Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառավարությունը պարտավոր է Միջազգային դատարան դիմել Արցախի շրջափակման հարցով նաեւ ցեղասպանությունը կանխարգելելու կոնվենցիայի հիմքով

Հունվար 09,2023 19:44

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը պահանջ է ներկայացրել ՀՀ կառավարությանը, որի տեքստն ամբողջությամբ ներկայացվում է ստորև.

 

ԶԼՄ-ներից պարզ է դարձել, որ Արցախին շրջափակելու դեպքի հետ կապված Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակում:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի կողմից 14.12.2022 թվականի դատապարտող հայտարարությամբ կուսակցության գործադիր մարմինը գտել էր, որ ադրբեջանական իշխանության կազմակերպած այս գործընթացը (փորձը) տեղավորվում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» Կոնվենցիայի (1948թ., այսուհետ՝ Կոնվենցիա) 2-րդ հոդվածում նշված միջազգային հանցագործության սահմանման ներքո:

Կոնվենցիայի 2-րդ հոդվածի «գ» կետի համաձայն՝ սույն Կոնվենցիայում ցեղասպանություն նշանակում է հետևյալ գործողություններից ցանկացածը՝ կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ.
(գ) որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը:

2015 թվականի փետրվարի 3-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի կիրառման վճիռը (Խորվաթիան ընդդեմ Սերբիայի գործով), որով մեկնաբանել է նաև Կոնվենցիայի 2-րդ հոդվածի «գ» կետը:

Ըստ նշված վճռի՝ «Ինչ վերաբերում է որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծմանը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, Դատարանը կրկնում է, որ հոդված II (գ) կետը ներառում է սպանություն չհանդիսացող ֆիզիկական ոչնչացման մեթոդները, որոնց միջոցով կատարողը կհասնի խմբի անդամների վերջնական մահվան: Ոչնչացման նման մեթոդները ներառում են, ի թիվս այլոց, սննդից, բժշկական օգնությունից, կացարանից կամ հագուստից զրկելը, ինչպես նաև սանիտարահիգիենիկ պայմանների բացակայությունը, տներից համակարգված արտաքսումը կամ չափազանց ծանր աշխատանքի կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության պատճառով հյուծվածությունը:..»:

Մեր կարծիքով, Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին շրջափակելը, ինչի արդյունքում Արցախի ժողովուրդը զրկվել է սննդից և մարդու գոյության համար անհրաժեշտ այլ միջոցներից, այդ թվում՝ դեղամիջոցներից, ինչպես նաև բժշկական օգնությունից, ամբողջությամբ համապատասխանում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի «գ» կետով նկարագրված պայմաններին:

Այս պարագայում, Հայաստանը պետք է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան հայց ներկայացներ ընդդեմ Ադրբեջանի նաև «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» Կոնվենցիայի շրջանակում, ինչն առնվազն կազդեր Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության վրա:

Վերոգրյալի հիման վրա,
Պահանջում ենք՝

1. ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան հայց ներկայացնել Ադրբեջանի դեմ՝ նաև «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» Կոնվենցիայի շրջանակում:

2. Մերժելու դեպքում՝ պատճառաբանել ՀՀ կառավարության նշված անգործությունը:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու՝ Արա Զոհրաբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031