Լրահոս
Օրվա լրահոսը

Անկարան անհանգստացած է Հայաստան-Իրան համագործակցությունից. Ermenihaber

Հունվար 09,2023 23:03

Հունվարի 3-ին Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ և ավագ խորհրդական Իբրահիմ Քալընը թուրքական NTV հեռուստաալիքի ուղիղ եթերում ակնհայտ մտահոգություն է հայտնել Իրան-Հայաստան համագործակցության որոշ դրվագների առնչությամբ։

«Իրանի հայաստանամետ դիրքորոշումները, հայտարարությունները տխրեցնում են ինչպես ադրբեջանական կողմին, այնպես էլ՝ մեզ են։ Մենք այս մասին ևս խոսում ենք իրանական կողմի հետ և ցանկանում ավելի մանրամասն խոսել», – հայտարարել է Իբրահիմ Քալընը՝ ընդգծելով, թե Հարավային Կովկասի խաղաղությունն ու կայունությունը կախված է այն առողջ հաղորդակցումից, որը հաստատելու են Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Հայաստանը և նաև Վրաստանը։

Ավելին՝ Թուրքիայի նախագահի խոսնակն ակնարկել է Իրան-Ադրբեջան լարվածությունը, որը, ինչպես ցույց տվեց 2022 թվականը, որոշակիորեն աճ գրանցելու միտում ունի, առաջիկայում եռակողմ՝ այն է պաշտոնական Անկարայի մասնակցությամբ որևէ հարթակում առավել կենտրոնացված և մանրամասն քննարկելու մտադրության մասին։

«Օրբելի» կենտրոնի փորձագետ, թուրքագետ Էլյա Հարությունյանի կարծիքով՝ Քալընի խոսքերը վկայում են այն մասին, որ Անկարան Հարավային Կովկասում իր ազդեցությունը մեծացնելու և դիրքերն ամրապնդելու համար այս դեպքում որպես պատրվակ օգտագործելու է Ադրբեջան-Իրան հարաբերություններում առկա խնդիրները, որոնց թվի աճն էլ ուղիղ համեմատական է Հայաստանի դեմ Բաքվի պահանջների շարունակմանը։

«Թուրքիան այդ նախաձեռնությամբ, որը, հնարավոր է ներկայացնի որպես «միջնորդական», փորձելու է կանխել Իրանի ակտիվությունը Հարվային Կովկասում»,- Ermenihaber.am-ի հետ զրույցում նշեց փորձագետը։

Տարածաշրջանային քաղաքականության հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը նույնպես ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Թուրքիան Արցախյան 44-օրյա պատերազմի, ՌԴ-Ուկրաինա ճգնաժամի հետևանքներով Հրվ․ Կովկասում սեփական շահերը բավարարելու համատեքստում արդեն բացահայտ և ակտիվ մրցակցության մեջ է Իրանի և Ռուսաստանի հետ։

«Չնայած Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրա արդյունքներով Թուրքիան և նաև Ռուսաստանը հաջողեցին Իրանին դուրս թողնել տարածաշրջանային զարգացումներից՝ Իրանն այժմ, օգտվելով ուկրաինական ճակատում առաջացած բարդությունների պատճառով մեր տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի որոշակի թուլացումից, փորձում է վերադառնալ զարգացումների կիզակետ։ Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող այնպիսի հարցերում, ինչպիսիք են Հայաստան-Իրան սահմանի անփոփոխելիությունը և հետևաբար նաև «Զանգեզուրի միջանցքի» նախագծի տապալումը, բարձրաձայնելով հստակ դիրքորոշում՝ Իրանը փորձում է ամրապնդել դիրքերը Հայաստանում, ինչպես նաև, կրոնական գործոնի օգտագործմամբ, ակտիվանալ Ադրբեջանում՝ այդպիսով մնալով մեր տարածաշրջանում»,- այս մասին Արմեն Պետրոսյանը նշեց Ermenihaber.am-ին տված մեկնաբանությունում։

Փորձագետը միաժամանակ ընդգծեց, որ թուրք-ադրբեջանական դաշինքը հստակ մեխանիզմներ է գործարկում Իրանի հավակնությունները զսպելու համար՝ հավելելով, որ Իբրահիմ Քալընի հայտարարությունը դիտարկելի է քաղաքական մեխանիզմների գործարկման հարթությունում, իսկ 2022-ի դեկտեմբերին ականատես ենք եղել նաև ռազմական հարթությունում այնպիսի քայլերի, ինչպիսին էր Ադրբեջան-Իրան սահմանին Թուրքիա-Ադրբեջան երկկողմ զորավարժությունը և դրանով տրված ուղերձն առ այն, որ դա նաև ուղղված է Իրանի դեմ։

Հատկանշական է, որ հատկապես վերջին շրջանում թուրքական մերձիշխանական լրատվամիջոցները, և սյունակագիրները ևս, ակտիվ հակաիրանական թեզեր տարածելուն զուգահեռ, շեշտում են Հարավային Կովկասում Թուրքիայի ավելի մեծ դերակատարում ստանձնելու հեռանկարի և հաճախ նաև անհրաժեշտության մասին։

Թուրքական այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են Haber7-ը, YeniAkit-ը, Milliyet-ը, հրապարակում են հոդվածներ և լրատվանյութեր, որոնցում Թեհրանը մեղադրվում է Հայաստանին և հայերին աջակցելու, Ադրբեջանի դեմ հրահրելու և անգամ զինելու մեջ։ Իրանը ներկայացվում է, որպես «Զանգեզուրի միջանցքի» բացմանը դեմ հանդես եկող հիմնական կողմերից մեկը և որպես նրա հիմնական մտահոգության պատճառ է ներակայացվում վախն այն բանից, որ Ադրբեջանն ու Թուրքիան ազդեցիկ կդառնան տարածաշրջանում։ Մինչդեռ երկրորդական են ներկայացվում «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ Թեհրանի համար ծագելիք խնդիրները՝ Սև ծով և ՌԴ հասնելու հետ կապված։ Երկրորդական են ներկայացվում նաև Հարավային Կովկասում ունեցած Իրանի թեկուզև ոչ մեծ ազդեցությունը և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի տարանցիկ երկիր լինելու իր նշանակությունը կորցնելու հետ կապված հարցերը։

Ինչպես վերոնշյալ հարցազրույցում հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակը, առաջիկա շաբաթներին Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին այց է կատարելու Թուրքիա։

Դեկտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ Ասիայի խորհրդարանական վեհաժողովի 13-րդ նիստին մասնակցելու նպատակով Թուրքիա է մեկնելու նաև Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Այցի շրջանակներում նա նաև Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտոնակիցների հետ եռակողմ հանդիպմանն է մասնակցելու:

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031