Ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբում ասաց. «Մենք նշում ենք, որ 2022 թվականը շատ ծանր էր եւ կանխատեսվում է, որ 2023-ը ավելի բարդ տարի է լինելու հայ ազգի, հայ պետականության եւ Արցախի համար: Բայց Հայաստանն ու հայ ժողովուրդը ընկան այս ծանր իրավիճակի մեջ 2018 թվականից սկսած, երբ սրանք գալով իշխանության՝ երկիրը հասցրին այնտեղ, ինչ այսօր ունենք:
Արցախը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից գտնվում է շրջափակման մեջ: Եվ սա ոչ թե բլոկադա է, սա ցեղասպանություն է: Մենք լավ ենք հասկանում, որ ցեղասպանություն իրագործվում է ոչ միայն էթնիկ խմբերի ֆիզիկական ոչնչացմամբ, այլեւ նրանց տեղահանման միջոցով: Ու մենք դրա դաժան փորձն ունեցել ենք 1914/1915 թվականների ժամանակ: Հիմա ցեղասպանության վիճակում գտնվում է մեր արցախահայությունը:
Վերջին շրջանում ականատես եղանք նաեւ այն իրավիճակին, որ արդեն գրեթե մեկ ամիս Արցախը գտնվում է շրջափակման մեջ, բայց ազգակործան այս պատուհասները որեւէ քայլ չեն անում այս վիճակը հարթելու, որեւէ կերպ լուծելու համար: Մեկ ամսվա շրջափակման պայմաններում նույնիսկ Արցախ ոչ մի դեղորայք տեղ չի հասնում այն դեպքում, երբ Ադրբեջանի տարածքից ինքնաթիռները ազատ չվերթներ են իրականացնում Նախիջեւանի տարածք: Երկու կոպեկի համար սրանք գոնե այդ չվերթները չդադարեցրին: Սրանք ցույց են տալիս, որ արհամարհած ունեն հային ճակատագրի առումով: Ավելին, արդեն շրջանառվում են լուրեր, որ, եթե չեմ սխալվում, փետրվարի 20-ի սահմաններում նոր համաձայնագիր են ձեռք բերելու Թուրքիայի հետ բեռնափոխադրում իրականացնելու համար: Բեռնափոխադրում՝ մի քանի լաթի, մի քանի կտոր շորի, ինչ-որ գումար աշխատելու համար՝ թողնելով հայ ազգի 120 հազար բնակչությանը սովամահ լինելու վիճակում: Սա է այս իշխանությունների վարած այսօրվա քաղաքականությունը:
Ես չեմ հասկանում, թե ինչքան կարող ենք բացատրել այս զոմբիացած մասսային, որ հասկանան. այս աղետը ամբողջ հայ ազգի վրա է կախված: Կարծես, աղետից առաջ մարդիկ թմբիրի մեջ են ու չեն հասկանում, որ աղետը արդեն եկել է Հայաստան: Արցախը կորցնելով՝ Հայաստանն ենք կորցնում: Պետք է ըմբռնել ու խորը վերլուծել, որ առանց այս իշխանության վերացման Հայաստանը, հայ ազգը ապագա չի ունենալու»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ