Այսօր՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 29-րդ օրը, արցախաբնակ մայրիկները երեխաների հետ հավաքվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի դիմաց՝ բարձրաձայնելով շրջափակման հետեւանքով երեխաների համար կենսականորեն անհրաժեշտ սննդամթերքի, դեղորայքի եւ այլ անհրաժեշտ պարագաների բացակայությամբ պայմանավորված խնդիրները․ Ադրբեջանի հանցավոր գործողությունների պատճառով երեխաների բնականոն կյանքը խաթարված է, իսկ ծնողները անելանելի դրութան մեջ են հայտնվել:
Մայրերը ԿԽՄԿ-ին եւ այլ միջազգային կազմակերպություններին խնդրել են միջոցներ ձեռնարկել՝ երեխաների հիմնարար իրավունքները ապահովելու համար։
Մայրերը սոցցանցում հայտարարություն են տարածել, որում ասվում է․ «ԿԽՄԿ ֆունկցիաներից մեկը պատերազմից տուժածներին օգնելը, նրանց կյանքի ու արժանապատվության պաշտպանությունն է: Այս պահին վտանգված է մեր կյանքն ու արժանապատվությունը: Այսօր չենք գրելու, թե ինչքան դիմացկուն ենք ու դեռ ինչքան պիտի դիմանանք: Մեզ ընտելացրել են յուրաքանչյուր վիճակի՝ պատերազմը նորից չսկսվելու վախը ընդմիշտ թողելով մեր սրտերում: Այսօր ուզում ենք խոսել ստեղծված ծանր իրավիճակի մասին: Մեր ղեկավարությունը ճանապարհի ապաշրջափակման ժամանակացույցի վերաբերյալ որևէ տեղեկություն չունի, ավելին՝ բնակչությանը նախապատրաստում է երկարաժամկետ ճգնաժամի: Լավ, մինչև ե՞րբ: Խանութները դատարկ են, միայն քաղցրեղենի բաժնում կարելի է նկատել որոշակի ապրանքներ, էլ չենք խոսում բանջարեղենի խանութների մասին, որոնք վաղուց փակվել են: Երեխաների սննդակարգի պարտադիր մաս են կազմում բանջարեղենն ու մրգերը, բայց ինչի՞ մասին է խոսքը, տարրական կարտոֆիլը, գազարն ու սոխը շատերի տանը բացակայում են: Ալյուրի, ձվի, ձեթի, շաքարավազի, պանրի ու մի քանի տեսակ հատիկեղենի համար ահռելի հերթեր են կուտակվում ու ռեսուրսների անհամաչափ բախշում է տեղի ունենում: Մարդիկ, որոնց զբաղվածությունը քիչ է, ի վիճակի են ժամերով հերթում կանգնել կամ խանութի աշխատողը բարեկամ է, կարողանում են օգտվել, իսկ մնացածը մնում են դատարկաձեռն: Չկա որևէ վերահսկողություն, ապրանքների բաշխման որևէ մեխանիզմ: Առկա է մանկական կաթնախառնուրդների, տակդիրների դեֆիցիտ. 5,6,7 չափերը իսպառ բացակայում են, մնացած չափերն էլ առավելագույնը 5 հատիկ են սկսել տրամադրել: Դժվարությամբ են գտնվում խիստ անհրաժեշտ հակաբիոտիկներ ու այլ դեղորայքներ, որոշները իսպառ բացակայում են»։
Հայտարարության մեջ մատնանշվում է նաեւ, որ արցախաբնակ ընտանիքների մի մասը «կիսված» է դեռ, իսկ որոշ երեխաներ բուժման նպատակով ՀՀ տեղափոխվելու կարիք ունեն։
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Անուշ Շահրամանյանի (Ստեփանակերտ)