Լրահոս
Օրվա լրահոսը

Փարաջանովի թանգարանը հանդես կգա նոր ծրագրերով

Հունվար 09,2023 13:18

2023 թվականի հունվարի 9-ին լրանում է համաշխարհային հեղինակություն վայելող ֆիլմերի հեղինակ, կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 99-ամյակը:

Սերգեյ Փարաջանովի թանգարանի աշխատակիցները, նրա արվեստի երկրպագուները հունվարի 9-ին կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Մաեստրոյի հիշատակին և ծաղիկներ խոնարհելու նրա շիրիմին: Այնուհետև Փարաջանովի ու թանգարանի ընկերները, բարեկամները, նրա արվեստի երկրպագուներն ու թանգարանի այցելուները կհավաքվենք թանգարանում, կցուցադրվի «Ո՞վ էր 66 ամյա Փարաջանովը» խորագրով վավերագրական ֆիլմը:
Ս. Փարաջանովի թանգարանը տարվա ընթացքում նախատեսում է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի համագործակցությամբ կկազմակերպի «Կինոյի տաճար» ցուցահանդեսը և կցուցադրվեն հատվածներ «Նռան գույնը» ֆիլմից: Այցելուներին կներկայացվի «Իրական, անիրական Փարաջանովը» խորագրով թատերական ներկայացումը: Նախատեսվում է կինոդիտում-քննարկում, կուցադրվեն համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցները: Թանգարանը Երևանի մնջախաղի պետական թատրոնի հետ կիրականացնի թատերական նախագծեր՝ մնջախաղի միջոցով կենդանացնելով Ս. Փարաջանովի ստեղծագործությունները: Տեղի կունենա դասախոսությունների շարք, կմշակվի և կհրատարակվի Փարաջանովի լավագույն ֆիլմերի եռալեզու տեղեկատվական գրքույկը, կստեղծվի ֆոնդային ստեղծագործությունների էլեկտրոնային գեղադիտակը, կհրատարակվի փարաջանովյան աֆորիզմների գիրքը:

 2022 թվականը ևս բովանդակալից ու ակտիվ գործունեության շրջան էր Ս. Փարաջանովի թանգարանի համար:

Տարվա ընթացքում թանգարանը կազմակերպել է մի շարք միջոցառումներ, ընդլայնել է միջազգային և տեղական համագործակցությունը՝ կազմակերպելով ժամանակավոր ցուցահանդեսներ արտասահմանում, թանգարանում և թանգարանի տարածքից դուրս:

Նախորդ տարի միջոցառումների մեկնարկը տրվել է հունվարի 9-ին՝ Ս. Փարաջանովի ծննդյան օրը, «Ներքին ազատություն: Փարաջանովը տանը» ինստալյացիայի շնորհանդեսով: Փետրվարին «Արվեստի ընկերներ» մշակութային-բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, թանգարանը գործարկել է ժամանակակից պահանջներին համապատասխան նոր կայքէջը, որը հասանելի է www.parajanovmuseum.am հասցեով: Բացվել է «Չարենցը Փարաջանովի հարկի տակ» խորագրով ցուցադրությունը՝ նվիրված Եղիշե Չարենցի 125-ամյակին:

 Ժամանակավոր ցուցահանդեսներ և միջոցառումներ՝ արտերկրում

 2021 թվականին սկիզբ առած միջազգային համագործակցությունների արդյունքում 2022 թվականին թանգարանն իրականացրել է ժամանակավոր ցուցահանդեսներ ու միջոցառումներ. Ֆրանսիայի Մոն-դե-Մարսան քաղաքի Դեսպիո Վլերիկ թանգարանում, «Երազ» փառատոնի շրջանակում բացվել է Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների «Ես միայն երազելու իրավունք ունեմ» խորագիրը կրող ցուցահանդեսը:

Մարտ-ապրիլ ամիսներին Մոնակոյում ընթացել է Մոնակոյի արքայադուստր Կարոլինայի բարձր հովանու ներքո անցկացվող «Մոնտե-Կառլոյի արվեստների գարուն» միջազգային երաժշտական փառատոնը: Երեք օր շարունակ փառատոնի մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու մեծանուն կինոռեժիսոր, արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ստեղծագործություններին: Փառատոնի մասնակիցները ծանոթացել են Փարաջանովի կինոարվեստին և պլաստիկ արվեստի ստեղծագործություններին` վերատպությունների միջոցով։ «One Monte-Carlo» համաժողովների դահլիճում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում, որտեղ թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը և կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը հանդիսատեսին ներկայացրել են Փարաջանովի արվեստի յուրահատկությունները, «Սայաթ-Նովա» ֆիլմի ստեղծման պատմությունը։ Մոնակոյի կինոթատրոնի մեծ սրահում ֆրանսերեն ենթագրերով ցուցադրվել է «Սայաթ-Նովա» ֆիլմը, որին հաջորդել է Փարաջանովի ստեղծագործությունների վերատպությունների հիման վրա կազմակերպված ցուցահանդեսը։

 Միջազգային համագործակցություն՝ Հայաստանում

 Ապրիլին «Ֆրակոֆոնիայի օրերը Հայաստանում» խորագիրը կրող միջոցառման շրջանակում իրականացվել է «Փարիզը Փարաջանովի աչքերով» ժամանակավոր ցուցադրությունը, որի շրջանակում լուսանկարների միջոցով ներկայացվել են կինոռեժիսորի Փարիզ կատարած ուղևորության մասին պատմող նյութերը։

Այնուհետև տեղի է ունեցել իսպանացի արվեստագետ, պարուհի, թարգմանիչ Աինարա Լոպեզի «Միջամտություններ հիշողության հետ» պարային ներկայացման պրեմիերան: Հաջորդիվ ցուցադրվել է «Տիկնիկային կոլաժ» խորագիրը կրող տիկնիկային ներկայացումը՝ վրացահայ նկարիչ, տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանի թատրոնի մասնակցությամբ:

Իրականացրած ծրագրեր և միջոցառումներ

Մայիսի 18-ին «Թանգարանների միջազգային օրվա» և «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում կազմակերպվել է «Մշակութային դրսևորումները Սերգեյ Փարաջանովի թանգարանում» խորագիրը կրող ցուցահանդեսը: Վահան Բադալյանի «Շնչող արվեստ 2» նախագծի շրջանակում Սերգեյ Փարաջանովի թանգարանում ցուցադրվել է ներկայացում-ինստալյացիա, որի ընթացքում ցուցադրվել են Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի կադրերը: Թանգարանում տեղի է ունեցել մոսկվաբնակ հայազգի երգիչ-երաժիշտ Նարեկ Գևորգյանի փարաջանովյան մոտիվներով «Սայաթ-Նովա, Ակուստիկա և Գրաֆիկա» համերգային ծրագիրը: «Փարաջանովի սպասքի սիմֆոնիան» ժամանակավոր ցուցադրության միջոցով հասարակությանն է ներկայացվել թանգարանի ֆոնդում պահվող և երբևէ չցուցադրված Փարաջանովի անձնական իրերը (մասնավորապես սպասքը): Տեղի է ունեցել Ստեփան Անդրանիկյանի «Հուշեր կյանքի տևողությամբ» գրքի շնորհանդեսը:

Սոցիալական ծրագրերի շրջանակում մանկատան երեխաների համար նկարիչ- տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանի թատրոնը հանդես է եկել տիկնիկային ներկայացումով: Փարաջանովի հարկի ներքո տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» փառատոնի հյուրերի ավանդական դարձած ընդունելությունը: Կայացել է Գագիկ Կարապետյանի «Տոնինո Գուերա և Սերգեյ Փարաջանով» գրքի շնորհանդեսը: «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում բացվել է «Փարաջանովը երեկ, այսօր և վաղը» խորագրով ցուցահանդես: Կիթառահար Արտյոմ Դերվոեդը հանդես է եկել «Փարաջանովի երազները Իսպանիայի մասին» խորագիրը կրող մենահամերգով: Թանգարանում այցելուների և հյուրերի համար ցուցադրվել է Իրանի «Դիգար» թատերախմբի բեմադրված «Բիինգ Փարաջանով» ներկայացումը. բեմադրող ռեժիսոր իրանցի գրող, թարգմանիչ Արաշ Սանջաբի:

Անցկացվել է «Ս. Փարաջանովի անդրադարձը ռուս անվանի արվեստագետներին և հասարակական գործիչներին» խորագիրը կրող ցուցահանդես և դասախոսությունը: «Սար» պատկերասրահում տեղի է ունեցել «Սերգեյ Փարաջանովի լուսանկարները Արա Բաբլոյանի հավաքածուից» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված լուսանկարները հանրությանը ներկայացվել են առաջին անգամ: Տարեվերջին կայացել է «Փարաջանովի, Զավենի ու մի քիչ էլ իմ մասին» խորագիրը կրող հանդիպում Յուրի Մեչիտովի հետ:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031