Լրահոս
Օրվա լրահոսը

Որքանով են վտանգավոր միզուղիների ինֆեկցիաները․ որոնք են դրանց զարգացման հիմնական պատճառներն ու ռիսկի գործոնները

Հունվար 10,2023 09:30

Միզուղիների ինֆեկցիաներն առաջանում են, երբ բակտերիաները, ներթափանցելով միզուկի մեջ, ախտահարում են միզուղիների տարբեր հատվածները, ավելի հաճախ՝ միզապարկը։ Դրանք կարող են ախտահարել անգամ երիկամները (պիելոնեֆրիտ), և թեև այդ դեպքերն ավելի հազվադեպ են, բայց և ավելի վտանգավոր են, քան միզապարկի ինֆեկցիան։

Միզուղիների ինֆեկցիաներ առաջացնող մանրէները հիմնականում թափանցում են հաստ աղիքից, սեռական հարաբերությունը նույնպես միզապարկի ինֆեկցիայի զարգացման պատճառ կարող է լինել։ 

Միզուղիների ինֆեկցիաները կանանց ու աղջիկների մոտ ավելի հաճախ են առաջանում՝ պայմանավորված նրանց անատոմիական կառուցվածքի առանձնահատկություններով։ 

Միզուղիների ինֆեկցիաների ախտանշանները

Առավել տարածված ախտանշանը հաճախակի միզելու ցանկությունն է, որը կարող է ուղեկցել մարդուն անգամ պետքարանից դուրս գալուց հետո։ 

Միզուղիների ինֆեկցիաների այլ ախտանշաններն են՝ 

  • Ցավը կամ այրոցի զգացումը միզելիս,
  • մեզի մեջ արյան կամ թարախի առկայությունը,
  • մեզի վատ հոտը կամ պղտոր գույնը,
  • Ցավը, ճնշումը կամ կծկումները որովայնի ստորին հատվածում, մեջքի կամ կողքի շրջանում։

Եթե ինֆեկցիան բարձրացել է երիկամներ, ապա կարող են լինել հետևյալ ախտանշանները՝

  • Ցավ մեջքի, կողքի (կողոսկրի տակ) և աճուկի շրջանում,
  • բարձր ջերմություն և դող,
  • սրտխառնոց և փսխում։

2 տարեկանից ցածր երեխաների շրջանում երիկամների ինֆեկցիան կարող է և ոչ մի ախտանշանով չդրսևորվել։ Նրանք կարող են միայն բարձր ջերմություն ունենալ, սակայն ցավեր և միզարձակման հետ կապված խնդիրներ չունենալ։ 

Որոշ դեպքերում տարեց մարդկանց մոտ նույնպես կարող են չարտահայտվել տիպիկ ախտանշանները, այլ միայն նկատելի լինել անմիզապահություն, խոսքի որոշակի խանգարումներ և այլն։  

Միզուղիների ինֆեկցիաների պատճառները

Միզուղիների ինֆեկցիաների հարուցիչները բակտերիաներն են, ավելի հաճախ՝ աղիքային ցուպիկը, բայց կարող են լինել նաև այլ մանրէներ և սնկեր։ Ռիսկի որոշ գործոնները մեծացնում են միզուղիների ինֆեկցիաների առաջացման հավանականությունը։ Այդ գործոններն են՝ 

  • Եթե մարդը նախկինում ունեցել է միզուղիների ինֆեկցիաներ, մեծ է այլ վարակ «վերցնելու» հավանականությունը,
  • ճարպակալումն ու ավելորդ քաշը,
  • դիաբետը,
  • սպերմիցիդների ու դիաֆրագմայի (բեղմնականխման միջոցներ) օգտագործումը,
  • սեռական հարաբերությունների հաճախակիությունը (Մեղրամիսային ցիստիտ),
  • հղիությունը,
  • երիկամների քարերն ու միզուղիներում այլ խոչընդոտները նույնպես միզուղիների վարակների զարգացման վտանգի գործոն են։

Երբ դիմել բժշկին

Միզուղիների ինֆեկցիաները կարող են կյանքի համար վտանգավոր լինել, եթե չեն բուժվում կամ ախտահարում են երիկամները։ Եթե ձեզ մոտ նկատելի են պիելոնեֆրիտի ախտանշաններ, պետք է անմիջապես դիմել բժշկին՝ հետազոտվելու և անհրաժեշտ բուժում ստանալու համար։

Բժշկին անհապաղ դիմելու ցուցիչ է մեզի մեջ արյան առկայությունը, որը կարող է ինչպես միզուղիների ինֆեկցիաների, այնպես էլ երիկամների լուրջ խնդիրների մասին վկայել։ 

Միզուղիների ինֆեկցիաների ախտորոշումը

Բժշկական զննումն ու մեզի անալիզը այս խնդրների ախտորոշման առաջնային քայլերն են։ Ըստ անհրաժեշտության կատարում են մեզի բակտերիաբանական հետազոտություն և հակաբիոտիկների հանդեպ զգայունության որոշում՝ հակաբիոտիկների նշանակման համար։  

Բուժումը

Կախված այն տեղեկությունից, թե որքանով է տարածվել միզուղիների ինֆեկցիան և որքանով է այն լուրջ, նշանակվում է համապատասխան բուժում, որը հիմնականում իրականացվում է հակաբիոտիկների օգնությամբ․ միզապարկի պարզ ինֆեկցիայի դեպքում կարող է նշանակվել հակաբիոտիկների եռօրյա կուրս, բարդությունների դեպքում կարող է հիվանդանոցային բուժման անհրաժեշտություն առաջանալ։

Հազվադեպ կարող է վիրահատական միջամտություն պահանջվել, երբ միզուղիների ինֆեկցիան ուղեկցվում է միզուղիների խցանումով, ինչը կարող է տեղի ունենալ երիկամաքարային հիվանդության դեպքում։ 

Միզուղիների ինֆեկցիաները կարող են թեթևակի անհարմարություններ պատճառել, բայց և լինել շատ բարդ ու վտանգավոր։ Դրանց կանխարգելման համար խորհուրդ է տրվում՝

  • Միզել սեռական ակտից անմիջապես հետո,
  • Բավականաչափ հեղուկ օգտագործել,
  • Նախապատվությունը տալ ցնցուղին՝ հաճախակի լոգանք ընդունելու փոխարեն,
  • Պետքարանից օգտվելիս պահպանել հիգիենայի պարզ կանոնները։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Նյութը պարունակում է տեղեկություններ հետևյալ աղբյուրից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031