Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոչ եմ անում մեր ընդդիմադիր պատգամավորներին ներկայանալ աշխատանքի, որի դիմաց իրենք վարձատրվում են». Պապոյան

Հունվար 09,2023 14:58

Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստին ընդդիմությունը դարձյալ չէր մասնակցում եւ հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը դիմեց ընդդիմադիր խմբակցություններին. «Ուզում եմ ուղղակի կոչ անել գալ եւ աշխատել, որովհետեւ իմ կարծիքով՝ ոչինչ չարժեն նրանց ելույթները, եթե նրանք Հաշվեքննիչ պալատի եզրակացության քննարկման ժամանակ չպիտի գան: Նրանք պետք է գան ու իրենց սուր հարցերն ուղղեն կառավարությանը, որ մեր հանրությունն էլ ամբողջապես տեղեկություն ունենա այս կամ այն միջոցների ծախսման վերաբերյալ: Կարծում եմ, մենք բավական քաղաքական կամք ենք դրսեւորում այդ հարցերը քննարկելու վերաբերյալ: Նախկինում երբեւէ նման բան չի եղել, որ իշխանությունը ինքը նախաձեռնի իր կառավարության գործունեության ուսումնասիրություն, ավելին ասեմ՝ ընդդիմության նախաձեռնությունները չեն արժանացել հավանությունների նման իրավիճակում, բայց մենք ինքներս ենք հիմա նախաձեռնում, որովհետեւ թափանցիկությունը, հաշվետվողականությունը մեր քաղաքական հանձնառությունն է: Մենք հաջորդ աբսուրդին ենք հանդիպում, երբ կառավարության թափանցիկության մասին ոչ թե ընդդիմությունն է խոսում, ոչ թե ընդդիմությունն է գալիս նիստերին ու այդ հարցերը տալիս, այլ իշխանությունը: Ես կոչ եմ անում մեր ընդդիմադիր պատգամավորներին գալ, ներկայանալ այն աշխատանքին, որի դիմաց իրենք վարձատրվում են ու կատարել իրենց աշխատանքը, այն է՝ հարցեր հնչեցնել, պարզաբանումներ պահանջել ու մեր քաղաքացիներին հուզող բոլոր հարցերը բարձրաձայնել: Սա խորհրդարանական պետության կարեւոր կողմն է»:

Պապոյանի խոսքով՝ պառլամենտարիզմի էությունն այն է, որ ընդդիմությունը կարողանա իր լծակները ամբողջապես օգտագործել, իսկ մեր ընդդիմությունը ունի լծակներ ու չի ուզում դրանք օգտագործել:

Հանձնաժողովի նիստում Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը ներկայացրեց Բյուջետային գրասենյակի կատարած աշխատանքների վերաբերյալ 2022-ի տարեկան հաշվետվությունը:

Նա ասաց, որ ողջ տարվա ընթացքում Բյուջետային գրասենյակին ուղղվել է 71 հարցում, որոնցից 39-ը՝ պատգամավորների, 5-ը՝ խմբակցություններից, 32-ը՝ հանձնաժողովներից: Հիմնականում հարցումները վերաբերել են բյուջեի նախագծին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031