Լրահոս
Օրվա լրահոսը

Որեւէ բանի «ֆորպոստ» կամ «բաստիոն» լինելը վատ է

Հունվար 10,2023 10:00

«Ազգային-ժողովրդավարական բեւեռ» կազմակերպությունը կիրակի օրը բողոքի ցույց անցկացրեց Գյումրիում՝ 102-րդ ռազմաբազայի մոտ: Ես իմ վերաբերմունքն ունեմ այդ կազմակերպության հանդեպ, եւ հատկապես՝ 2016 թվականին, այսպես կոչված, «Սասնա ծռերի»՝ ոստիկանական գնդի վրա հարձակման ու մարդասպանության վերաբերյալ: Ավելին՝ ես չեմ կարծում, որ Ռուսաստանի՝ իր պարտավորությունների կատարման պահանջը պետք է դրվի զիվորականների առաջ, առավել եւս՝ Բերձորի միջանցքում չգտնվող: Ադրբեջանի կողմից շրջափակումը չվերացնելը Ռուսաստանի քաղաքական ղեկավարության որոշումն է, ոչ թե՝ զինվորականների: Հետեւաբար, ավելի բնական կհամարեի, որ ցույցը տեղի ունենար Երեւանում՝ Ռուսաստանի դեսպանատան մոտ:

Բայց ես չեմ հասկանում նաեւ նրանց, ովքեր չափից դուրս խանդավառ կերպով դատապարտում են ԱԺԲ-ի ցույցը: Այդ «դատապարտումներից» կարող է տպավորություն ստեղծվել, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը տեր են իրենց ստորագրություններին, իսկ ահա մի քանի տասնյակ մարդ բողոքում է այդ երկրի եւ այդ կառույցի անթերի աշխատանքի պարագայում: Իրականում չեմ կարծում, որ այս հարցում հայաստանյան հասարակության մեջ կան լուրջ տարաձայնություններ՝ դժգոհ են գրեթե բոլորը: Մեր խնդիրն է գտնել մեզ միավորող, ոչ թե բաժանող կետերը, եւ ամեն մի առիթով իրար երեսի չշպրտել «Արեւմուտքի գործակալներ», «Պուտինի ագենտուրա» մեղադրանքները:

Ընդհանրապես, այն գաղափարը, թե կա երկու ուղի, որոնցից մեկում մեզ սպասում է փրկություն եւ զարգացում, իսկ այլ տեղում՝ ստրկություն եւ գաղութացում (այդ բաժանարար գծի կողմնակից է նաեւ նույն ԱԺԲ-ն), սնամեջ է եւ անիմաստ: Ռուսաստանի «ֆորպոստ» կամ «գուբերնիա» լինելը նույնքան վատ է, որքան ժողովրդավարության «կղզյակ» կամ «բաստիոն»: Ժողովրդավարությունը, որքան կարեւոր է մեր ներքին կյանքի կազմակերպման համար, այնքան անպետք է որպես մի «ապրանք», որը կարելի է վաճառել Արեւմուտքի վրա: Ադրբեջանի հետ համեմատ մեր ավելի ժողովրդավար լինելը մեզ որեւէ առավելություն չի տվել պատերազմում, եւ դրանից հետո էլ չի փրկում մեզ Ադրբեջանի ագրեսիայից եւ Արցախի շրջափակումից: Ճիշտ նույն ձեւով մեզ չի պաշտպանում Ռուսաստանի հետ նոմինալ առումով «դաշնակից» եւ ՀԱՊԿ անդամ լինելը:

Մեր ամենակարեւոր խնդիրներից մեկն է՝ մտածել այդ հարացույցից (պարադիգմից) դուրս, զուտ պրագմատիկ դաշտում: Ոչ թե վիճել, թե այդ երկընտրանքից որն է ավելի լավը, որը՝ վատը, այլ՝ ընդհանրապես հրաժարվել այդ երկընտրանքից, դեն նետել այն:

Առանց այդ էլ բազմաթիվ անիմաստ բաժանարար գծեր ունենք, մասնավորապես՝ «ներկաներ»-«նախկիններ»: Արդյոք վեճի նոր թեմաներ ստեղծելու ժամանա՞կն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Hovik Manvelyan says:

    Ժողովրդավար լինելը մեզ որեւէ առավելություն չի տվել պատերազմում, որովհետև մեր դաշնակիցն է ոչ ժողովրդավար Ռուսատանը, եթե մեր դաշնակիցը լիներ ԱՄՆ-ն, Անգլիան, Ֆրանսիան և մյուս ժողովրդավար երկրները և մենք լինեինք NATO-ի անդամ, դա մեզ առավելություն կտար պատերազմում, ավելի ճիշտ կլինի ասել՝ պատերազմ չէր էլ լինի:

    • Ջորդանո Գալիլյան says:

      “Ժողովրդավար լինելը…”

      Նախ եւ առաջ՝ Հայաստանը ժողովրդավար չի եղել ոչ նախկինների ժամանակ, ոչ էլ, առաւել եւս, Նիկոլի թավշյա խեղկատակությունից հետո: Նիկոլի կառուցածը սովորական փնթի բռնապետություն է՝ դավաճանական-կոլաբորացիոնիստական զեղումներով…

      “Ժողովրդավար լինելը մեզ որեւէ առավելություն չի տվել պատերազմում, որովհետև մեր դաշնակիցն է ոչ ժողովրդավար Ռուսատանը,…”

      Ա՜յ քեզ տրամաբանություն… Ռուսաստանը քեզ տալիս է «ոչ ժողովրդավար» գազ ու զենք՝ համարյա ձրի, ու դու դեռ բողոքու՞մ ես: Հակառուսական հիստերիա ես բարձրացնում, թուրքերի հետ պաչ-պռոշտի, բանակը քանդում ես, սկսում քո զրոյական կետից, պատերազմ հրահրում ու դիտավորյալ պարտվում քո կիրթ ու կառուցողական յոլդաշին՝ ռու՞սներն են մեղավոր…

      “…եթե մեր դաշնակիցը լիներ ԱՄՆ-ն, Անգլիան, Ֆրանսիան և մյուս ժողովրդավար երկրները և մենք լինեինք ՆԱՏՈ-ի անդամ, դա մեզ առավելություն կտար պատերազմում,”

      Ոչ մի առավելություն էլ չէր տա: Եւ ԱՄՆ-ն, եւ Անգլիան, եւ Ֆրանսիան առաջնորդվում են իրենց շահերով, այլ ոչ թե կորած-մոլորած երկրների «ժողովրդավարության» աստիճանով: Իրականում՝ «ժողովրդավարությունը», «արեւմտյան արժեքները», «մարդու իրավունքները» ընդամենը քարոզչական շղարշ են ու պատրվակ՝ այլ երկրների ներքին գործերին միջամտելու ու նորից իրենց շահերը առաջ տանելու համար: Ամենաթարմ օրինակը՝ Ադրբեջանը, չլինելով ոչ ժողովրդավար, ոչ էլ ՆԱՏՕ-ի անդամ, բոլոր այդ երկրների «հուսալի գործընկերն» է…

      “…ավելի ճիշտ կլինի ասել՝ պատերազմ չէր էլ լինի:”

      Պատերազմ չէր լինի, եթե Նիկոլի նման ազգակործան պատուհասին ձեր սիրած «ժողովրդավարական» երկրները իշխանության չբերեին: Ռուսներին այստեղից քշելու համար դրանք Նիկոլի ճղճիմ բռնապետությունը կհռչակեն «ժողովրդավարության բաստիոն», իսկ Հայաստանից մնացած փշրանքներն էլ կգցեն Թուրքիայի երախը…

  2. Լավատես says:

    Մենք ունենք բարձրակարգ քաղաքագետներ, վերլուծաբաններ, կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, ազգասեր ռազմական, գիտական, հոգեւոր մտավորականություն, սա է ժողովրդի քաղհասարակությունը, որը պատրաստ է պայքարել հանուն մարդասիրական եւ ժողովրդասիրական սկզբունքների հաղթանակի: Նման ազգային սերուցք կա նաեւ մեր հազարամյակների բնիկ հարեւանների մեջ, լինի վրացի, իրանցի, կովկասյան ժողովուրդներ: Ցանկացած հակամարտություն բնիկ ժողովուրդների միջեւ աշխարհի որ ծայրում էլ լինի’ դա գոյաբանական խնդիր է ոչ միայն հակամարտող, այլեւ բոլոր մնացած բնիկ ժողովուրդների համար: Ոչբնիկների համար, հակառակը, ինչքան շատ իրար ուտեն բնիկները, այնքան ոչբնիկների իշխանությունը կամրապնդվի բնիկների հողերի վրա եւ բնիկների նկատմամբ: Ոչբնիկների ընդհանուր կարգախոսն է’ բնիկների հողն ու հարստությունն առանց բնիկների, սա զուտ պարազիտ շիզոիդների կարգախոսն է: Երբ մարդուն գրոհում են պարազիտ մանրէները եւ նա հիվանդանում է, նրա ջերմությունը բարձրանում է եւ բարձր ջերմության պայմաններում պարազիտները ոչնչանում են եւ մարդս առողջանում է: Սովետը կարծում եմ քանդվեց, երբ նրա դիմադրողականությունը զրոյացվեց’ երբ նրա հատուկ ծառայությունները ծախվեցին, իսկ չծախվողներին վերացրին: Բայց մենք ունենք ազգային սերուցք եւ մեր իսկական հարեւանները նույնպես ունեն իրենց ազգային սերուցքը, որոնք իրենց վրա պետք է վերցնեն ազգի դիմադրողականության գործը: Բնիկների միջեւ հակամարտությունները հրահրում են պարազիտ ոչբնիկ շիզոիդները, որոնց նպատակն է ոչնչացնել եւ քշել բնիկներին իրենց հողից: Մեր ազգային սերուցքը թող փորձի միավորվել բնիկ ազգերի ազգային սերուցքների հետ եւ համատեղ ակցիաներ կազմակերպեն բնիկ ազգերի հակամարտությունները հանգցնելու եւ ռազմավարական համագործակցության վերածելու: Փորձենք համատեղ ուժերով ռուս ուկրաինական հակամարտությանը վերջ դնենք: Մենք հայերով կարող ենք գլխավորել այդ գործընթացը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031