Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ կարող է ՀՀ կառավարությունն ինչ-որ բաներ աներ, Լաչինի միջանցքը չփակվեր, հետո բոլորդ ասեիք՝ չհասկացանք, ի՞նչ արեցիք»․ Նիկոլ Փաշինյան

Հունվար 10,2023 16:25

«Ամեն ինչը շատ տձև ձևակերպում է»,-հարցին՝ ՀՀ կառավարությունն ամեն ինչ արե՞լ է, որ Արցախը մայր Հայաստանին կապող երկրորդ ճանապարհ ունենայինք, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետև շարունակեց․ «Իսկ կարող է ՀՀ կառավարությունն ինչ-որ բաներ աներ, Լաչինի միջանցքը չփակվեր, հետո բոլորդ ասեիք՝ չհասկացանք, ի՞նչ արեցիք»։ Լրագրողի ճշտմանը՝ ամեն ինչ անել նկատի ունի այլընտրանքային ճանապարհի կառուցումը, Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց․ «Դրա համար կարող ենք տրամադրել ռեսուրսներ և չխոչընդոտել այդ ճանապարհի կառուցմանը։ Նման սցենար էլ է եղել։ Իրականում այդքան պարզ չէ։ Նույն այլընտրանքային ճանապարհով ո՞վ է ասել, որ դա տենց երաշխիք է, որ ճանապարհը կարող էր փակվել միայն այդտեղ և չէր կարող մեկ կիլոմետր այն կողմ փակվել։ ՀՀ կառավարությունն ամեն ինչ արել է։ 2022-ին 170 միլիարդ դրամի ուղիղ ֆինանսավորում ենք իրականացրել ԼՂ-ին։ ԼՂ-ի իրադրության շուրջ կապված որոշումները ԼՂ իշխանությունները պիտի կայացնեն, և մենք նրանց պիտի աջակցենք»։

Մյուս հարցին՝ կա՞ն խնդիրներ, որոնց շուրջ ՀՀ-ի և Արցախի իշխանությունների միջև կան տարաձայնություններ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ոչ, չկան նման հարցեր։ Համենայն դեպս, իմ տպավորությամբ չկան։ Մենք մշտապես հաղորդակցության մեջ ենք։ Իմ օրակարգում չեմ արձանագրել նման հարց»։

Հիշեցմանը՝ հայտարարում եք, որ Արցախն ինքը պետք է բանակցի իր անվտանգության հարցով, և հարցին՝ Արցախի ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու՝ ձեր կառավարության խոստումը, որը կա կառավարության ծրագրում՝ համարենք ժամկետա՞նց, սա ձեռքերը լվանալ չէ՞ Արցախից, ինչպես ձեզ մեղադրում են, ի վերջո, Ադրբեջանը չի համաձայնում Արցախի հետ նստել նույն սեղանի շուրջ, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Ոչ մի բան ժամկետանց համարել պետք չէ և չի կարելի։ Հարցն այն է, թե որևէ առաքելություն ինչ բանաձևով է իրագործվում։ Նաև պետք է հասկանանք՝ ո՞րն է այդ գործառույթի իրականացման պլանը կամ գործառույթի իրականացման սցենարը։ Այն, ինչի մասին խոսում ենք՝ սկսած եռակողմ հայտարարության տեքստից, այդ հանձնառության իրականացման ճարտարապետության մաս է։ Այդ հայտարարությունը նաև ՀՀ-ն է, չէ՞, ստորագրել։ Այսինքն՝ ՀՀ որոշման բերումով են ռուս խաղաղապահ զորքերը տեղակայվել ԼՂ-ում, ՀՀ-ի, այդ թվում՝ ԼՂ-ի անվտանգության երաշխավորի դերակատարմամբ է, որ Լաչինի միջանցքը, համաձայն եռակողմ հայտարարության, գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո»։

Պնդմանը՝ բայց փաստն այն է, որ Ադրբեջանը չի համաձայնում ԼՂ-ի հետ նույն սեղանի շուրջ նստել, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Մենք, ելնելով այդ իրողությունից, այդ գործառույթի իրականացման նորանոր բանաձևեր պետք է փնտրենք։ Երբ խոսում ենք այն մասին, որ եթե ՌԴ-ն այդ գործառույթը չի կարողանում իրականացնել, գուցե ի՞նքը պետք է ՄԱԿ-ի ԱԽ դիմի ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու կամ ԼՂ բազմազգ խաղաղապահ զորախումբ գործուղելու հարցով, մենք դա հենց այնպես չենք բարձրաձայնում, այլ այդ թվում՝ որպես ԼՂ անվտանգության երաշխավոր երկիր։ Եթե Ձեր ասածն է, ուրեմն մենք ընդհանրապես այդ հարցերը չպետք է բարձրացնեինք։ Անվտանգությունը բազմաշերտ համակարգ է։ Երբ 2022-ին 170 միլիարդի աջակցություն ենք տրամադրել ԼՂ-ին, դա անվտանգությանը ծառայում է, որովհետև կա տնտեսական, պարենային անվտանգություն։ Անվտանգությունը բազմաթիվ բաղադրիչներից է բաղկացած։ Մենք դա անում ենք՝ որպես այդ գործառույթը ունեցող երկիր։

Ասում են՝ թող ՀՀ-ն դիմի ՄԱԿ-ի ԱԽ-ին։ Նախ` ՀՀ-ն դիմել է, երկրորդն էլ, եթե մենք այդ հարցով դիմենք, նշանակում է, որ մենք դիմում ենք ընդդեմ ՌԴ-ի։ Մեզ պետք է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում այդ որոշումն ընդունվի, այլ ոչ թե ընդամենը դիմենք»։

Հարցին՝ արդեն, երբ խաղաղապահների ժամկետը լրանա, հնարավո՞ր է ՀՀ-ն դիմի ՄԱԿ-ի ԱԽ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ձեր բարձրացրած հարցի բերումով տեսնում եմ, որ իրավիճակից բխող որոշումներ պետք է կայացնենք։ Կարող է չլինի դրա անհրաժեշտությունը և կարող է լինել»։

Հստակեցմանը՝ հնարավո՞ր է, որ ՀՀ-ն ռուս խաղաղապահների մանդատը չերկարաձգի, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «ՀՀ-ն չի կարող ռուս խաղաղապահների մանդատը չերկարաձգել, բայց եթե տեսնի, որ գործառույթին ինչ-որ բան սպառնում է, իսկ գործառույթը միջոցը չէ, այլ նպատակը՝ ԼՂ ժողովրդի անվտանգությունը։ Մենք, իհարկե, այդ թվում՝ որպես ԼՂ անվտանգության երաշխավոր երկիր, պետք է նաև այլ միջոցներ փնտրենք ու գտնենք։ Սա ոչ թե ասում եմ, որ այդպես կլինի, ես ասում եմ՝ հենց Ձեր նշած հարցի և մեր պարտավորության բերումով։ Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք։ Մենք կարող ենք ինչ-որ մեկնաբանություն տալով որևէ դրույթի քայլ ձեռնարկել, բայց դրանից ԼՂ ժողովրդի անվտանգության վիճակը կլավանա՞, թե՝ ոչ։ Նպատակը միջոցի հետ չպետք է շփոթել։ Կարևորը նպատակն է, ոչ թե միջոցը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031