Ողջ գիշեր ձնամաքրման տեխնիկան աշխատել է, այս պահին երթեւեկելի են մայրաքաղաքի բոլոր փողոցները․ քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ վստահեցրեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ Նա զեկուցեց, որ տեղեկացված են եղել ձյան տեղումների մասին, ուստի ամբողջ տեխնիկան նախապես մոբիլիզացված է եղել․ «Պայմանավորված ենք եղել վարչական շրջանների ղեկավարների հետ, ԵԱՍՄ (Երեւանի աղբահանության եւ սանմաքրում․– Ն․ Բ․) տնօրինության եւ կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրինության հետ, ողջ գիշեր ընթացել են մաքրման աշխատանքներ։ Լուսադեմին «Ավտոբուս ՓԲԸ-ի տնօրենի հաղորդագրությունն առաջին ցուցիչն է եղել՝ որեւէ դժվարություն չի ունեցել քաղաքային հասարակական տրանսպորտը, անարգել դուրս է եկել երթուղի։ ԱԻՆ-ից եւ պարեկային ծառայությունից որեւէ ահազանգ գիշերը չեմ ստացել։ Կապի մեջ եմ եղել բոլոր ծառայությունների հետ, տնօրենները, կոմունալ տնտեսության վարչության պետը, վարչական շրջանների ղեկավարներն անձամբ տեղում վերահսկել են աշխատանքները»։
Արեյանն ասաց, որ այս պահին էլ իրականացվում են մաքրման աշխատանքներ ստորգետնյա եւ վերգետնյա անցումների աստիճանների, շենքերի շքամուտքերն են մաքրվում, այգիներ տանող աստիճանները։
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարեց երկրորդային փողոցներին էլ ուշադրություն դարձնել․ «Մինուս է լինելու, երկրորդային փողոցներին էլ ուշադրություն դարձրեք, որ հալքից հետո չսառեն։ Համատիրություններին ինտենսիվ աշխատանք․․․»։
Ի պատասխան՝ Արեյանն ասաց, որ պետք է ուշադիր լինեն բոլոր ստորգետնյա անցումներին, տրանսպորտային հանգույցներին, կամուրջների ճանապարհային հատվածները, սրանք լինելու են քաղաքապետարանի առաջնահերթ խնդիրները։
Կարդացեք նաև
«Մեկ էլ ուշադրություն դարձրեք ձորին, էնտեղ էլ քամիներ ու բան ա, հալում ա, էնտեղ էլ խնդիր ունենք»,-հանձնարարեց քաղաքապետը։ Արեյանն էլ վստահեցրեց, որ այնտեղ էլ գիշերը տեխնիկան աշխատել է։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ