«Ասացի, որ ներկայացրել եմ հրաժարական»,-հարցին՝ ելնելով տեղի ունեցող զարգացումներից՝ 2018-ի հայտնի իրադարձություններից հետո եղե՞լ են իրավիճակներ, երբ Դուք ցանկացել եք հրաժարական տալ և ո՞ր դեպքում ու ե՞րբ հրաժարական կներկայացնեք, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողը հստակեցրեց՝ նկատի ունի իշխանությանը հավակնել չցանկանալու համար տրված հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Հո ամեն շաբաթ հրաժարական չե՞ն տալիս։ Իմիջիայլոց, 2018-ից հետո ես երկու անգամ հրաժարական եմ տվել։ Ինչ վերաբերվում է իշխանությանը հավակնելուն, մենք և ես ժողովրդից ստացած իշխանությունը չեմ կարող ուղղակի փողոց դուրս գալ ու ասել՝ ո՞վ է ուզում, վերցրեք։ Ժողովրդի իշխանության ճակատագիրը որոշում է ժողովուրդը։ ՀՀ-ում երկու անգամ հրաժարական եմ տվել, երկու անգամ տեղի են ունեցել ընտրություններ, որոնք մեր երկրի պատմության ընթացքում միջազգային հանրության կողմից գնահատվել են՝ որպես ազատ, արդար, թափանցիկ, մրցակցային, ժողովրդավարության կանոններին և չափանիշներին համապատասխան ընտրություններ։ Ըստ էության սրանով ամեն ինչ ասված է։ Չեմ պատրաստվում փախչել պատասխանատվությունից, որովհետև ես պատասխանատու եմ ոչ միայն նրա համար, ինչ մինչև այս պահն է տեղի ունեցել, այլև նրա համար, ինչ սրանից հետո է տեղի ունենալու։ Այդ պատասխանատվությունը պատրաստ եմ կրել մինչև այն պահը, մինչև իշխանության տերը կորոշի, որ ես այդ պատասխանատվության հետ այլևս գործ չունեմ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ