են։ Դրա հիման վրա ՌԴ փոխվարչապետը պատրաստեց նախագիծ,և ես ասացի՝ պատրաստ եմ ստորագրել։ Ադրբեջանը հրաժարվեց։ Ես առաջարկել էի, որ այդ փաստաթուղթը ստորագրենք 2022-ի դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում։ Ես այսօր էլ եմ պատրաստ դա ստորագրել, բայց նախնական տեսքով, քանի Ադրբեջանը մի շատ կարևոր պարբերություն այնտեղից հանել էր։ Առաջարկել ենք նաև միջազգային օպերատոր հրավիրել, որ սահմանային հսկողություն իրականացի։ Ադրբեջանն այդ տարբերակին էլ համաձայն չէ։ Բոլոր մեր առաջարկությունները մնում են ուժի մեջ»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ