Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ռազմաբազան շրջափակելու փորձերն ու ընդդիմադիրների կոշտ արձագանքը

Հունվար 08,2023 19:42

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Ազգային-Ժողովրդավարական Բևեռի ներկայացուցիչները «Շրջափակում հանուն ապաշրջափակման» խորագրով հավաք անցկացրին Գյումրիում՝ փորձելով շրջափակել 102-րդ ռուսական ռազմաբազան։

Նրանք ռուս խաղաղապահներից պահանջում էին իրականացնել եռակողմ համաձայնագրով ստանձնած պարտականությունները ու բացել Բերձորի միջանցքը։ Նրանք իրենց ցուցապաստառներում ու կոչերում Ռուսաստանն անվանում էին թշնամի երկիր, նշում, որ պուտինյան Ռուսաստանը, սիրախաղի մեջ մտնելով Թուրքիայի հետ, սովի է մատնում Արցախի ժողովրդին։

Նրանք նշում էին, որ պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից, դադարել անհույս ռուսամոլ լինելուց, քանի որ մեր դաշնակիցը չի կատարում իր պարտականությունները։

«Մենք իրավունք ունենք փակելու բազայի մուտքը, մենք իրավունք ունենք պահանջելու ռուսներից վերջապես գոնե 200 տարի հետո հիշել իրենց այսպես կոչված դաշնակցային պարտականությունների մասին։ Էն հեքիաթները, թե ինչ կապ ունեն ռուսները, ճանապարհը թուրքերն են փակել, այդպես ասողները թող էդ հեքիաթները իրենց տներում իրենց տատերին, պապերին պատմեն։ Ճանապարհը փակել են ռուսները՝ և՛ ասֆալտապատ ճանապարհը, և՛ երկրորդական ճանապարհ կա ՝ Ստեփանակերտից դեպի Գորիս՝ ոչ ասֆալտապատ։ Դա էլ ասեմ, որտեղ ադրբեջանցիներ չկան ընդհանրապես, բայց այդ ճանապարհը փակել են ռուս այսպես կոչված խաղաղապահները։ Այնպես որ այստեղ միամիտներ չկան, ռուսներին պաշտպանողներն էլ միամիտ չեն, հոգու խորքում հասկանում են, որ հենց ռուսների ձեռքի գործն է այս ամենը, ուղղակի վախենում են լինել այսօր էստեղ կամ էլ ռսաստրուկներ են, ռուսական գործակալներ են, որ ամեն ինչ թողած՝ պաշտպանում են ռուսներին։ Մենք ուզում ենք փակել մուտքն այն հատվածում, որտեղ որ չենք խանգարի հոգեբուժարանին և ռեստորանի աշխատանքին»,- ասում էր Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը։

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի՝ ռազմաբազան շրջափակելու փորձը բավական կոշտ արձագանք է գտել ընդդիմադիր գործիչների կողմից։
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն, անդրադառնալով այս հավաքին, գրել է․ «Հետևելով սրանց գործողություններին և հռետորաբանությանը՝ կարող եմ փաստել հետևյալը․ Ո՛չ մի խոսք, ո՛չ մի քննադատություն կապիտուլյանտի դավաճանական գործողությունների նկատմամբ…
Ոչ մի կերպ չքննադատվեց ՀՀ արտաքին գործերի նախարարության անգործությունը։

Ամբողջապես ստեղծված վիճակը փորձում են բարդել ՌԴ վրա։

Դիտարկելով սրանց կազմակերպվածությունը (ֆինանսական, տարբեր տեղերից մարդ բերելը), ամեն կերպ զորամասի դռներին հասնելու և սադրելու նպատակը՝ իշխանական լալահաչների լուռ համաձայնությունը, վստահաբար կարելի է փաստել, որ տեղի է ունենում լուրջ սադրանք Փաշինյանի իմացությամբ։

Հետևաբար, եթե ոստիկաններին չհաջողվի կանխել բախումները, ապա բոլոր հետևանքների միակ պատասխանատուն կլինի Փաշինյանը»։

Ռազմաբազան շրջափակելու փորձերին անդրադարձել է նաև ՀՀԿ ԳՄ անդամ Էդվարդ Շարմազանովը։

«Դուք ոչ թե հակառուսական եք, այլ՝ պրոթուրքական։

Ռուսական 102-րդ ռազմաբազայի դեմ ցանկացած սադրանք բխում է թուրք-ադրբեջանական շահերից։ Նման գործողություններն անթույլատրելի ու դատապարտելի են։ Դա ուղիղ հարված է նախ եւ առաջ ՀՀ անվտանգային շահերին։ Կրկնակի դատապարտելի է ռեժիմի պասերով խաղերը սրանց հետ։

Նիկոլ, ինչո՞ւ ձայն չես հանում։ Դուք էիք հայտարարում, որ «ամենից պրոռուսական իշխանությունն եք»։

Դուք ոչ պրոռուսական եք, ոչ էլ առավել եւս ՝ պրոհայկական։ Դուք պրոթուրքական ռեժիմ եք ու վերջ։

Վաղն Էրդողանին ու Ալիեւին պետք լինի ,դուք ու ձեր «հաճախորդները» կդառնաք նորից «պրոռուսական»։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ, ԱԺԲ ներկայացուցիչներին չակերտներով անվանելով «ՀԵՐՈՍՆԵՐԸ», գրել է․

«ԱԺԲ կոչվող հրոսակախումբը «հերոսաբար» շրջափակում է Գյումրի ռուսական ռազմաբազան՝ պահանջելով բացել Բերձորի միջանցքը։
Քաղաքագիտությունից տարրական գիտելիքներ ունեցող ցանկացած ոք գիտակցում է, որ ռուս խաղաղապահներն ու Գյումրիում տեղակայված ռազմաբազան միանգամայն տարբեր գործառույթներ ունեն։
Առաջինն՝ ապահովում է Արցախի անվտանգությունը և պարտավոր է կողմերի միջև չեզոքություն պահպանել, երկրորդը՝ որպես Հայաստանի դաշնակից երկրի ռազմաբազա՝ ապահովում է Հայաստանի անվտանգությունը, Թուրքիայի կողմից հնարավոր հարձակման դեպքում։
Չեմ կարծում, որ այս, ինչպես նշեցի, տարրական ճշմարտությունը չեն հասկանում հավաքի կազմակերպիչները։ Իհարկե, հասկանում են։

Այդ դեպքում հարց է առաջանում․ ի՞նչ նպատակ է հետապնդում այս «հերոսական» ակցիան։ Նպատակը մեկն է, որպես առաջին քայլ հեռացնել հակամարտության գոտուց ռուս խաղաղապահներին և Արցախը հայաթափել, քանի որ 2020թ․ նրանց ծրագիրը լիակատար չիրականացվեց։
Արդեն երկրորդ քայլով՝ հեռացնել ռուսական ռազմաբազան Գյումրիից և Հայաստանը դարձնել ոտքի կոխան Թուրքիայի համար։
Կարելի է հաստատապես պնդել, որ Բերձորի միջանցքի փակումն ու Գյումրիի ռազմաբազայի շրջափակումը կազմակերպված է նույն կենտրոնից։ Հետաքրքիր է, որ այս նույն «հերոսները» ժամանակին ավտոերթ էին անում դեպի Արցախ, «հերոսաբար» գրավում ՊՊԾ գունդը, իսկ 2020թ․ ոչ միայն զենք չվերցրեցին և չմասնակցեցին պատերազմին, հետագայում չապստամբեցին, այլև այսօր,
փոխանակ հարձակվեն ադրբեջանցի «բնապահպան», իրենց համախոհների վրա և բացեն Բերձորի միջանցքը , իրենց համար անվտանգ, իրականում՝ պատվերով ակցիաներ են կազմակերպում»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Arnold Stepanyan says:

    Ընդդիմադիրների փոխարեն վերնագրում պետք էր գրել ռուսական ագենտուրան։ Բոլոր թվարկված անձինք մի անգամ չի որ իրենց ռսահպատակ լինելը ապացուցող վարքագիծ են դրսևորում։ Խնդրում եմ դնել այս քոմենթս։

  2. Naira Arakelyan says:

    տեսնես էլ ինչ պետք է անեն ռուսները, որ մարդիկ իրերն իրենց անուններով կոչեն։ Չեմ կարծում, որ որևէ մեկը լուրջ է ընկալում Գյումրիի շինծու ընդդիմադիրին, Շարմազանովին և իր մշտական ստախոսությամբ կամ առավել ևս Իշխանյանին, որ արագ փոխեց իր ճամբարը ու դառավ ՀՀԿ

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031