«Ազատություն». Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հրամայել է դաշնային ուժերին ներգրավել երկրի մայրաքաղաքում կարգուկանոնի վերականգնմանը, որտեղ ցուցարարները ներխուժել են մի շարք կառավարական շենքեր։
Globu հեռուստաալիքի փոխանցմամբ՝ դաշնային ուժերի կիրառման մասին հրամանը կգործի մինչև հունվարի 31-ը։
«Գործողության նպատակն է վերջ տալ մայրաքաղաքի դաշնային շրջանում հասարակական կարգի խախտմանը, որն ուղեկցվում է պետական սեփականություն հանդիսացող շենքերի զավթմամբ»,- մեջբերում է նախագահի հրամանագրից հատվածներ։
Բացի այդ, պետության ղեկավարը խոստացել է, որ խստագույնս կպատժի անկարգությունների մասնակիցներին։ Նա նաև քննադատել է ոստիկանության գործողությունները՝ համարելով, որ խոսքը «կամ անգործունակության, կամ չարամիտ դիտավորության մասին է»։
Կարդացեք նաև
Առնվազն 400 մարդ է ձերբակալվել անկարգություններին մասնակցելու համար, հայտարարել է երկրի դաշնային շրջանի նահանգապետ Իբանեյս Ռոշան։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի հազարավոր կողմնակիցներ կիրակի օրը ներխուժել են խորհրդարան, գերագույն դատարան և պետության ղեկավարի նստավայր։
Ցուցարարները ճեղքել են մայրաքաղաքում իրար մոտ գտնվող կառավարական շենքերի շուրջ ոստիկանական շղթան։
Ավելի ուշ հաղորդվեց, որ Բրազիլիայի ոստիկանությունն ազատագրել է Պլանալտոյի նախագահական պալատը, ինչպես նաև Ազգային Կոնգրեսի և երկրի Գերագույն դատարանի շենքերը, որոնք գրավել են նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի կողմնակից ցուցարարները, հայտնում է CNN Brasil-ը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: