ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով այսօր մի շարք փոփոխություններ են կատարվել կառավարության կազմում։
Կառավարության պաշտոնական կայքէջի «Վարչապետի որոշումներ» բաժնում հրապարակված վարչապետի որոշմամբ Դավիթ Համբարյանն ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի, իսկ Արփինե Սարգսյանը` արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ նրանք նշանակվել են նոր կազմավորված ներքին գործերի նախարարի տեղակալներ։
ՀՀ փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ է նշանակվել Կամո Ցուցուլյանը, որը նախկինում զբաղեցնում էր ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնը։
Կարդացեք նաև
Իսկ նախկինում ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնող Արամ Հովհաննիսյանը Փաշինյանի որոշմամբ, նշանակվել է ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ միգրացիոն ծառայության նախկին պետ Արմեն Ղազարյանը նշանակվել է միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ։
Հայաստանում ՆԳՆ-ն գոյություն է ունեցել մինչև 2003 թվականը, ապա դրա հիման վրա ստեղծվել է ՀՀ ոստիկանությունը։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը հուլիսին հայտնել էր, որ Հայաստանի ներքին գործերի նախարարությունը կձևավորվի արտակարգ իրավիճակների նախարարության հենքի վրա և կներառի ԱԻՆ–ի, ոստիկանության և միգրացիոն ծառայության բոլոր ստորաբաժանումները։ ՆԳ նախարարը կունենա մի քանի տեղակալ, որոնցից մեկը` ՆԳ տեղակալ /ոստիկանապետ, մյուսը` ՆԳ տեղակալ /Փրկարար ծառայության պետ, և ընդհանուր ՆԳ տեղակալ, որը կհամակարգի մնացած բոլոր ստորաբաժանումները։