Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն». Փաշինյանը և Ժապարովը շնորհավորական ուղերձներ են փոխանակել

Հունվար 09,2023 11:34

Հայաստանի վարչապետը և Ղրղըզստանի նախագահը փոխանակվել են շնորհավորական ուղերձներով՝ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին՝ Հայաստանի Հանրապետության և Ղրղզական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով:

Ուղերձում ասված է.

«Հարգելի Սադիր Նուրգոժոևի, 

Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության և Ղրղզական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։ 

Անցած երեք տասնամյակի ընթացքում Հայաստանն ու Ղրղըզստանը բոլոր ուղղություններով արդյունավետ փոխշահավետ համագործակցության նշանակալի փորձ են կուտակել, կառուցողական փոխգործակցություն է հաստատվել միջազգային միավորումների շրջանակում, վերջերս տեղի ունեցավ տնտեuական համագործակցության հարցերով հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը։ 

Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև առկա բարեկամության և փոխադարձ հարգանքի հարաբերությունները, ինչպես նաև միջպետական ակտիվ երկխոսությունն ու արդյունավետ համագործակցությունը այսուհետ ևս կնպաստեն երկկողմ օրակարգի հետևողական ամրապնդմանը և ընդլայնմանը` ի շահ Հայաստանի և Ղրղըզստանի ժողովուրդների։

 Հարգելի Սադիր Նուրգոժոևի, 

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ և բարօրություն, իսկ Ղրղըզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարություն և բարգավաճում»։ 

Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովն իր հերթին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝  դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով, որում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի, 

Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ ղրղզա-հայկական հարաբերությունների համար նշանակալի հոբելյանի՝ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։

 Ղրղզական Հանրապետությունը կարևորում է Հայաստանի Հանրապետության հետ համագործակցությունը, որը հիմնված է մեր ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բազմադարյա բարեկամական հարաբերությունների վրա։

 Ուրախալի է նշել, որ ղրղզա-հայկական փոխհարաբերությունները տարիների ընթացքում զարգանում են լիարժեք փոխըմբռնման և վստահության հիման վրա, մեր պետությունների միջև առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն, ձևավորվել է իրավապայմանագրային անհրաժեշտ հիմք՝ ընդգրկելով միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական միջազգային պայմանագրեր, միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների հարթակներում իրականացվում է բազմակողմ ձևաչափով կառուցողական համագործակցություն։

 Միաժամանակ մեզ անհրաժեշտ է ձգտել համագործակցության նոր և ավելի կատարյալ ձևերի բացահայտմանը, որոնք ղրղզա-հայկական հարաբերությունների ներկայիս ներուժը կբարձրացնեն որակապես նոր մակարդակի։

 Այս համատեքստում կարևոր և արդիական եմ համարում ղրղզա-հայկական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի՝ 2022թ նոյեմբերի 4-ին անցկացումը։ Համոզված եմ, որ տվյալ միջոցառումը լուրջ ազդակ կհանդիսանա առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման և մեր երկրների միջև գործարար, գիտական և մշակութային կապերի ամրապնդման համար։

 Հուսով եմ ակտիվորեն շարունակել փոխգործակցությունը Ձեզ հետ երկկողմ և բազմակողմ համագործակցության բոլոր ուղղություններով՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների շահերի ու բարգավաճման։

 Հարգելի Նիկոլ Վովայի,  

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր պետական պատասխանատու գործունեությունում, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031