Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞րն է ձեր պատիժը՝ այս երկրային կյանքում. Փաշինյանը թվարկում է՝ «Ամենամեծ պատիժն այն է, որ այդ ամեն ինչը թափվել է իմ գլխին, դրանից ավելի լավ պատիժ ուզո՞ւմ եք»

Հունվար 10,2023 17:40

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում Aravot.am-ի հարցը վերջինն էր եւ հնարավորություն ունեցանք որոշ չափով ամփոփել այս կառավարության քաղաքականության սխալներն ու հարցնել հետեւյալը. «Երբ ձեզ ասում էին՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունները ձախողում եք, ՀՀ-ԵՄ հարաբերությունները տապալում եք, ասում էիք՝ դուք ձեր դարդը լացեք, Երրորդ հանրապետության պատմության մեջ հայ-ռուսական հարաբերությունները չեն եղել ավելի բարձր մակարդակի, ավելի վստահելի, քան այսօր: Հիմա Արցախի շրջափակման պարագայում արցախցիները ձեր խոսքով ասած՝ իրենց դարդն են լացում, մենք այստեղ մեր դարդն ենք լացում եւ դա ուղիղ պատասխանն է այդ հարաբերությունների ստացված կամ չստացված լինելու: Երբ նախկինում դուք որոշակի սխալներ էիք թույլ տալիս, դա ներվում էր, որովհետեւ ասում էինք՝ անփորձ, նոր կառավարություն է՝ ժողովրդի ծոցից դուրս եկած այսպես ասած, հիմա ձեր որեւէ սխալ այլեւս չի ներվում, որովհետեւ մոտ 5 տարի իշխանության եք: Դուք ԱԺ-ում ամեն կերպ փորձում եք արդարացնել, թե 2010-ի «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվել է, 2007-ին Արցախը Ադրբեջանի կազմում է ճանաչվել եւ սա քննադատվում է ընդդիմության կողմից, որ հայատյաց քաղաքականություն եք վարում: Ի վերջո, դուք ԱԺ ամբիոնից հայտարարեցիք, որ դուք մեղավոր եք , կարող էին այսքան զոհեր չլինել… Ցանկացած մեղավորություն ենթադրում է որոշակի պատիժ, հիմա ո՞րն է ձեր պատիժն այս երկրային կյանքում»։

Փաշինյանը պատասխանեց. «Երկրային կյանքում սա էլ է պատիժ: Իրականում այն, ինչ դուք ասում եք՝ հասկանալի է: Ինչ վերաբերում է պատժին, պատիժը քրեաիրավական հասկացություն է եւ համոզված եղեք, եթե պատժի արժանի որեւէ գործողություն իրականացրել եմ, այդ պատիժն անխուսափելի է եւ վրա կհասնի որևէ պահի, որովհետեւ ՀՀ-ում գործում է պատժի անխուսափելիության սկզբունքը»:

Փաշինյանն ասաց, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին մեր ասածը հասկանալի է, բայց մենք ուզո՞ւմ ենք հասկանալ ինչ է տեղի ունեցել. «Ձեր ասածի հետ իմ պրոբլեմը նրանում է, որ ինչ-որ պահի այդ խոսույթը ուղղակի խանգարում է ու թույլ չի տալիս հասկանալ այն, ինչ իրականում տեղի է ունեցել 2018, 2019, 2020, 2022, 2015, 2016, 2011, 2007, 1999, 1994, 1998 թվին: Ես այդ ամեն ինչի հետ պրոբլեմ չունեմ, դա հնչում է ԱԺ-ում, սոցցանցերում, այդտեղ պրոբլեմն այն չի, որ ինչ-որ մեկը ինձ կարա ասի դավաճան, նույնիսկ պրոբլեմն այն չի, որ ինչ-որ մեկը կարա հայհոյի, պրոբլեմն այն է, որ այդ ամեն ինչը իրականում ծառայեցվում է չհասկանալու մեր պրոբլեմին: Իսկ մեր պրոբլեմն ավելի խորն է ու կապված է այն ամենի հետ, ինչի մասին ես իմ ամանորյա ուղերձում բավականին բաց եւ թափանցիկ ասել եմ: Ես այսօր էլ եմ ասում՝ մեր ու ՌԴ-ի մեջ երբեք ավելի վստահելի հարաբերություն չի եղել, որովհետեւ այսօր ինչ ձեզ հետ խոսել եմ, մեր որեւէ գործընկեր չի կարող ասի, որ ես մամուլից իմացա, որ ձեր մտքում այդպիսի բան կա: Շատ վստահելի է, բայց դրանից իրողությունները չեն փոխվում»:

Նա ասաց, որ անվտանգության ոլորտի փոխադարձ պարտավորությունների մասին այդ պրոբլեմը գոյություն է ունեցել դեռ իրենից առաջ:

Խոսելով պատժից՝ նա ասաց. «Ամենամեծ պատիժն այն է, որ այդ ամեն ինչը թափվել է իմ գլխին: Դրանից ավելի լավ պատիժ ուզո՞ւմ եք: Եթե ձեզ թվում է, որ դրանից ավելի լավ պատիժ հնարավոր է որեւէ մեկին տալ, այնքան եք սխալվում: Ես բանտում եղել եմ եւ մինչեւ հիմա, իմ մտերիմները գիտեն, բանտում իմ անցկացրած շրջանը հիշում եմ շատ պոզիտիվ երանգներով: Եթե որեւէ մեկին թվում է, որ դրանով ինձ պատժած է եղել, չարաչար սխալվում է: Այդ պատիժ ասածը, մարդկանց թվում է, թե սղոցով կտրտելն է ձեռները եւ այլն, դա էլ է պատիժ: Չեմ ասի, որ դա պատիժ չի, բայց դուք հասկանում եք, որ այն, ինչ տեղի է ունեցել 2020-ին, շատ երկար իրադարձությունների կուլմինացիա է: Ձեզ թվում է՝ այն, ինչ այսօր աշխարհում տեղի է ունենում, կապ չունի՞ 2020-ի իրադարձությունների հետ: Ես չեմ արդարացնում, ամեն ինչ ասացիք, ամեն ինչի հետ 100 տոկոսով համաձայն եմ, ստորագրեմ տակը, հարցը դա չի, բայց ես ուզում եմ, որ դուք, մենք բոլորս ավելի լավ հասկանանք այն, ինչ տեղի է ունենում: Իսկ տեղի է ունենում մի բան, որ հիմա աշխարհը փլուզվում, քանդվում է: Ինչպես այն մի փլուզումը, որ սկսել է Ղարաբաղի հարցից՝ 88-ի փետրվարի 20-ից, ոչ թե դա պատճառ է եղել, այլ նշան է եղել, նույնը հիմա է: Հա, կարող էին զոհեր չլինեին, 2020-ի սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 8-ը կարող էին զոհեր չլինեին, բայց դա չի նշանակում, որ 2021-ի հոկտեմբերի 6-ից փետրվարի 17-ը այդ նույն զոհերը կամ կրկնակի ավելի զոհեր չէին լինի: Հասկանո՞ւմ եք, ամեն ինչը գին ունի, եւ մենք այդ գինը վճարել ենք, վճարում ենք եւ պիտի վճարենք: Բայց ինչի՞ համար ենք վճարել: Մենք չգիտեի՞նք, որ ի վերջո այս պատմության վերջը այսպես է լինելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nina says:

    Փաշինյանի համար վերացական պատիժներ չկան, ամեն ինչ լինելու է քրեական օրենսգրքի շրջանակներում։ Անմեղության կանխավարկածի հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ, Փաշինյանը քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ արդեն իսկ առերևույթ խախտել է, և նորմալ հետաքննության պարագայում երկարամյա բանտարկություն է սպասվում իրեն։ Դրա համար պետք է բանտային բարեփոխումներին լուրջ ուշադրություն դարձնի, իր ամենաապահով ապագայի համար

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031