ՀՀ կառավարության ծրագրում նշված է, որ ՀՀ-ն շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, երբ գնում եք բանակցելու Ադրբեջանի հետ, գնում եք որպես երաշխավո՞ր, թե՞ ինչպես ձեր պատգամավորներից մեկն է ասում՝ ՀՀ-ն սկի ինքը իր անվտանգությունը չի կարող երաշխավորել: Այսօր հրավիրած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այդ հարցին, ասաց, որ մենք բանակցում ենք այն մասին, որ պետք է տեղի ունենա միջազգայնորեն տեսանելի խոսակցություն ԼՂ հայության եւ Բաքվի միջեւ: Ինչ վերաբերում է Հայաստանի՝ ԼՂ անվտանգության երաշխավոր լինելուն, ԼՂ-ում անվտանգության ապահովման միջոցների եւ մանդատի մասին ՀՀ եւ ՌԴ ՊՆ նախարարները ստորագրել են փաստաթուղթ. «ՀՀ-ն ԼՂ անվտանգության երաշխավորն է: ՀՀ անվտանգության երաշխավորն է ՌԴ-ն: Մենք այդ բանաձեւով ենք առաջնորդվում… Ճիշտ ձեւակերպումն այն էր, որ շրջանները պետք է հանձնվեին ու ընդունվեր ԼՂ դե ֆակտո արձանագրումը՝ որպես Ադրբեջանի մաս ու ադրբեջանցիներին վերադառնալու, ԼՂ կառավարմանը մասնակցելու հնարավորություն տալն էր: Հիմա հետահայաց կարող ենք ասել, որ գուցե ավելի լավ էր դա, քան այն, ինչ այսօր ունենք: Բայց այն ժամանակ ո՞վ ում կհամոզեր, որ դա լավ ճանապարհ է՝ այն պայմաններում, երբ գիտեինք, որ ունենք հուսալի բանակ, պաշտոնական զեկույցներ էին դրված սեղանին, որ մենք ի վիճակի ենք ոչ մի քայլ հետ տրամաբանությամբ գործել: Մեզ նույնիսկ ռենտգենի մակարդակը չի բավարարի՝ հարցն ամբողջությամբ հասկանալու համար, սա ԴՆԹ մակարդակի խնդիր է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ