Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդկաստանում «Սիգարոնը» կեղծել են

Հունվար 09,2023 19:11

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երեք պատգամավորները քննարկեցին եւ դրական եզրակացությամբ առաջիկա նիստերի օրակարգում ընդգրկելու համար առաջարկեցին ՀՀ կառավարության հեղինակած՝  «Ապրանքային նշանների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ Հայաստանի հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը:

Ըստ հիմնական զեկուցող, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանի, այս փոփոխությունները բխում են ԵՏՄ պայմանագրի՝ Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների մասին պայմանագրի դրույթներից: Նախագծով ներդրվում են «Միության ապրանքային նշան», որը Միության անդամ բոլոր երկրներում միաժամանակ պահպանվող նիշ է եւ ծառայում է ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների անհատականացման համար, «Միության ապրանքային նշանը գրանցելու հայտ», որը Միության ապրանքային նշանը գրանցելու համար անհրաժեշտ տեղեկություններ պարունակող փաստաթուղթ է եւ «Միության ապրանքային նշանների միասնական գրանցամատյան»՝ Միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների վերաբերյալ տեղեկությունների ամբողջություն, որը կազմված է ազգային բաժիններից եւ տեղադրվում է Միության պաշտոնական կայքում: Այս փոփոխություններով, ըստ փոխնախարարի, նաեւ կեղծ գրանցման դեպքերն են կանխարգելվելու:

Օրենքը տարանջատո՞ւմ է ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի մասերով ապրանքային նշանների խնդիրը եւ միեւնույն ապրանքանշանը հնարավո՞ր է գրանցել ԵՄ-ում էլ, ԵԱՏՄ-ում էլ՝ Ռաֆայել Գեւորգյանից հետաքրքրվեց ՔՊ-ական Շիրակ Թորոսյանը: Փոխնախարարը պարզաբանեց՝ ապրանքանշանը պաշտպանվածություն է ունենալու ՀՀ-ում եւ, ըստ հայտատուի ցանկության, գրանցում կիրականացվի այլ երկրներում: Նա մանրամասնեց կեղծ գրանցման դեպքերի մասին, հիշեցնելով հայտնի դեպք, երբ «Բուրգեր Քինգ» ապրանքանշանը եկել է Հայաստան, պարզվել է, դեռ 2000-ականներից նման ապրանքանշան կա Հայաստանում գրանցված՝ ըստ այդ ժամանակաշրջանի օրենսդրության: Անցյալ տարվա վերջին, դատարանի որոշմամբ, «Բուրգեր քինգ»-ին հաջողվել է գրանցել իր ապրանքանշանը:

«Պատկերացրեք, մի ապրանքային նշան գրանցված է ՀՀ-ում, նույնատիպ ապրանքանշան, ասենք, Ղրղըզստանում՝ յուրաքանչյուրն իր օրենսդրությանը համապատասխան: Անցնում ենք ԵԱՏՄ դաշտի նույնականացումը եւ պարզվում է երկու տեղում էլ նույն ապրանքանշանը գրանցված է, ընդ որում, կարող են լինել տարբեր ֆիրմաների անուններ»,- զրույցն ավելի առարկայական դաշտ տարավ իշխող խմբակցությունը ներկայացնող պատգամավորը՝ հետաքրքրվելով՝ ինչպե՞ս է նման դեպքերում խնդիրը լուծվելու: Փոխնախարարը նկատեց, որ այսօր էլ նման դեպքեր լինում են. «Սիգարոնի» հետ այդ դեպքն ունեցանք, երբ Հնդկաստանի արտադրողներից ոմանք, ակնհայտորեն, նման փաթեթավորմամբ, անվանմամբ, նույնիսկ կայքն էին կեղծել՝ տեսքի առումով, արտադրանք են թողարկում եւ իրենք Հնդկաստանում գրանցել են իրենց ապրանքանշանը»: Նա տեղեկացրեց, որ նման դեպքերում ներօրենսդրական համակարգով են հարցերը լուծվելու, դատական ընթացակարգերով, այդ թվում նաեւ ԵԱՏՄ-ում են այդպես լուծվելու:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031