Լրահոս
Օրվա լրահոսը

Անհապաղ ջանքեր են անհրաժեշտ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ՝ օդային ճանապարհով հումանիտար աջակցություն հասցնելու նպատակով. «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հայտարարությունը

Հունվար 09,2023 16:04

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հայտարարությունը Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ

Դեռևս 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ամբողջական շրջափակումը, որը կոպտորեն խախտում է Լաչինի միջանցքի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը և արգելափակում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և աշխարհին կապող կյանքի ճանապարհը, գոյութենական լրջագույն սպառնալիք է ստեղծել այնտեղ ապրող շուրջ 120,000 հայերի համար։ Սրանով Ադրբեջանն առնվազն բռնի տեղահանության հիմքեր է ստեղծում, դրանով իսկ վարելով էթնիկ զտումների հստակ քաղաքականություն։

Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պատանդ է մնացել մի երկրի ձեռքում, որը չնայած ձգտում է մոտ լինել Եվրոպային, սակայն այսօրինակ իր գործողություններով կոպտորեն ոտնահարում և արհամարհում է համամարդկային քաղաքակրթական արժեքները։

Լաչինի միջանցքի երկարատև շրջափակումը հանգեցրել է ահագնացող հումանիտար ճգնաժամի, ինչը կարող է վերածվել հումանիտար աղետի։ Զգալի է դարձել առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի ու դեղորայքի պակասը։ Փաստացի, Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը զրկվել է ազատ տեղաշարժի իրավունքից, հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, ձմռան ցուրտ պայմաններում մնացել են ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ ակամա բաժանվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում։

Ադրբեջանը պարտավոր է անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը և իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունների շրջանակում երաշխավորել այդ կյանքի ճանապարհով Լեռնային Ղարաբաղի բնակիչների ազատ տեղաշարժը և տրանսպորտային միջոցների ու բեռների երթևեկության անվտանգությունը։

Կոչ ենք անում ողջ առաջադեմ մարդկությանը և համապատասխան միջազգային կառույցներին ներդնել իրենց բոլոր ջանքերը՝ կանխարգելելու հնարավոր նոր ցեղասպանությունը, ինչպես նաև պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի բնակչության բոլոր հիմնարար իրավունքները։

Միևնույն ժամանակ կոչ ենք անում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, այլ միջազգային կառույցներին ու շահագրգիռ պետություններին անհապաղ ջանքեր գործադրել Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ և երաշխիքներ ապահովել օդային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հրատապ հումանիտար աջակցություն հասցնելու նպատակով։

Վերահաստատում ենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավատարիմ է մնում իր առաքելությանը, որն ամբողջովին հիմնված է համամարդկային արժեքների ու հումանիտար սկզբունքների վրա։

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031