2022 թ. արդյունքների ամփոփման մամլո ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, թե Ուկրաինային Ադրբեջանի օգնության չափը կազմել է ավելի քան 30 մլն մանաթ։ Ներկայիս փոխարժեքով դա ավելի քան 17.5 մլն դոլար է։ Ռուսական կողմն ադրբեջանական կողմի հանդեպ ոչ մի «պրետենզիա» ցույց չի տալիս, որովհետեւ իրականում ուկրաինական պատերազմը մտերմացրել է Մոսկվային ու Անկարային։
Սա այն է, ինչ կոչվում է քաղաքականություն: Եվ այն, որ այս քաղաքականությունն այսօր հաջող ընթացքի մեջ է, վկայում է, որ այս ուղղությամբ ու այսօրվա դրությամբ ճիշտ չեն աշխատում եվրոպական դիվանագիտական օղակները, եւ ճիշտ հակառակը՝ արդյունավետ է աշխատում Անկարան։ Իրականում Թուրքիան ճիշտ է քայլում Արեւմուտք-Ռուսաստան լարի վրա, ու լարախաղացությունը համենայնդեպս դեռ անկումով չի ավարտվել։ Եթե ավելի պարզ, ապա՝ ի՞նչ է անում Թուրքիան։ Սա փորձում է կառավարել իր տնտեսական՝ տարիներ ձգվող անկայունությունը։ Ռուսաստանից ավելացնում է հում նավթի ներմուծման ծավալները, ռուսական կողմի հետ աշխատում է իր ատոմակայանների, նաեւ՝ գազային հանգույցի ուղղությամբ։ Անկարան այնքան ճիշտ է դիրքավորվել Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, որ միաժամանակ կարողանում է ե՛ւ անտեսել Մոսկվայի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցները, ե՛ւ իբրեւ ՆԱՏՕ-ի անդամ երկիր զենք մատակարարել Ուկրաինային։ Այո, Արեւմուտքը իր ամենատարբեր բարձրաստիճան պաշտոնյաների բերանով Անկարային զգուշացնում է, որ Մոսկվայի համար պատժամիջոցներից խուսափելու ճանապարհ չբացի, այո, Անկարան փակում է Սեւ ծովը՝ ռուսական ռազմանավերի համար, բայց չի մոռանում նույն Արեւմուտքին ցույց տալ, որ մտերմիկ հարաբերություններ է կառուցել Ռուսաստանի հետ, որ ՆԱՏՕ-ի որոշ անդամների հետ վատ հարաբերություններ ունի ու չի վարանում խոսել այդ մասին։
Մոսկվային այս պարագայում ձեռք է տալիս թուրքական լարախաղացությունը, որովհետեւ լավ է աշխատում թուրքական էներգետիկ դիվանագիտությունը. ի վերջո Թուրքիան ռուսական էժան գազով ու նավթով գոնե առժամանակ թուլացնում է իր տնտեսության առջեւ ծառացած մարտահրավերները։ Ի՞նչ է շահում Ռուսաստանը. իրականում համաշխարհային շուկա Մոսկվայի մատակարարումները չեն դադարում։ Ու պարզ պատճառն այն է, որ որոշ երկրներ ռուսական նավթի գների վերին շեմի սահմանմանը համաձայնություն են տվել արդեն։ Ռուսական բազմաթիվ ընկերություններ էլ իրենց բիզնեսը տեղափոխում են Թուրքիա՝ եվրոպական սահմանափակումներից խուսափելու համար։ Սա, բնականաբար, ձեռնտու է Թուրքիային, որովհետեւ թուրքական լիրայի արժեզրկման պայմաններում Թուրքիային անհրաժեշտ է արտարժույթ՝ լիրայի հերթական ձախողումները կանխելու համար։
Բնականաբար, այնպես չէ, որ Անկարան այս քայլերով լավություն է անում Մոսկվային։ Բանն այն է, որ Թուրքիան ամենաուղղակի ձեւով կախված է ռուսական «Գազպրոմից»։ Միջազգային ամենատարբեր՝ էներգետիկ ոլորտի խորհրդատվական ու մոնիտորինգային ընկերությունների տվյալները վկայում են, որ նախորդ տարի «Գազպրոմն» է ապահովել թուրքական ներքին կարիքների 43 տոկոսը (այս տվյալը 2022 թ. սեպտեմբերի դրությամբ է)։ Հասկանալի է, Անկարան պետք է Մոսկվայի առջեւ արեւմտյան այս պատժամիջոցների համապատկերում լիքը դռներ բացի, որպեսզի Ռուսաստանը հանկարծ չդադարեցնի գազի մատակարարումը։ Ասել, թե Մոսկվան այլընտրանք չունի, որովհետեւ իրեն գազի գնորդ է պետք, իմացության պակաս կլինի, քանզի Մոսկվան իր էներգետիկ դիվանագիտության բազում ուղղություններ ու նոր շուկաներ դեռ 2014-ից է հաստատել։
Կարդացեք նաև
Հիմա ավելի պարզ դարձավ կարծես ադրբեջանական կողմի հանդեպ աշխարհի լռության պատճառը։
Տեղին չէ մեր հանդեպ աշխարհի անտարբերության մեղքը բարդել, ասենք, ադրբեջանական նավթի օգուտի վրա ու սպասել՝ ձեռքներս ծալած նստելով։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: