Ազատություն. Իրանը դեմ է իր միջազգային սահմանների փոփոխություններին, պաշտոնական Թեհրանի այդ դիրքորոշումը այս անգամ հնչել է Ադրբեջանի և Իրանի խորհրդարանների խոսնակների հանդիպմանը, որը տեղի է ունեցել նախօրեին թուրքական Անթալիայում։
«Մենք չենք ընդունում սահմանի որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն»,- հայտարարել է Իրանի օրենսդիր մարմնի ղեկավար Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը և հավելել. «Արտատարածաշրջանային երկրների միջամտություններն անթույլատրելի են»,- փոխանցում է IRNA պետական լրատվական գործակալությունը։
Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքայինի համոզմամբ՝ Բաքուն Լաչինի միջանցքը փակել է՝ ի պատասխան Սյունիքով միջանցք չտրամադրելու Երևանի դիրքորոշման։
«Ադրբեջանի հանրապետությունը պետք է ընդունի, որ Սյունիքի միջանցքը գտնվում է Հայաստանի ներսում, և Երևանն իրավունք ունի դրա նկատմամբ ինքնիշխանություն սահմանել»,- իրանցի դիվանագետի խոսքերն է մեջբերում Tehran times պարբերականը։
2012-2016 թվականներին Բաքվում Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունը ղեկավարած Փաքայինի խոսքով՝ Երևանն իր հերթին պետք է ընդունի՝ «Ղարաբաղն Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության տակ է, և խնդիրը պետք է լուծի՝ հիմք ընդունելով այդ իրականությունը»։
Կարդացեք նաև
Փաստելով, որ Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը հայտնվել են ծանր իրավիճակում, Փաքայինը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունների «այդ գործողությունները հակասում են մարդու իրավունքների չափանիշներին, ինչի հետևանքով անմեղ մարդիկ վտանգի են ենթարկվում և տառապում»։
Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: