Այսօր հրավիրած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեցին՝ ՀԱՊԿ անդամները հրաժարվեցին դատապարտել Ադրբեջանի գործողությունները եւ համապատասխան արձագանք չեղավ, զորավարժություն պիտի անցկացվեր, ի՞նչ ժամկետի մասին էր խոսքը՝ նա պատասխանեց, որ արդեն պաշտոնական խողովակով տեղեկացրել են հետեւյալը. «Մենք ՀՀ-ում նման զորավարժություն անցկացնելը այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում: Ձեր ասածը ճիշտ է՝ կապված Ադրբեջանի գործողությունները դատապարտելու հետ, բայց ամբողջը չէ: Իրականում կուզենայի հարցին նայել մեր տեսանկյունից, քան ուրիշների դիրքորոշման: ՀՀ դիրքորոշման ձեւավորման մեջ անկյունաքարային է եղել, որ ՌԴ-ն ՀՀ անվտանգության թիվ մեկ դաշնակիցն է ու անվտանգության երաշխավորը: Մենք հարցն ընկալում ենք այդպես: 2020-ի 44-օրյա պատերազմից հետո մեր առաջնային մտահոգությունը եւ օրակարգը ՌԴ-ի հետ եղել է այն, որ մենք մտավախություններ ունենք, որ Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ կձեռնարկի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ: Այդ խոսակցությունների արդյունքում ստացել ենք պաշտոնական հավաստիացումներ, որ ՀՀ սահմանները կարմիր գիծ են անվտանգության ոլորտի մեր դաշնակիցների ու գործընկերների համար: Երբ 2021-ի մայիսի իրադարձությունները տեղի ունեցան Սոթք-Խոզնավար հատվածում, մենք ակնկալել ենք կոնկրետ գործողություններ ՌԴ մեր գործընկերներից: Ի պատասխան մեր հարցումների ու դիմումների՝ ստացել ենք դիտարկում, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանները դեմարկացված չեն: Առաջացել է բովանդակային հակասություն՝ այդ դեպքում որտեղո՞վ է անցնում այն կարմիր գիծը, որը մենք միջպետական համաձայնագրերով արձանագրել ենք: Այդ հարցի պատասխանը հետաքրքիր է հետագա հարաբերությունների կառուցման համար: Այդ կարմիր գիծը գոյություն ունի, դա ՀԱՊԿ պատասխանատվության գոտին է ՀՀ-ում: Երեւանում կայացած գագաթաժողովի մեր առաջարկած հիմնական խնդիրը այն է, որ ի ցույց դնենք ու հասկանանք, թե որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում: Առանց այս գծի արձանագրման՝ պաշտոնապես մենք որեւէ այլ փաստաթղթի ընդունում չենք պատկերացնում: Սա է հիմնական բովանդակությունը, որն այսօր էլ շարունակում է մնալ սեղանին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ