Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Արցախը շրջափակված չէ, Արցախը հանձնված է թշնամուն եւ Հայաստանի հետ կապը կտրված է, ինչպես որ ցանկացել է Իլհամ Ալիեւն ի սկզբանե»

Հունվար 09,2023 13:05

Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում 2023 թվականի իր առաջին ելույթում քաղաքական, հասարակական եւ հանրային գործիչներին խորհուրդ տվեց այլեւս չգործածել «Արցախի շրջափակում» կամ «բլոկադա» բառերը: «Այս մեկ ամիսը ցույց տվեց, որ դա ոչ թե շրջափակում է, այլ սկզբունքորեն այլ երեւույթ է: Արցախը հանձնված է թշնամուն: Արցախը շրջափակված չէ, Արցախը հանձնված է Ադրբեջանին եւ կտրված է կապը Հայաստանի հետ, ինչպես որ ցանկացել է Իլհամ Ալիեւը ի սկզբանե: Եթե մենք, բոլոր նրանք, որոնք մտածում են Արցախում ապրող մեր հայրենակիցներին փրկելու մասին, պետք է ոչ թե մտածենք շրջափակումից ազատելու, այլ ուղղակի Արցախի ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպելու եւ տեղում փրկելու մասին:

Պարզ է չէ՞, որ փաստերի համադրումը վկայում է , որ դա շրջափակում չի: Տեսեք, Ռուսաստանի նախագահը հրավիրեց Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներին, որպեսզի քննարկեն տարածաշրջանային խնդիրները: Բնականաբար, այս պահին ավելի կարեւոր, ավելի արդիական, ավելի կենսական խնդիր, քան Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի բացումն է, որը նաեւ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ադրբեջանական պարտավորություն է, Հայաստանի արտգործնախարարը, պարզապես, խախտելով անգամ դիվանագիտական էթիկայի նորմերը, չի գնացել այդ հանդիպմանը, չի գնացել այդ հարցը քննարկելու այն կողմի հետ, որը պարտավորություն ունի ապահովելու այդ ճանապարհի անխափան երթեւեկությունը եւ անվտանգությունը:

Դրանից հետո 2022 թվականի դեկտեմբերի 26-ին եւ 27-ին Նիկոլ Փաշինյանը գտնվել է Սանկտ-Պետերբուրգում, որտեղ միաժամանակ ներկա են եղել նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած պետությունների ղեկավար անձինք: Եվ տեղի չի ունեցել եռակողմ հանդիպում: Չնայած Ռուսաստանի նախագահն իր խոսքում ասաց, որ քննարկում եղել է, բայց պաշտոնական հաղորդագրություններում դա չի հիշատակվում: Ակնհայտ է, որ դա եղել է ոչ թե կազմակերպված եռակողմ դիվանագիտական հանդիպում, այլ զրոյից՝ հընթացս: Այսինքն, պաշտոնական հանդիպում, դրա վերաբերյալ նոր եռակողմ հայտարարություն տեղի չի ունեցել:

Իսկ ի՞նչ է եղել իրականում: Նիկոլ Փաշինյանը այդ հանդիպումից վերադարձել է Երեւան եւ ընդամենը երկու օր հետո կառավարության նիստում Ռուսաստանին հանձնարարություններ է տալիս: Ասում է. ապահովեք այդ ճանապարհների ապահովությունը, կատարեք նոյեմբերի 9-ի հայտարարության ձեր վերահսկողական ֆունկցիան, եթե դա չեք կարողանում անել, ապա որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ, դիմեք ՄԱԿ-ին: Դու եկել ես ու Երեւանից, կառավարության նիստից այդ ի՞նչ հոխորտանքներով, ի՞նչ հանձնարարություններով ես հանդես գալիս, երբ երկու օր առաջ ում որ խոսքդ ուղղում ես, նրա հետ հանդիպելով հնարավորություն ունեցել ես:

Սա նշանակում է, որ իր խնդիրը այդ ճանապարհը բացելը չէ, այլ հակառակը՝ ինչ է ուզում Իլհամ Ալիեւը Նիկոլ Փաշինյանից: Որ ոչ միայն Արցախը հանձնվի Ադրբեջանին, որի հարցը լուծված է դեռեւս Պրահայի հայտարարությունից եւ Սոչիի եռակողմ հանդիպումից, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է այդ հայտարարության տեքստը՝ հղում անելով Ալմա-Աթայի հռչակագրին: Նաեւ իր բանավոր հավաստիացումները այդ հանդիպումների ժամանակ այն մասին են, որ Նիկոլ Փաշինյանը ընդունում է Արցախը Ադրբեջանի կազմում: Եվ հիմա ինքը որեւէ ջանք չի գործադրում ճանապարհը բացելու համար»,-ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031