Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ցանկանում եք պահպանել հիշողությունն ու սրտի առողջությունը․ Օմեգա-3՝ յուղոտ սննդատեսակների դրական կողմը

Հունվար 09,2023 09:30

Օմեգա-3 ճարպաթթուները, բջջաթաղանթների ու արյունատար անոթների կարևոր բաղադրամաս լինելով, նպաստում են սրտի, արյունատար անոթների, թոքերի, իմունային համակարգի կանոնավոր աշխատանքին։ Այս չհագեցած ճարպաթթուները սննդանյութեր են, որոնք բավարար քանակով չեն սինթեզվում մարդու օրգանիզմի կողմից և հիմնականում ստացվում են սննդի միջոցով։ Օմեգա-3-ը կարևոր դեր ունի մարդու առողջության համար, այն նաև էներգիայի հրաշալի աղբյուր է համարվում։

Օմեգա-3-ը ճարպաթթուների հավաքական անվանումն է․ գլխավոր օմեգա-3 ճարպաթթուներ են համարվում ալֆա-լինոլենաթթուն (ALA), էյկոզապենտաենաթթուն (EPA) և դոկոզահեքսաենաթթուն (DHA): DHA-ի մակարդակը հատկապես բարձր է աչքի ցանցաթաղանթի, գլխուղեղի ու տղամարդկանց սերմնաբջիջների կազմում։

Օմեգա-3 ճարպաթթուների օգտակարությունն առողջության համար

Սիրտ-անոթային հիվանդություններ․ Ձկան յուղն արյան մեջ նվազեցնում է եռգլիցերիդների մակարդակը, որը բարձր լինելու դեպքում մեծանում է սրտի հիվանդությունների ու կաթվածի վտանգը։

Ռևմատոիդ արթրիտ․ Ձկան յուղի հավելումները ( EPA+DHA) կարող են նվազեցնել հոդերի կաշկանդվածությունն ու ցավը, ինչպես նաև բարձրացնել հակաբորբոքային դեղամիջոցների արդյունավետությունը։

Դեպրեսիա․ Որոշ ուսումնասիրություններ պարզել են, որ մարդիկ, որոնք ավելի շատ են օգտագործում օմեգա-3-ով հարուստ մթերքներ, ավելի քիչ են հակված դեպրեսիայի, սակայն անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ՝ այդ պնդումը հիմնավորելու համար։

Երեխայի զարգացում․ Հատկապես դոկոզահեքսաենաթթուն կարևոր է երեխաների տեսողության ու նյարդային համակարգի զարգացման համար։

Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ․ Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ օմեգա-3 ճարպաթթուները որոշ երեխաների շրջանում կարող են նվազեցնել ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի ախտանշանները և բարելավել նրանց մտավոր ունակությունները՝ մտածողությունը, հիշողությունն ու սովորելու կարողութունը։ Սակայն այդ ոլորտը նույնպես լրացուցիչ ուսումնասիրությունների կարիք ունի և օմեգա-3-ի հավելումները խորհուրդ չի տրվում կիրառել որպես այդ համախտանիշի բուժման հիմնական միջոց։

Ալցհեյմերի հիվանդություն և դեմենցիա․ Այս դեպքում ևս կան հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ հիշյալ ճարպաթթուներն օգնում են նվազեցնել Ալցհեյմերի հիվանդության ու դեմենցիայի զարգացման վտանգը՝ դրական անդրադառնալով հիշողության վրա։

Ասթմա․ Օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ դիետան նվազեցնում է բորբոքումը՝ ասթմայի առանցքային գործոններից մեկը։

Օմեգա-3-ը՝ սննդի միջոցով

EPA-ն և DHA-ն հիմնականում պարունակվում են որոշ ձկնատեսակների կազմում, ALA-ն՝ բուսական ծագում ունեցող մթերքներում՝ ընդեղենի ու սերմերի բաղադրությունում։

Օմեգա-3 ճարպաթթուներն ավելի նախընտրելի է ստանալ սննդային աղբյուրներից, այլ ոչ թե հավելումներից։ Շաբաթը գոնե երկու անգամ փորձեք յուղոտ ձուկ ուտել՝ խուսափելով այն տապակելուց։ Հայաստանում, ցավոք, այնքան էլ տարածված ու մատչելի չեն յուղոտ ձկնատեսակները, ծովամթերքը, սակայն որոշ տեսակներ, այնուամենայնիվ, հնարավոր է գտնել խանութներում, ինչպես նաև գնել այն ձկները, որոնք բազմանում կամ բուծվում են մեր երկրում։

Օմեգա-3 ճարպաթթուներով՝ էյկոզապենտաենաթթվով և դոկոզահեքսաենաթթվով հատկապես հարուստ են՝

  • Անձրուկը (անչոուս),
  • ծովատառեխը (սելյոդկա),
  • սկումբրիան,
  • սաղմոնը,
  • թառափը,
  • լճի իշխանը,
  • թունան և այլն։

Ալֆա-լինոլենաթթվի հրաշալի աղբյուր են՝

  • Հունական ընկույզը,
  • կտավատի սերմերն ու ձեթը,
  • ձիթայուղը,
  • կանճրակի ձեթը (рапсовое масло),
  • չիայի սերմերը,
  • սոյայի ձեթը,
  • ավոկադոն և այլն։

Ջրիմուռներից ստացվող ձեթը պարունակում է դոկոզահեքսաենաթթու և լավ տարբերակ կարող է լինել նրանց համար, որոնք ձուկ չեն ուտում։

Օմեգա-3-ի հավելումներ ընդունելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, հատկապես եթե կան առողջական խնդիրներ, և մարդն այլ դեղամիջոցներ է ընդունում։

Ձկան յուղի հավելումների՝ առավել հանդիպող կողմնակի ազդեցություններից են ստամոքսի խանգարումն ու գազերի առաջացումը, դրանք կարող են մեծացնել արյունահոսության վտանգը, հատկապես եթե ընդունում եք այնպիսի դեղամիջոցներ, ինչպիսին, օրինակ, Քսարելտոն է։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և բուժում նշանակելու նպատակ չի հետապնդում։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031