Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե ես իմանայի՝ ընդդիմադիրների՝ վրան խփելով հարցը կլուծվի, գուցե ինքս խնդրեի, ասեի՝ վրան խփեք»․ Նիկոլ Փաշինյանը՝ Լաչինի միջանցքի մասով ընդդիմության վարքագծի հարցի առիթով

Հունվար 10,2023 17:13

«Ցավոք, միայն սեպտեմբերից հետո չէ, որ ունենք անհետ կորածներ։ 44-օրյա պատերազմից էլ դեռ շուրջ 200 անհետ կորածներ ունենք»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Փաշինյանը։ Նա նշեց, որ այս հարցով հանձնաժողովը վերակազմավորվել է․ աշխատում են ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ։ Վարչապետը շեշտեց՝ շարունակում են ջանքեր գործադրել։ Հաղորդակցության մեջ են անհետ կորածների հարազատների հետ։ Պիտի շարունակեն աշխատել այնքան, քանի դեռ խնդիրը լուծված չէ։ Խոսելով Ադրբեջանի՝ գերիներին չվերադարձնելու դրդապատճառների մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Դա լծակ է ՀՀ-ի նկատմամբ ճնշում գործադրելու համար, որ ՀՀ կառավարությունը, այդ թվում ներքին ճնշումների ազդեցության տակ գնա որոշումների, որոնք չեն համապատասխանում ՀՀ շահերին։ Դա արվում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումով։

Հարցին՝ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններ ընթանո՞ւմ են Լաչինի միջանցքի բացման հարցով, և արդյոք Ադրբեջանը Լաչինի միջանցքը չի՞ փակել այսպես կոչված Զանգեզուրի միջանցք ստանալու համար և այն, որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտականությունները, սա որքանո՞վ է տեղավորվում ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությունների մեջ, Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց․ «Չէի ասի, որ ռուս խաղաղապահներն իրենց պարտականություններն ընդհանրապես չեն կատարում։ Կոնկրետ իրավիճակներ ասացինք՝ Լաչին, Խծաբերդ, Փառուխ։ Մենք այդ կետերը նկատի ունենք։ Կողմը, որը պետք է քննարկի այդ հարցերը, ԼՂ ժողովրդի ընտրված ներկայացուցիչներն են։ Իրենք պիտի քննարկեն և որոշում կայացնեն․ մենք իրենց աջակցում ենք։ Եռակողմ հայտարարության 6-րդ կետով ՀՀ-ն անելիք չունեի։ Դա ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող գոտի է»։

Անդրադառնալով Զանգեզուրի միջանցքի հետ կապված մտահոգություններին՝ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց․ «Ինչպես ասել եմ, բացառում եմ ՀՀ-ի տարածքով արտատարածքային միջանցքի գոյությունը։ Եթե ասեն՝ բանավոր պայմանավորվածություն, խոստում է եղել, դրանք ապացուցելի անհեթեթություններ են»։

Լրագրողները հիշեցին նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի «հավաստի աղբյուրին» ու հարցրին՝ դա Նիկոլ Փաշինյա՞նն է, ՀՀ վարչապետը կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց․ «Իմ այսօրվա օրակարգը մի փոքր ավելին է, քան ՀԺ-ի թեմաներով զբաղվելը»։

Դիտարկմանը՝ Լաչինի միջանցքը փակ է, մինչդեռ ՀՀ ընդդիմադիրները լուռ են, անգամ վրաններ չեն տեղադրում, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Եթե ես իմանայի՝ ընդդիմադիրների՝ վրան խփելով հարցը կլուծվի, գուցե ինքս խնդրեի, ասեի վրան խփեք։ Միշտ չէ, որ ակնհայտ գործողությունները բերում են արդյունքի»։

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ Լաչինի միջանցքի հետ կապված հարցերով միշտ բոլոր սլաքներն ուղղում եք դեպի ռուս խաղաղապահներ, բայց չե՞ք կարծում, որ ՀՀ իշխանությունն իր մեղքն ունի, մասնավորապես ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու տեսական և գործնական հնարավորություն չկա, ուստի սա չի՞ կարող Ադրբեջանը որպես խաղաթուղթ օգտագործել ու ասել, որ Լաչինի միջանցքի հարցը ներպետական է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ես ընդամենը կարդում եմ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստը։ Համաձայն եմ, որ կարող եք իմ արած որևէ հայտարարություն գնահատել այս կամ այն կերպ։ Բայց իմ արած որևէ հայտարարությունից 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ հոդվածի տեքստը չի փոխվում։ Ձեր հարցի՝ իմ հայտարարությանը վերաբերող մասի առիթով էլ ասեմ, որ մեկը մյուսի հետ կապ չունի»։

Լրագրողները Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի կողմից հուսախաբ լինելու մասին հայտարարության առիթով հարցրին՝ արդյոք ո՞ր դեպքում կարելի է համարել, որ արդեն հուսախաբ լինելու ժամանակն է, արդյոք արևմուտքի հետ օրակարգն ակտիվացնելու, նրա հետ այս հարցերի լուծումը կապելու կարիք չկա՞, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Բոլորի հետ պիտի աշխատենք։ Որպես անկյունաքար ԼՂ-ում՝ սեփական հայրենիքում ապրելու՝ ԼՂ ժողովրդի կամքն է։ Պետք է աշխատել արևմուտքի, ՀԱՊԿ-ի, այլ երկրների հետ։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից հիասթափությանը, ապա այն, որ մենք ՀԱՊԿ-ի երևանյան գագաթաժողովի հռչակագիրը չստորագրեցինք, դա էլ է հիասթափության դրսևորում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031