Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծ է հավանականությունը, որ Հաագայի դատարանը Ադրբեջանի այս հայցն էլ կմերժի, որովհետև այնտեղ ցանկացած պնդում պետք է ներկայացվի ռասիզմի հիմքով»․ Արա Ղազարյան

Հունվար 10,2023 13:27

«Ականների վերաբերյալ մեկ անգամ արդեն Հաագայի դատարանը կարծիք հայտնել է, որ դա կապ չունի ռասիզմի հետ, որովհետև դատարան ներկայացվող ցանկացած պնդում պետք է ներկայացվի ռասիզմի հիմքով»,- Aravot.am-ի հարցին՝ Ադրբեջանի ներկայացրած երկրորդ հայցը Արդարադատության միջազգային դատարան՝ ականապատման հարցով հրատապ միջոցներ ձեռնարկելու պահանջով, արդյոք դատարանի կողմից հնարավո՞ր է հիմնավոր համարվի, այսպես պատասխանեց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը դիմել է Արդարադատության միջազգային դատարան՝ Հայաստանին պարտավորեցնելու դադարեցնել «ադրբեջանական տարածքների ականապատումը» և դադարեցնելու օգտագործել Լաչինի ճանապարհը՝ «ականները Ղարաբաղ տեղափոխելու համար»։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը:

Հաղորդագրությունում մասնավորապես ամրագրված է․ «Ի պատասխան Հայաստանի կողմից ադրբեջանցիների նկատմամբ մարդու իրավունքների միտումնավոր խախտման՝ ադրբեջանական կողմը երկրորդ բողոքն է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում հրատապ միջոցներ ձեռնարկելու նպատակով»։

Արա Ղազարյան

Արա Ղազարյանը հիշեցրեց՝ նախորդ հայցի ներկայացման ժամանակ էլ Ադրբեջանը փորձեց ներկայացնել, որ հայերն այնտեղ ականապատում են, և դա ոչ թե ռազմական նպատակով է, այլ էթնիկ զտման, բայց դատարանը մերժեց։ Այնուհետև շարունակեց․ «Մեծ է հավանականությունը, որ սա էլ կմերժի, էլ չեմ ասում, որ փաստական հիմքերը շատ դժվար են գտնել, որ ասենք հայերը ականները հանում են, մի տեղից տանում են այլ տեղ՝ Լաչինի ճանապարհի մոտ են դնում, թե ինչ։ Ինչևէ, իրենք պետք է ներկայացնեն, որ դա կապ ունի ռասիզմի հետ։ ՀՀ-ի վերաբերյալ լսումներ են լինելու Լաչինի հարցով հունվարի 30-ին որքան գիտեմ։ Հիմա մեզ համար ավելի հեշտ կլինի։ Արդեն ամբողջ աշխարհն ընդունել է, որ այդ ճանապարհն Ադրբեջանն է փակում, ոչ թե Ռուսաստանը, և եթե չկարողանա Ադրբեջանը ներկայացնել ողջամիտ բացատրություն, ապա կընդունվի ՀՀ-ի առաջ քաշած վարկածը, որ դրա նպատակն է հայաթափել Արցախը»։

Մեր հարցին՝ այսինքն՝ Ադրբեջանը հայելային դատական հայցեր ներկայացնելու քաղաքականությունը շարունակո՞ւմ է, Արա Ղազարյանն այսպես պատասխանեց․ «Այո, բա ուրիշ էլ ի՞նչ անի։ Իրենք հարձակվող պետությունն են, պետք է ինչ-որ բան հնարեն, հո չե՞ն գնալու, միջազգային ատյաններում ասեն, որ մենք փակում ենք ճանապարհը, որ սովի մատնենք արցախցիներին, որ նրանց հեռացնենք Արցախից, որ ճնշենք։ Նման բան, բնականաբար, չեն կարող ասել։ Դրա համար հորինում են կեղծ լեգենդներ, պատմություններ, նարատիվներ»։

Հիշեցրինք՝ Ադրբեջանը իր երկրորդ հայցով պահանջում է «Հայաստանին պարտավորեցնելու դադարեցնել «ադրբեջանական տարածքների ականապատումը» և դադարեցնելու օգտագործել Լաչինի ճանապարհը՝ «ականները Ղարաբաղ տեղափոխելու համար»։ Արա Ղազարյանն այս առիթով ասաց․ «Բայց պետք է փաստեր ցույց տալ․ միայն ասելով չէ։ Կարծում եմ հաջողության չեն հասնի, որովհետև, գիտեք, մեկ անգամով չէ։ Դա տարիների ընթացքում գործընթաց է։ Անընդհատ իրենք պետք է ցույց տան, որ այդ փաստերը կան։ Մեկ անգամ ենթադրենք հաջողվեց ինչ-որ մի կերպ հասնել հաջողության, բայց պետք է շարունակաբար ցույց տալ, որ նման երևույթ կա։ Չի հաջողվելու»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031