Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է ողջ առկա ռեսուրսը, Հայաստանի, Արցախի, Սփյուռքի բոլոր կապերը ներդնել, որ Արցախի արտգործնախարարի համար պատշաճ միջազգային այցեր կազմակերպվեն․ Վահե Հակոբյան․ «Փաստ»

Հունվար 10,2023 09:00

Հարցազրույց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հետ։

– Պարո՛ն Հակոբյան, Արցախը շարունակում է շրջափակման մեջ մնալ, և առնվազն այս պահի դրությամբ իրավիճակի փոփոխության ուղղությամբ հստակ քայլեր տեսանելի չեն: Արդյո՞ք բավարար եք համարում միջազգային հանրության, Հայաստանի և Արցախի ջանքերը՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և շրջափակմանը վերջ դնելու ուղղությամբ:

– Հարցի պատասխանն առկա է հենց հարցի մեջ՝ քանի դեռ շրջափակումը շարունակվում է, այն հաղթահարելու ուղղությամբ գործադրված և գործադրվող ջանքերը բավարար համարվել չեն կարող:

Ակնհայտ է, որ Հայաստանի գործող իշխանության հետ հույսեր կապել այս իրավիճակում որևէ իմաստ չունի: Նրանք ավելի շատ գործողությունների իմիտացիա են անում ու ավելի խորն են ներքաշվում աշխարհաքաղաքական խաղի մեջ՝ մեծացնելով առկա վտանգները: Հետևաբար, իմաստ չունի քննարկել իշխանության հայտարարությունները կամ որևէ ակնկալիք ունենալ իշխանությունից: Այսօր պետք է հասկանանք՝ ինչ ռեսուրսներ կան, որոնք կարելի է համախմբել ու փորձել լուծումներ գտնել ստեղծված իրավիճակում:

Վահե Հակոբյան

– Իսկ որո՞նք են այդ ռեսուրսները, ի՞նչ հնարավոր քայլեր եք տեսնում:

– Առաջին հերթին պետք է օգտագործվի այս իրավիճակն Արցախի սուբյեկտայնությունը վերականգնելու, աշխարհի համար Արցախի ձայնը լսելի դարձնելու, Արցախին՝ իր անունից, իր դեմքով խոսելու, ներկայանալու հնարավորություն ստեղծելու համար: Բոլորս և՛ Արցախում, և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում դրան պետք է ծառայեցնենք մեր կապերն ու ռեսուրսները, բոլոր օբյեկտիվ ու սուբյեկտիվ խոչընդոտները պետք է հաղթահարվեն: Պետք է համախմբվի նաև մտավոր կապիտալը, բոլոր առաջարկները, բոլոր գաղափարները պետք է հավաքագրվեն, և փորձ արվի դրանք կյանքի կոչել՝ անկախ արդյունավետության աստիճանից: Նույնիսկ նվազագույն արդյունքն այսօր կարևոր է: Ինչ վերաբերում է աշխատանքի ուղղություններին, ապա դրանք շատ են, ու դրանց մասին առիթ ունեցել ենք խոսելու:

Առաջինը՝ գլոբալ միջազգային հանրությունն է: Այս իրավիճակը, Ադրբեջանի այս քաղաքականությունն ու հռետորաբանությունը պետք է մեկընդմիշտ օրակարգից ու դիսկուրսից դուրս մղեն Արցախյան հակամարտության կարգավորման բոլոր այն սցենարները, որոնք դիտարկում էին Արցախի ապագան Ադրբեջանի կազմում: Մեկընդմիշտ պետք է ամրագրվի, որ Արցախը չունի ապագա Ադրբեջանի կազմում, կարգավորման հիմքում պետք է լինի «անջատում հանուն փրկության» բանաձևը:

Հնարավորություններ է ստեղծում նաև փաստը, որ Արցախի ԱԳ նախարարը գտնվում է Երևանում և ունի տեղաշարժի ազատություն, ինչն էլ պետք է լայնորեն օգտագործել՝ «անջատում հանուն փրկության» բանաձևն ու Ադրբեջանին բանակցային սեղան վերադարձնելու անհրաժեշտության հարցն առաջ մղելու համար: Պետք է ողջ առկա ռեսուրսը, Հայաստանի, Արցախի, Սփյուռքի բոլոր կապերը ներդնել, որ Արցախի արտգործնախարարի համար պատշաճ միջազգային այցեր կազմակերպվեն, նրա համար պատշաճ ընդունելություն ապահովվի մի շարք, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ և բարեկամ երկրներում, ինչն էլ հնարավորություն կտա «միս ու արյուն տալ» վերը նշված օրակարգին:

Միջազգային դերակատարները, հատկապես՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները, պետք է կոչերից անցնեն Արցախի ճանաչման ուղղությամբ հստակ քայլերի կամ առնվազն այս ուղղությամբ ակտիվ քննարկումներ տանեն, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ շրջափակումը կարող է իր համար ծանր ու անդառնալի հետևանքներ ունենալ: Բայց հիմնական ու հրատապ աշխատանքի առաջնային ուղղությունն, իհարկե, Ռուսաստանի Դաշնությունն է: Նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը կոպտորեն խախտվում է, իսկ ՌԴ-ն դրա երաշխավորն է, Լաչինի միջանցքով անվտանգ երթևեկություն ապահովողը, ինչն, այսօր, փաստացի, չի արվում: ՌԴ-ն անվտանգային ու ռազմաքաղաքական պարտավորություններ ունի նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ, և կարիք կա այսօր ի լուր աշխարհի ու Ադրբեջանի ևս մեկ անգամ վերահաստատել դրանք: Բնականաբար, հստակ քայլեր պետք է ձեռնարկվեն նաև խաղաղապահ առաքելության, դրա գործունեության ժամկետի, լիազորությունների հետ կապված՝ առիթ ունեցել եմ այդ մասին խոսելու:

Ռուսական խաղաղապահ առաքելությունն Արցախի բնակչության անվտանգության միակ միջազգային երաշխավորն է, իսկ այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ այդ անվտանգությանը լրջագույն վտանգներ են սպառնում: Հետևաբար, պետք է ամրագրվի, որ նոյեմբերի 10-ի հայտարարության դրույթը, որը հնարավորություն է տալիս Ադրբեջանին 5 տարին լրանալուն պես առաքելության դուրս բերման հարց բարձրացնել, կորցրել է իր ակտուալությունը, և առաքելությունն անժամկետ է դառնում՝ մինչև առկա վտանգներն իսկապես վերանան: Ակնհայտ է նաև, որ խաղաղապահ առաքելությունն իր այսօրվա ծավալով ու ռեսուրսներով չի կարողանում լիարժեք կատարել իր առջև դրված խնդիրները, ուստի պետք է մեծացվի դրա թե՛ մարդկային, թե՛ ռազմական պոտենցիալը:

Անհրաժեշտ է օպերատիվ և ուղիղ կապ գործի Արցախի և ՌԴ պետական ինստիտուտների միջև, որը թույլ կտա արագ արձագանքել արտակարգ իրավիճակներին:

Խոսել ենք նաև Հայաստանի ու Արցախի միջև օդային կայուն հաղորդակցություն հաստատելու կարևորության մասին՝ Լաչինի միջանցքի շրջափակումն իմաստազրկելու և հետևանքները հաղթահարելու նպատակով: Այդ օդային հաղորդակցությունը պետք է մշտական բնույթ ստանա ու մշտական այլընտրանքային կապ դառնա Արցախի և Հայաստանի, Արցախի և աշխարհի միջև:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031