Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Արմինե Ադիբեկյան. «Հայաստանի իշխանությունները միայն լացում են, բայց ոչինչ չեն անում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, կամ պարզապես ցանկություն չունեն պաշտպանել հայերի շահերը»

Հունվար 09,2023 14:11

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Արցախի՝ արդեն 29 օր տոտալ շրջափակման հետեւանքով առաջացած մարդասիրական աղետին, ասաց. «Այս իրավիճակը կարելի էր հանգուցալուծել առաջին շաբաթում: Իսկ հիմա ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ բոլոր մասնակիցները հարմարվել են եւ ստեղծված իրավիճակից ելնելով՝ լուծումներ են փորձում գտնել: Այսինքն, հանգուցալուծման մասին խոսակցություն գրեթե չկա: Իրավիճակը հասցված է աբսուրդի եւ այդ աբսուրդի մեջ մարդիկ ընտելացել են. ադրբեջանցիներն իրենց չակերտավոր «մարդասիրական կամքն» են դրսեւորում՝ այդ ճանապարհով բաց թողնելով մեկ, երկու կամ երեք մեքենա եւ ամեն օր զեկուցում են, թե քանի մեքենա են «մարդասիրաբար» բաց թողել, Արցախում որոշակի քայլերի են դիմում, որպեսզի կարգավորվի հասարակական կյանքը ստեղծված ճգնաժամային իրավիճակում: Այսինքն, կտրոններ, պետպաշարներից հանված պարենային ապրանքներ, որոնք հնարավորություն են տալիս մարդկանց սովամահ չլինել: Իսկ Հայաստանի Հանրապետության իշխանությունները միայն լացում են, բայց ոչինչ չեն անում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, կամ պարզապես ցանկություն չունեն պաշտպանել հայերի շահերը: Առավոտից երեկո նրանք ինչ-որ մի տեղ լացում են, մեղավորներ նշանակում ու ինչ-որ պահանջներ են ներկայացնում արտաքին աշխարհին, որպեսզի ինչ-որ մեկը գա եւ իրենց կողմից ստեղծված, հովանավորված, անտեսված խնդիրը լուծի: Եվ վերջին հաշվով արտաքին աշխարհը, որը մեծ հաշվով թքած ունի այս ամեն ինչի վրա, որովհետեւ ունի ավելի գլոբալ, ավելի առաջնային խնդիրներ: Ձմեռ է եւ նրանք իրենց քաղաքացիներին սնելու ու տաքության մասին պետք է մտածեն, ինչի ապահովողը Ադրբեջանն է:

Ոչ մի եվրոպական պետություն, բացի բանավոր խոսքից ոչինչ չի կարող առաջարկել սովամահության շեմին գտնվող հայերին, որովհետեւ Ադրբեջանը այս իրավիճակում շատ ավելի նախընտրելի է, քան ինչ որ հայեր, որոնք մուննաթված ամբողջ աշխարհից ինչ-որ բան են պահանջում կամ սպասում՝ այդ աշխարհին ոչ մի բան չառաջարկելով: Բարոյականությունը՝ բարոյականությամբ, մարդասիրությունը՝ մարդասիրությամբ, բայց քեշ փողը միշտ մնում է քեշ փող:

Սա է իրավիճակը եւ այս իրավիճակը միտում ունի պահպանվել անվերջ, որովհետեւ ոչ ոք պատրաստ չի այս աբսուրդը հանգուցալուծել: Բայց այս աբսուրդի հանգուցալուծումը պետք է մի տեղ պայթի: Թե երբ, ոնց, ում նախաձեռնությամբ եւ ում հովանու ներքո, դրանք արդեն քննարկելի հարցեր են: Բայց, այնուամենայնիվ, սպասել, որ Ֆրանսիայի նախագահի ելույթից հետո ադրբեջանցիները շատ արագ վրանները կհավաքեն ու կգնան տներով, դա այդպես չի:

Ասեմ ավելին, երբ ադրբեջանական կողմը տեսնում է, որ ամբողջ աշխարհը ոչինչ չի ձեռնարկում եւ բանավոր, դեկլարատիվ ելույթներ է ունենում, դա ավելի է համոզում «իրենց ճիշտ լինելու» մեջ: Նրանք արդեն տաքացվող ձմեռային վրաններ են տեղադրել, ինտերնետ են քաշել, հեռուստացույց են դրել, տաք ճաշը անխափան մատակարարվում է, հերթափոխը գալիս է, նրանք ռուսների հետ ֆուտբոլ են նայում, տոնածառ տնկում, նոր տարի են դիմավորում: Դա նշանակում է՝ նրանք վստահ են, որ արտաքին աշխարհից չի լինելու ոչ մի պատժամիջոց: Իսկ հայերի համար՝ Նիկոլ Փաշինյանը իր բերանով եզրափակեց. սա է հայի երջանկությունը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031