Անպտղության հաղթահարման պետական ծրագրում շահառուների ընդգրկումը 2022 թվականին աննախադեպ է եղել. 2019-ի սեպտեմբերից մեկնարկած ծրագրի շրջանակներում՝ մինչ օրս ծնվել է 253 երեխա, միայն նախորդ տարվա ընթացքում ծնվել է 128 երեխա: Նման գնահատական տվեց ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանն, այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում ներկայացնելով ՀՀ ԱՆ անպտղության հաղթահարման պետական ծրագրում նոր փոփոխությունների մանրամասները:
«Ծրագրում ներառվել են մինչև 36 տարեկան 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ բոլոր կանայք՝ անկախ նրանց կարգավիճակից և բնակավայրից: Նախկինում սա վերաբերում էր միայն սահմանամերձ շրջաններում բնակվողներին, զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց, սոցանապահովներին և հաշմանդամություն ունեցող կանանց: Այս բոլոր խմբերը վերացել են, մնացել են 36 տարեկան անզավակ, առաջնային անպտղություն ունեցող բոլոր կանայք »,-ասաց նա:
Այս խմբի համար սահմանվել է ամբողջական փաթեթ՝ անպտղության պատճառագիտության որոշում և բուժում, մինչև արհեստական սերմնավորումը և բեղմնավորումն իրականացվող պարտադիր հետազոտությունները, ներարգանդային սերմնավորման փորձերը և արտամարմնային բեղմնավորման մեկ փորձը՝ 100 տոկոս ֆինանսավորմամբ և երկրորդ փորձը՝ պետության 50 տոկոս մասնակցությամբ:
Վարչության պետի տեղեկացմամբ, սահմանվել է նաև երկրորդ խումբ՝ 36-42 տարեկան կանանց համար: Նրանց համար փաթեթը, համեմատաբար փոքր է, այն ներառում է միայն սերմնավորման փորձերը: Առաջին անգամ որպես ծրագրի շահառու են ներառվել նաև երկրորդային անպտղություն ունեցող զույգերը՝ 20-36 տարեկան սահմանամերձ բնակավայրերի այն բնակիչները, որոնք ունեն 1 երեխա: Ծրագրով նրանց հնարավորություն է տրվում ունենալ երկրորդ երեխա: «Կրկնեմ, որ պարտադիր պայմաններն են 20-36 տարեկան, այս պարագայում արդեն պարտադիր է ամուսնական կարգավիճակը, այսինքն` ամուսնությունը պետք է գրանցված լինի ՔԳԱԿ մարմիններում, լինեն սահմանամերձ բնակավայրի բնակիչներ և առնվազն մեկ տարվա ընթացքում գրանցում ունենան սահմանամերձ բնակավայրում: Նրանց տրամադրվող փաթեթը ներառում է անպտղության պատճառագիտության որոշումը, ներարգանդային սերմնավորումը և արտամարմնային բեղմնավորման մեկ փորձը: Այս դեպքում, այսինքն, հետազոտություններն անվճար չեն»,-նշեց Փաշայանը:
Կարդացեք նաև
Նա շեշտեց, որ ծրագրի շահառու դառնալու համար նախարարություն դիմելու կարիք չկա: Շահառուն նախ պետք է ընտրի ցանկալի կլինիկան, դիմի, մնացած գործընթացը կատարվում է նախարարության և կլինիկայի միջև: Կլինիկայում ձևավորված հանձնաժողովը որոշում է քաղաքացու կարիքները:
Փաշայանի խոսքով, Հայաստանում արդեն 5 բժշկական հաստատություն («Շենգավիթ» ԲԿ-ն «Աստղիկ» ԲԿ-ն, Մոր և մանկան գիտահետազոտական ինստիտուտը (Մարգարյան հիվանդանոց), «Ֆերթիլիթի սենթր» պտղաբերության կենտրոնը և Հանրապետական ծննդատունը) անպտղության հաղթահարման ընդլայնված ծրագրի շրջանակում պատրաստ է ընդունել շահառուներին: Չի բացառվում, որ տարվա ընթացքում դրանց թիվն ավելանա, բուժհաստատությունները կարող են դիմել պետպատվեր ստանալու համար:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ