Հունվարի 6-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն այցելեց Պրահայի արքեպիսկոպոսություն, որտեղ նրան ընդունեցին Պրահայի արքեպիսկոպոս և Չեխիայի առաջնորդ Յան Գրաուբները և թոշակառու արքեպիսկոպոս, կարդինալ Դոմինիկ Դուկան: Դեսպանը շնորհավորեց Չեխիայի կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին Ամանորյա և Սուրբծննդյան տոների առթիվ և շնորհակալություն հայտնեց արդեն ավանդույթ դարձած նման հանդիպումը կազմակերպելու համար:
Չեխ արքեպիսկոպոսներն իրենց կողմից շնորհավորեցին ՀՀ դեսպանին հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցու կողմից նշվող Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ՝ բարեմաղթանքներ և աղոթքներ հղելով և իրենց համերաշխությունը հայտնելով Հայաստանի և հայ ժողովրդի հետ: Նրանք խնդրեցին դեսպանին փոխանցել իրենց ուղերձը Չեխիայում բնակվող հայերին:
Ա.Հովակիմյանը չեխ հոգևոր առաջնորդներին մանրամասն ներկայացրեց Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակման պատճառով Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, նկարագրեց հայկական պատմա-մշակութային արժեքների նկատմամբ ոտնձգությունները:
Պրահայում Հայաստանի դեսպանություն