Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի դիրքորոշման պատճառով Արցախի բնակչությունը կանգնել է նաև էներգետիկ ճգնաժամի առջև»

Հունվար 10,2023 16:49

Արցախի կառավարության թարմացում
Շրջափակման 30-րդ օր
Տեղեկագիր 09.01.2023թ. դրությամբ

Շրջափակման հետևանքով առաջացած սննդի սղության պատճառով փակվել են նախադպրոցական հաստատություններն ու երկարօրյա դպրոցները:

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու պատճառով հունվարի 9-ից նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և դպրոցների երկարօրյա ռեժիմով աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կասեցվել է։

Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով՝

  • Փակվել է 41 մանկապարտեզ․
  • Փակվել է 56 նախադպրոցական խումբ․
  • Փակվել է 20 երկարօրյա ուսումնական հաստատություն․

Ինչ է դա նշանակում.

6828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և եկարօրյա դպրոց հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից։

Ձյան տեղումների պատճառով լրացուցիչ դժվարություններ են առաջացել Կարմիր խաչի հումանիտար մատակարարումների համար :

Վերջին 2 օրերին Արցախում առատ ձյուն էր տեղում։ Ադրբեջանի կառավարության գործակալների կողմից Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու արգելափակման հետևանքով անհնար է դարձել այդ ճանապարհահատվածում ձնամաքրման և աղալցման աշխատանքներն իրականացնելը։ Ուստի, երթևեկելն այդ հատվածով խիստ վտանգավոր է նաև ձյան պատճառով։

Ինչ է դա նշանակում:

Ճանապարհի փակ լինելու պատճառով լրացուցիչ էական դժվարություններ են առաջացել ինչպես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, այնպես էլ ռուսական խաղաղապահ առաքելության մեքենաների համար, որոնք իրականացնում էին որոշակի քանակությամբ մատակարարումներ և տեղափոխում ծանր հիվանդներին:

Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով Արցախի բնակչությունը կանգնել է նաև էներգետիկ ճգնաժամի առջև:

Հունվարի 9-ին` ժամը 14։35-ին, Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ Ըստ սարքավորումներով արձանագրված տվյալների` վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։ Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով նշված հատվածում այս պահի դրությամբ հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ: Ուստի, որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումը իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով։ Ելնելով տվյալ իրավիճակից` Հանրապետությունում իրականացվում են հովհարային անջատումներ:

Ինչ է դա նշանակում:

Ձմեռային ցուրտ եղանակի և ձյան առատ տեղումների պայմաններում հոսանքազրկումն էլ ավելի է խորացնում շրջափակման պատճառով առաջացած հումանիտար աղետը: Արցախն այժմ կանգնած է նաև էներգետիկ ճգնաժամի առջև:

Տեղի է ունեցել Օպերատիվ շտաբի հերթական նիստը:

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ հունվարի 9-ին տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության առաջնային կարիքների ապահովմանը վերաբերող մի շարք հրատապ հարցեր:

  • Առաջիկա օրերի ընթացքում անցում կկատարվի կտրոնային համակարգին, ինչը հնարավորություն կտա առավելագույնս համաչափ բաշխել առկա պարենային ապրանքները:
  • Կարևորվել է ծանր հիվանդների տեղափոխման, ինչպես նաև անչափահաս երեխաներ ունեցող՝ կիսված ընտանիքների միավորման ուղղություններով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցված աշխատանքը:
  • Ներկայացվել են էներգամատակարարման, ջրամատակարարման և ենթակառուցվածքների անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ իրականացվող քայլերը։
  • Պետնախարարը հանձնարարել է քայլեր ձեռնարկել՝ առկա հնարավորությունների շրջանակում կանխիկի դրամաշրջանառության հետ կապված իրավիճակը կարգավորելու առումով:

Օրվա վիճակագրական թարմացումներ

  • 10 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
  • 12 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
  • Արդեն 110 երեխա ծնվել է շրջափակման մեջ:

Կարևոր փաստեր

  • Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 30 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը:
  • Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա) կրում է բազմաթիվ զրկանքներ և կանգնած է սովի ռիսկի առջև:
  • Ավելի քան 12,000 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմատակարարվեր Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

Արցախի կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031