Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարզ չէ, թե ինչ կլինի բանկային համակարգի, բջջային կապի հետ»․ փորձագետները` կայքերը, սոցցանցերը «փակելու» նախագծի մասին

Հունվար 09,2023 13:49

ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում: Նախագծով առաջարկվում է սահմանափակել համացանցը ռազմական դրության ժամանակ:

«Ես կարծում եմ, որ սրանով իրական փորձ է արվում 2020-ի, 2022-ի սխալները լեգիտիմացնել, իրավական դաշտ ստեղծել, որ մարդիկ այլեւս չկարողանան հարցեր տալ, թե ինչ հիմքով արգելափակվեցին կայքերը, արդյոք կա՞ որեւէ օրենք, որին դա համապատասխանում է ։ Ինչո՞ւ արգելափակել կոնկրետ կայքեր։ Օրինակ, ինչո՞ւ էր պետք էր արգելափակել ՏիկՏոկը, բայց ոչ Թելեգրամը, որտեղ մի քանի անգամ ավելի շատ վնասակար տեղեկատվություն կա։

Հաջորդ հարցը՝ ինչո՞ւ էր արգելափակումը մասնակի, կամ ինչ սկզբունքով էր դա արվում, որովհետեւ որոշ օպերատորների մոտ դա արգելափակվում էր, մյուսների մոտ՝ ոչ։ Օրինակ, բջջային սարքերում դա կարող է չաշխատել, բայց լայնաշերտ ինտերնետ ունեցող տարածքներում լիարժեք աշխատում էր»,- «Մեդիա կենտրոնում» կայացած «Ռազմական դրության ընթացքում սահմանափակել համացանցը. իմա՛ստը» թեմայով քննարկման ժամանակ նշեց մեդիափորձագետ Արթուր Պապյանը։

Արթուր Պապյան

Նրա խոսքով, կար կիսատ-պռատ վերաբերմունք, դրա համար իրենք՝ «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը» հարցումներ էին ուղարկել ԱԱԾ-ին ու օպերատորներին․«Օպերատորները բավարարվել էին՝ ասելով, որ ուղղակի օրենքին համապատասխան՝ պարտավոր են եղել համագործակցել ԱԱԾ-ի հետ։ Իսկ ԱԱԾ-ից առաջին անգամ մեզ պատասխանեցին, որ իրականացվել են երկրի անվտանգությունից բխող գործողություններ։ Երկրորդ անգամ առհասարակ չպատասխանեցին։ Հիմա որոշել ենք հետեւել այս գործընթացին, հասկանալ ի վերջո՝ պատասխան ստանալո՞ւ ենք, թե՞ ոչ»։

Արթուր Պապյանն ընդգծում է․« Մեր հետաքրքրասիրությունն ուղղակի հետաքրքրասիրություն չէ, իրականում հանրային շահից է բխում, որպեսզի փորձագետներն ունենան տեղեկատվություն, հասկանան՝ ինչպե՞ս է դա քննարկվել, վերլուծեն եւ գուցե, եթե Աստված մի արասցե, եւս մեկ անգամ նման իրավիճակ լինի, ավելի իմաստավոր եւ խելացի որոշումներ կայացվեն»։

Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ պարզ չէ, թե ով է գործընթացի իրական նախաձեռնողն ու շահառուն․«Պարզ է, որ Արդարադատության նախարարությունն է առաջարկել, բայց բովանդակային տեսանկյունից սա իրենց հարցը չէ։ Ո՞վ է այս խնդրի իրական շահառուն՝ բանա՞կն է, թե՞ կառավարությունը, ԱԱԾ-ն, թե՞ մեկ այլ կառույց․․․ Սա արդեն խնդիր է, որովհետեւ չենք հասկանում, թե ով է ցանկանում ինչ-որ բան անել։ Նաեւ լավ չի ձեւակերպված, թե ինչպես է այս ամենն իրականացվելու։ Մտցված են շատ խիստ ռեպրեսիվ գործիքներ՝ ընդհուպ մինչեւ ինտերնետ կապի ամբողջական անջատում։ Ընդ որում, ոչ ոք Հայաստանում չի փորձարկել դա անել, եւ մենք նույնիսկ չգիտենք, թե դա ինչ հետեւանքներ կարող է ունենալ»։

Տեղեկատվական անվտանգության փորձագետը հավելում է․ «Պատկերացրեք՝ ինչ-որ չինովնիկի ձեռքը տան անջատելու կոճակը, եւ ինքը որոշի․․․Կամ թեկուզ չինովնիկ չլինի, արտակարգ լիազորություններով օժտված կաշվե «կուրտկեքով» մարդիկ լինեն․․․Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի բանկային համակարգի հետ, բջջային կապը կարող է ամբողջությամբ անհետանալ։ Մենք այդքան էլ լավ չենք պատկերացնում մեր երկրի ինֆրակառուցվածքը, որովհետեւ չունենք կրիտիկական ենթակառուցվածքների մասին օրենք, չունենք ցանկ, թե որոնք են կրիտիկական ենթակառուցվածքները, ինչպես պետք է այդ ամենը պաշտպանել, բայց որոշել ենք ստեղծել հնարավորություն՝ մեկ օրվա մեջ այդ ամենը անջատելու համար»։

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031