Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախի օպերատիվ շտաբի նիստում քննարկվել են կտրոնային համակարգի ներդրման մեխանիզմները

Հունվար 09,2023 13:54

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության առաջնային կարիքների ապահովմանը վերաբերող մի շարք հրատապ հարցեր:

Այս համատեքստում կարևորվել է կտրոնային համակարգի ներդրումը, ինչը հնարավորություն կտա առավելագույնս համաչափ բաշխել առկա պարենային ապրանքները: Նշվել է, որ արդեն մշակվել են համակարգի ներդրման մեխանիզմները: Սկզբնական շրջանում այն նախատեսվում է կիրառել առաջնային նշանակության մի քանի ապրանքատեսակների համար: Ներկայում իրականացվում են տեխնիկական և կազմակերպչական աշխատանքներ՝ առաջիկա օրերի ընթացքում կտրոնային համակարգի անցնելու համար:

Նիստի ընթացքում տեղեկություններ են ներկայացվել օպերատիվ շտաբի անդամների՝ շրջաններ կատարած այցերի և բնակչության հետ ունեցած հանդիպումների մասին: Նշվել է, որ բարձրացված հիմնական հարցերից մեկը վերաբերել է հենց կտրոնային համակարգի ներդրմանը:

Պետնախարարը հանձնարարել է ամփոփել հանդիպումների ընթացքում բնակչության կողմից բարձրացված հարցերը, տարբերակել խնդիրները և քննարկել դրանց լուծման հնարավորությունները. «Այս հանդիպումները ցույց են տվել, որ շրջափակման դժվարությունները չեն կոտրել մարդկանց ոգին: Բարձրացվել են երեք խումբ հարցեր՝ կոնկրետ բնակավայրին վերաբերող տեղական խնդիրներ, ընդհանուր խնդիրներ, որոնք համակարգային լուծումներ են պահանջելու, և բողոքդժգոհություններ: Կան նաև հրատապ խնդիրներ, որոնց պետք է առաջնային կարգով լուծումներ տրվեն», -ասել է նա:

Պետնախարարին ներկայացվել է նաև ճանապարհների իրավիճակը, ձյան մաքրման աշխատանքների կազմակերպման ընթացքը: Զեկուցվել է, որ ադրբեջանական «էկոակտիվիստների» կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու արգելափակման հետևանքով հնարավոր չէ իրականացնել մայրուղու ամբողջական մաքրումը, և մի մեծ հատված մնում է չմաքրված՝ վնասելով ճանապարհի որակը:

Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով ծանր հիվանդների տեղափոխման, ինչպես նաև անչափահաս երեխաներ ունեցող՝ կիսված ընտանիքների միավորման հնարավորություններին: Կարևորվել է այս ուղղություններով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցված աշխատանքը:

Անդրադարձ է եղել նաև կանխիկի դրամաշրջանառության հետ կապված խնդիրներին: Պետնախարարը հանձնարարել է քայլեր ձեռնարկել՝ առկա հնարավորությունների շրջանակում իրավիճակը կարգավորելու առումով: Կարևորվել է բնակչության շրջանում իրազեկման աշխատանքների իրականացումը, որպեսզի մարդիկ խուսափեն մեծ ծավալի գումարի կանխիկացումից և կանխիկը պահելուց:

Զեկուցվել է նաև պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը: Ներկայացվել են էներգամատակարարման, ջրամատակարարման և ենթակառուցվածքների անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ իրականացվող քայլերը:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031