Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց եւ հաստատվեց որոշման նախագիծ, որով նախատեսվում է հունվարի 20-ին առողջապահության հարցերի հանձնաժողովի հետ համատեղ նիստում պարզաբանումներ պահանջել Հաշվեքննիչ պալատից եւ առողջապահության նախարարությունից:
Առողջապահության նախարարությունում ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության ծառայությունների, ինչպես նաեւ սոցիալապես անապահով եւ առանձին խմբերի անձանց բժշկական օգնության նկատմամբ Հաշվեքննիչ պալատը հաշվեքննություն էր իրականացրել, որի արդյունքներն ու եզրակացությունը կասկածների տեղիք են տվել:
Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն ասաց, որ բոլոր եզրակացությունները հանձնաժողովում ուսումնասիրում են ու իր հանձնարարությամբ փորձագետները ընթացիկ ու ոչ ընթացիկ եզրակացությունների վերաբերյալ տալիս են կարծիք. «Հերթական հանձնարարության արդյունքում փորձագետները ավելի քան 10 եզրակացություններից այս երկու հարցի վերաբերյալ համարել են, որ արձանագրված որոշակի անհամաձայնություններն ու խեղաթյուրումները արժանի են պարզաբանման»:
Պապոյանն ասաց, որ Հաշվեքննիչ պալատի նախագահին եւ կառավարությանը նամակ կուղարկեն ու կհորդորեն համատեղ նիստին ներկա լինել, բացատրություններ տալ:
Կարդացեք նաև
ՔՊ պատգամավոր Միքայել Թումասյանը ճշտեց. «Ճիշտ հասկացա՞, որ մեր մասնագետները համաձայն չեն Հաշվեքննիչ պալատի եզրակացությունների հետ, թե՞ այլ բան կա»: Պապոյանը պատասխանեց, որ համաձայն լինել-չլինելու խնդիր չունեն. «Ենթադրենք, Հաշվեքննիչ պալատը 20 ուսումնասիրություն է իրականացնում եւ 16-ում չեն հայտնաբերվում էական խախտումներ, եւս 2-ում, օրինակ, անէական, չնչին շեղումներ են եղել, որոնք տեխնիկական բաներ են ու ԱԺ-ում քննարկելու խնդիր չունենք, բայց այս երկուսի դեպքում որոշակի անհամապատասխանություններ կան, որոնք լրացուցիչ քննարկման են արժանի, ուզում ենք պարզաբանումներ լսել նախարարությունից եւ Հաշվեքննիչ պալատից: Եթե այդ պարզաբանումները չբավարարեն, մենք պետք է քաղաքական պրոցեսով հետեւենք, որ այդ խնդիրները լուծվեն, որովհետեւ խոսքը այստեղ ՀՀ պետական բյուջեի մասին է, ՀՀ քաղաքացիներից հավաքագրված հարկերի մասին է եւ բնականաբար, մենք կառավարության հետ միասին ամեն ինչ պետք է անենք, որ այդ գումարները ծախսվեն առավելագույնս արդյունավետ եւ նպատակային: Հարցեր կան, որոնք մենք տալու ենք եւ հուսով եմ՝ կստանանք պատասխանները»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ