Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես ՀԱՊԿ-ի վրա հույս դնում եմ, այլ բան է, որ ՀԱՊԿ-ն կարող է հուսախաբ անել»․ Նիկոլ Փաշինյան

Հունվար 10,2023 15:00

«Ձեր հարցում պատասխան կար։ Եթե Դուք ասում եք՝ ՀԱՊԿ զորավարժությունները ՀՀ-ում սպառնալիք կլինեին թուրք-ադրբեջանական տանդեմին, ես հիմա ձեր տեքստով եմ պատասխանում»,-փաստմանը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունները ՀՀ-ի համար սպառնալիք են, և այս իրավիճակում Դուք ասում եք, նման իրավիճակում ՀՀ-ում ՀԱՊԿ զորավարժությունները նպատակահարմար չեն և հարցին՝ ենթադրվում է, որ ՀԱՊԿ զորավարժությունները պետք է սպառնալիք լինեին այդ տանդեմին, ուստի ի՞նչը նպատակահարմար չէր այդ զորավարժությունների անցկացման, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողը միջամտեց՝ Ձեր տեքստով պատասխանեք, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ձեր տեքստի վրա հիմնվելով եմ պատասխանում։ Ես եմ պատասխանում։ ՀԱՊԿ-ն եկավ, թուրք-ադրբեջանական տանդեմի համար սպառնալիք ստեղծեց, հետո ասաց՝ ցտեսություն, մենք գնացինք։ Պատկերացնո՞ւմ եք այդ իրավիճակը։ Հենց այդ պատճառով՝ մենք ասում ենք՝ եկեք հասկանանք՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ո՞րն է, որից հետո մեր հարաբերությունները ինստիտուցիոնալ և խորը կառուցենք։ Երբ ՀԱՊԿ-ն չի ասում՝ իր պատասխանատվության գոտին որն է, դա մեզ համար հիմնարար խնդիր է։ Այսինքն՝ չի արձանագրում՝ կարմիր գիծը որտեղով է անցնում։ Սոթք-Խոզնավարով չի անցնում, Ջերմուկի մոտով չի անցնում․․ մինչև դա չիմանանք, կհրավիրենք, կասենք, եկեք սպառնալիք ստեղծեք թուրք-ադրբեջանական տանդեմի համար, երկու օր կմնան, երրորդ օրը կհանգստանան, չորրորդ օրը կգնան իրենց գործերին, մենք կմնանք այդ տանդեմին դեմ հանդիման»։

Լրագրողները նաև հարցրին՝ հենց այս գործողություննե՞րը չեն պատճառը, որ մարդիկ մտածում են՝ իր ղեկավարած կառավարությունը վախվորած քաղաքականություն է վարում ու խաղաղություն մուրում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Վազգեն Սարգսյանն ասում էր՝ ես վախենում եմ ոչնչից չվախեցողներից։ Մենք պետք է պատասխանատու գործենք առավելագույնս։ Կան սպառնալիքներ, հնարավորություններ, հարաբերություններ։ Մենք այդ ամենի հետ պետք է հարաբերվենք։ Ինչ վերաբերում է խաղաղություն մուրալուն, համաձայն եմ, մուրալով հնարավոր չէ խաղաղության հասնել։ Խաղաղություն հնարավոր է ունենալ՝ այդ խաղաղությունը վաստակելով։ Կա խոսույթ, որ հնարավոր է խաղաղություն ունենալ պարտադրելով։ Մեր փորձը ցույց տվեց, որ դա էլ չի ստացվում։ Բայց որ պետք է խաղաղություն վաստակել, ակնհայտ է։ Ուրիշ բան՝ այդ քաղաքական գնահատականի հարց է։ Մեկը մեր՝ ինչ-որ գործողություն կարող է մեկնաբանել՝ որպես մուրալ և այլն, բայց Ձեր գնահատականի հետ համաձայն եմ։ Դրա համար եմ ասում։ Օրինակ՝ ո՞նց կարելի է հասնել խաղաղության՝ առաջինը՝ դիտանկյունները, ռակուրսները որոշակիորեն փոխելով, իրադրությունները ճիշտ գնահատելով, մաքսիմալ հաշվարկված քայլեր անելով, ՀՀ-ի դերը տեսնելով միջազգային ասպարեզում և ՀՀ-ի նշանակությունը մեծացնելով, տարածաշրջանում հարաբերություններ փոխելով և այլն։ Մենք խաղաղություն կարող ենք ունենալ, եթե ի վիճակի լինենք, այսպես ասած, հանդուրժող հարաբերություններ հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոշակի համաձայնության դաշտ ձևավորել և զարգացնել նաև մեր հարաբերությունները Իրանի և Վրաստանի հետ։ Այսինքն՝ սա է խաղաղության բանաձևը և, իհարկե, միջազգային հանրության այն ռեսուրսները, որ մեզ կարող են օգնել, դրանք պիտի օգտագործել»։

Լրագրողի հստակեցմանը՝ ճի՞շտ եմ հասկանում, որ ՀԱՊԿ-ի վրա հույս չեք դնում, բայց Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը հավատում եք, Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց․ «Ես ՀԱՊԿ-ի վրա հույս դնում եմ, այլ բան է, որ ՀԱՊԿ-ն կարող է հուսախաբ անել։ Իսկ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը հավատում եմ մի պատճառով, որովհետև որևէ բան անելուց առաջ պետք է հավատալ դրան։ Եթե չենք հավատում՝ ինչո՞ւ ենք բանակցում։ Փորձը ցույց է տալիս, որ ձևի համար բանակցելը լավ տեղ չի տանում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031