2022թ. Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության ոլորտում կորուստները կազմել են 145 զինծառայող: Այս մասին տեղեկությունը ներառված է Ռազմական հետազոտությունների կասպիան ինստիտուտի (CDSI) 2023թ. հունվարի 8-ի զեկույցում։
Ընդ որում, նշվում է, որ 87 մարդ զոհվել է ռազմական պայմաններում՝ սեպտեմբերյան պատերազմի ժամանակ, իսկ 58-ը՝ ոչ ռազմական, երկուսը պայթել են ականի վրա:
Ոչ ռազմական կորուստներից 11-ը դարձել են ավտովթարի զոհ, 9-ը մահացել են հիվանդություններից, վեցը՝ ոչ կանոնակարգված հարաբերությունների հետևանքով, 6-ը անհայտ պատճառներով, 4-ը դժբախտ պատահարի հետևանքով, 22-ը ինքնասպան են եղել:
Զեկույցում նաև նշվում է, որ զոհերից 105-ը եղել են պաշտպանության նախարարության աշխատակիցներ, 32-ը Պետական սահմանային ծառայության, մեկական զոհ էլ՝ Ներքին գործերի և ԱԻՆ-ի, 4-ը Նախիջևանի առանձին համազորային բանակի, 3-ը՝ նախագահի անվտանգության ծառայության:
Կարդացեք նաև
Ըստ զեկույցի՝ 2022թ. 304 զինծառայող վիրավորում է ստացել տարբեր պատճառներով, հիմնականում հայկական ուժերի հետ փոխհրաձգության և ականի վրա պայթելու հետևանքով:
Ինստիտուտը նաև նշում է, որ նախորդ տարվա համեմատությամբ զոհերի թիվն ավելացել է. 2021թ. գրանցվել է 18 մարտական և 66 ոչ մարտական զոհ:
Ռազմական հետազոտությունների կասպիան ինստիտուտը գործում է 2015թ. փետրվարից Գերմանիայում՝ ռազմական փորձագետ Ջասուր Սումերինլիի ղեկավարությամբ, որը 2003թ.-ից Ադրբեջանում գլխավորում էր «Դոկտրինա» լրագրողական ռազմական հետազոտությունների կենտրոնը:
Ընդհանուր առմամբ 2003թ-ից, երբ սկսվել է զոհերի հաշվարկը, Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության ոլորտը կրել է առնվազն 4419 զոհ, ընդ որում՝ 3753-ը՝ ոչ մարտական պայմաններում: Նշված ժամանակահատվածում վիրավորների թիվը գերազանցել է 13 հազարը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ