Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին սուպերմարկետների քաղա՞ք․ գործարան հիմնելու ցանկություն ունեցող կա՞

Հունվար 09,2023 16:19

Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հետ հարցազրույցում հետաքրքրվեց, թե կա՞ որևէ գործարար, որն իր գումարը ներդնի ոչ թե սպասարկման ոլորտում, այլ ցանկություն հայտնի Գյումրիում գործարան կամ թեկուզ փոքր արտադրամաս հիմնելու։

Մենք նշեցինք նաև՝ երբ հայացք ես նետում կոլորիտ ունեցող այս քաղաքին, տպավորություն ես ստանում, թե այն վերածվում է սուպերմարկետների քաղաքի, օր օրի ավելանում է դրանց թիվը, իսկ սուպերմարկետները գցում են թե՛ քաղաքի տեսքը և թե՛ աշխատատեղեր ստեղծելու առումով առանձնապես մեծ դերակատարություն չունեն։

Վարդգես Սամսոնյանի լուսանկարը՝ Գյումրու համայնքապետարանի էջից

Գյումրու քաղաքապետը տեղեկացրեց, որ հետաքրքրվողներ կան։ Նա նշեց, որ տարբեր երկրների, այդ թվում՝ քույր-քաղաքների ներկայացուցիչների հետ բազմաթիվ հանդիպումների ժամանակ հայտարարել են, որ պատրաստ են հարմար գներով հողատարածքներ տրամադրել Գյումրիում։

«Մենք ասել ենք՝ Գյումրիում ունենք հողատարածքներ, եկեք, հարմար տարբերակով, հարմար գներով տրամադրենք։ Նույնիսկ համեմատություն ենք անցկացրել մեր ու իրենց երկրի հողի գների միջև՝ բիզնեսի համար գրավչություններն ի ցույց դնելով։

«Մսի կոմբինատ» թաղամասում եղել են ներդրում կատարելու ցանկություն հայտնողներ, Ռուսաստանից ներդրողների տարել, ցույց ենք տվել տեղանքը։ Եկել-տեսել, գնացել են, հուսով ենք պիտի գան, թղթաբանական խնդիրներ ունեն, լուծեն, որ կարողանան իրենց բիզնեսը տեղափոխել Գյումրի։

Ներդրողներից մեկը մինչև 1000 աշխատատեղ է խոստանում․ մյուսը՝ 200-300, տեսնենք ինչ կստացվի։ Բազում անգամ դրսում ապրող տես-ծանոթ գյումրեցիներ էլ որ գալիս են, ասում ենք՝ Գյումրիում տարածքներ ունենք, եկեք, աշխատուժը կա, պայմանները կան, էլ ի՞նչ է պետք ներդրումների համար։

Դեսպանների հետ հանդիպման ժամանակ էլ ասում ենք՝ որոշակի արտադրություններ տեղափոխեք մեր երկիր, համատեղ մի բան անենք։ Մեզ համար ավելի ընդունելի է աշխատատեղ ստեղծենք, մեր բնակչությունն իր քրտինքով վաստակի, քան ուղղակի օգնություն լինի։ Օգնությունը ճիշտ չէ, ավելի լավ է մարդ իր ջանք-եռանդով աշխատի, իր հանապազօրյա հացը վաստակի, քանի թե նստի, սպասի, թե մեկը պիտի գա, ինչով իրեն կօգնի։ Դեսպաններից մեկին հենց այդպես էլ ասել եմ, մեր բնակչությունը թասիբով, աշխատասեր ժողովուրդ է, արեք համատեղ աշխատատեղ ստեղծենք, ոչ թե առաջարկեք՝ ինչո՞վ օգնենք ձեզ»,-ասաց քաղաքապետը։

Վարդգես Սամսոնյանը հստակեցրեց, որ ներդրողներից մեկը ցանկություն է հայտնել հաստոցաշինական գործարան կառուցելու, նա այս պահին գործունեություն է ծավալում ՌԴ-ում․ արտադրանքը Մոսկվայից արտահանում է Եվրոպա։ Քաղաքապետն առաջարկել է գալ, արտադրել նաև Գյումրիում, Հայաստանից արտահանել Եվրոպա։

«Իրենք էլ են գիտակցում, որ Ռուսաստանից արտահանելու պրոբլեմ ունեն, իսկ Գյումրիում հայ գործարարների հետ համատեղ գործարան ստեղծելու դեպքում, ավելի հեշտ կլինի արտահանելը։ Կստեղծեն 100 աշխատատեղեր, և՛ հոսքագիծ է արտադրում, և՛ երկաթային կոնստրուկցիաներ՝ շենքեր կառուցելու համար։

Իրենք անգամ շտապում էին, թե հարթեցնենք այն հողատարածքը, որտեղ գործարանը կառուցվելու է, հուշագիրը կա, ավագանու քննարկմանն ենք ներկայացնելու, հաստատվելու դեպքում կտրամադրենք տարածքը։ Թղթաբանության հարց ունեն, դրանք լուծեն, կգան»։

Փոխըմռնման հուշագիր ստորագրվել է Գյումրու քաղաքապետի և «ԱՄՍՏԱԼ» ՍՊԸ-ի տնօրեն Համլետ Խաչատրյանի միջև։

Հուշագրում մանրամասնվում է, որ ընկերությունը նպատակ ունի Գյումրու տարածքում ստեղծել գործարանային կոմպլեքս, որտեղ արտադրվելու են արագ կառուցվող շինությունների շրջանակների համար անհրաժեշտ պողպատացինկային պրոֆիլի շինարարական բոլոր տեսակի նյութեր։ Վերը նշված նյութերի շնորհիվ հնարավորություն կստեղծվի անհամեմատ մատչելի արժեքներով կառուցել բնակելի տներ, դպրոցներ, մանկապարտեզներ և այլն։ Գործարանի հիմնադրումը/գործունեությունը կնպաստի Գյումրիում աշխատատեղերի ստեղծմանը:

Իսկ Գյումրու համայնքապետարանը պատրաստակամ է տրամադրել հողատարածք՝ 50 տարի ժամկետով։ «Արմստալ» ընկերությունն էլ պարտավորվում է իրականացնել մոտ 6 մլրդ դրամ և մոտ 15 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիր և ստեղծել մինչև 1.000 աշխատատեղ՝ արտադրության և շինարարական ծառայությունների ոլորտում:

Գործարանի կառուցումից շուրջ 9 ամիս հետո նախատեսվում է ջերմամեկուսիչ նյութերի և գիպսակարդոնի արտադրություն:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031