Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Փաշինյանը խոսում է սխալվելու մասին՝ պատճառաբանելով, որ սիրուց է»․ Նարինե Դիլբարյան

Հունվար 10,2023 15:04

«Մենք տարին սկսում ենք այն նույն ելակետային ծանրագույն իրավիճակում, որում գտնվում էինք։ Տարեվերջյան իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը խոսում էր սխալվելու, սայթաքելու եւ ձախողվելու իր խնդիրների մասին՝ իհարկե պատճառաբանելով, որ դա սիրուց է։

Կարող եմ արձանագրել, որ ՀՀ վարչապետի պաշտոն զբաղեցնող Փաշինյանը հիմա էլ սխալվում է՝ ասելով, որ ՀՀ կառավարությունը չէ, որ լուծելու է Բերձորի միջանցքի ապաշրջափակման, եւ ընդհանրապես Արցախյան հակամարտության խնդիրը։ Մինչդեռ, պատմական ամբողջ զարգացումները՝ սկսած 1988-ից, ցույց են տվել, որ Արցախյան հիմնահարցի լուծման հիմնական ջատագովը պետք է լինի Հայաստանի Հանրապետության իշխանությունը»,- «Հայելի» ակումբում նշեց լեզվաբան Նարինե Դիլբարյանը։

Նրա խոսքով․ «Փաշինյանի հերթական սխալը  դժվարացնում է խնդրի հերթական հանգուցալուծումը, բայց մյուս կողմից էլ՝ ժամանակն այս պահին շրջափակման եւ ապաշրջափակման համար աշխատում է մեր օգտին։ Եվ միջազգային հանրությունը, եւ Հայաստանի ու Արցախի իշխանությունները հասկանում են, որ հանգստանալ եւ սպասել, որ ինչ-որ մեկը կլուծի այդ խնդիրը,  ապարդյուն է, այդ հույսերն ի դերեւ են ելել։ Եկել է գործնական եզրակացությունների ժամանակը։ Շատ վերլուծաբաններ եւս նշում են, որ հիմա կան բազմաթիվ ճանապարհներ, ուղիներ այդ հակամարտությունը կայունացնելու եւ ամենակարեւորը՝ բացելու Բերձորի մարդասիրական միջանցքը»։

Նարինե Դիլբարյանի ձեւակերպմամբ, թվիթերյան հարթակում ադրբեջանական այլ նարատիվներ են հանդիպում․ «Իհարկե,  բնապահպան աշխուժակների պատմությունն արդեն նահանջում է, բայց մյուս կողմից, ադրբեջանական որոշ գործիչներ ասում են, որ միջանցքի պատմությունը ռազմական էսկալացիայի թեժացման աղբյուր է, իբր միջանցքը ռազմական բեռներ տեղափոխելու համար է։ Նկատելի է սակայն, որ միջազգային հանրության ,շրջանում ամրանում է այն կամքը, որ լուծումները պետք է գտնել համատեղ եւ դրանք առաջարկել։ Ես կարող եմ հնչեցնել լուծումներից մեկը՝ դա ամենից առաջ օդային միջանցքի բացումն է, Արցախի օդի վերաբացումը։ Դա սկզբից կարելի է կատարել ոչ թե ռազմական, այլ քաղաքացիական ուղղաթիռներով՝ օգտվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահ պետությունների, դեսպանատների, միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների հնարավորություններից։ Հարկավոր է նրանց հետ մեկտեղ մի քանի ուղղաթիռ հումանիտար ապրանքով բեռնել, որոնք պետք է վայրէջք կատարեն Ստեփանակերտի օդանավակայանում։

Քանիցս լսել եմ Ռուբեն Վարդանյանի այն պնդումը, որ օդանավակայանը պատրաստ է  ընդունել ոչ շատ մեծ ինքնաթիռներ։ Այս քայլը մենք պետք է կատարենք, ապա քայլ առ քայլ մերձենանք միջանցքի խնդրի հանգուցալուծմանը»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031