Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Մենք իրավունք ունենք փակելու ռազմաբազայի մուտքը»․ իրարանցում, հրմշտոց՝ Գյումրիում

Հունվար 08,2023 18:41

Այսօր Գյումրիում բավական լարված իրավիճակ էր։

Ինչպես տեղեկացրել ենք, Բերձորի միջանցքը ապաշրջափակելու պահանջով Ազգային-Ժողովրդավարական Բևեռի ներկայացուցիչները հավաք անցկացրին Գյումրիում՝ փորձելով շրջափակել 102-րդ ռուսական ռազմաբազայի մուտքը ու այսպիսով ռուս խաղաղապահներից պահանջել իրականացնել եռակողմ համաձայնագրով ստանձնած պարտականությունները։

Նրանք հավաքվեցին «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում՝ ներկայացնելով իրենց պահանջը, այնուհետ հայրենասիրական երգերի ու կոչերի ներքո շարժվեցին դեպի ռազմաբազա, որտեղ հսկողություն էին իրականացնում հատուկ նշանառության գումարտակի  ծառայողները։

Ցուցարարները «Ազատագրում», «Միջազգային խաղաղապահներ Արցախում», «Արցախը Հայաստան է», «Բացե՛ք Բերձորի միջանցքը», «Ռուսաստան թշնամի», «Ո՛չ ռուսական օկուպացիային» «Մենք ձեզ կերակրում ենք, դուք մեր ճանապարհը չեք բացում», «Արցախի սոված երեխաների լացի ձայնը Ռուսաստանի խղճին է»,  «Արցախի ոչ խաղաղապահ», «ՀԱՊԿ-ից դուրս»  ցուցապաստառներով ու կոչերով իրականացրեցին իրենց բողոքը։

Նրանք ի սկզբանե հայտարարեցին, որ ռուսական ռազմաբազայի բոլոր ծախսերը հոգում է Հայաստանը, իսկ ռուս խաղաղապահները, որոնք պիտի կատարեին եռակողմ համաձայնագրով ստանձնած իրենց պարտականությունները, սովի են մատնում Արցախի երեխաներին։

Սկզբում ելույթ ունեցավ Արա Պապյանը՝ հայտարարելով, որ այստեղ հավաքվել է գիտակից մասսան՝ պաշտպանելու հայրենիքի ու հայրենակիցների շահերը։ Նա նշեց, որ Հայաստանն իրավական առումով հայտնվել է շատ ծանր վիճակում, որովհետև իրավական մեր դաշնակիցները չեն կատարում իրենց պարտականությունները, մյուսներին էլ դիմում ես, ասում են՝ ձեր հետ իրավական հիմք չունենք, ավելին` ձեր հետ թշնամի երկիր ենք»։

«Ասում ենք՝ դուք ՀԱՊԿ-ի անդամ երկիր եք, մենք ՆԱՏՕ-ի անդամ երկիր ենք,մենք թշնամի երկրներ ենք, ո՞նց եք պատկերացնում, մենք ձեզ աջակցենք»։

Ցույցը սկսվելուն պես, Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը  հայտարարեց՝ ովքեր հնարավորություն ունեն գիշերը հերթապահելու, թողնեն իրենց կոորդինատները։

Նա նշեց, որ չեն եկել ռազմաբազայի տարածք՝ օրենք կամ կարգ խախտելու, այն, ինչ անելու են, կանեն իրենց իրավունքներից ելնելով։

«Մենք իրավունք ունենք փակելու բազայի մուտքը, մենք իրավունք ունենք պահանջելու ռուսներից վերջապես գոնե 200 տարի հետո հիշել իրենց այսպես կոչված դաշնակցային պարտականությունների մասին։ Էն հեքիաթները, թե ինչ կապ ունեն ռուսները, ճանապարհը թուրքերն են փակել,  այդպես ասողները թող էդ հեքիաթները իրենց տներում իրենց տատերին, պապերին պատմեն։

Ճանապարհը փակել են ռուսները՝ և՛ ասֆալտապատ ճանապարհը, և՛ երկրորդական ճանապարհ կա ՝ Ստեփանակերտից դեպի Գորիս՝ ոչ ասֆալտապատ։ Դա էլ ասեմ, որտեղ ադրբեջանցիներ չկան ընդհանրապես, բայց այդ ճանապարհը փակել են ռուս այսպես կոչված խաղաղապահները։

Այնպես որ այստեղ միամիտներ չկան, ռուսներին պաշտպանողներն էլ  միամիտ չեն, հոգու խորքում հասկանում են, որ հենց ռուսների ձեռքի գործն է այս ամենը, ուղղակի վախենում են լինել այսօր էստեղ կամ էլ ռսաստրուկներ են, ռուսական գործակալներ են, որ ամեն ինչ թողած՝ պաշտպանում են ռուսներին։ Մենք ուզում ենք փակել մուտքն այն հատվածում, որտեղ որ չենք խանգարի հոգեբուժարանին և ռեստորանի աշխատանքին»,-ասաց բանախոսը։

Նա հորդորեց ոստիկաններին չխոչընդոտել իրենց ռազմաբազայի մուտքի մոտ, որտեղ ցույց են  անելու։

«Արցախի երեխեքը սոված են, Արցախի մանկապարտեզներն ու դպրոցները փակ են սնունդ չլինելու պատճառով, և սա ռուսների մեղքն է, հերիք եղավ, բոլ եղավ»,-ասաց բանախոսը։

Նա հորդորեց  թախտերից վեր կենալ, գալ իրենց միանալ։  Ըստ նրա, լայվեր անելով ու բոցաշունչ քոմենթներ գրելով՝ Բերձորի միջանցքը չի բացվի։

«Աշխարհը գոնե մի անգամ հային տեսնի, հայի թասիբը տեսնի, ինքնասիրությունը տեսնի, ոչ թե ասի՝ դրանք անհույս ռուսամոլ են, Կրեմլի դաշնակից են, ամոթ է։ Աշխարհով մեկ Հայաստանը ծաղրում են ու լավ են անում, իրավունք ունեն, բերանները լեզու ենք դրել։ Ասում եք՝ ո՞ւր է Արևմուտքը, ո՞ւր եք դուք, որ Արևմուտքը ձեր կողքին լինի։ Ռուսի փեշը բռնել եք, ուզում եք Արևմուտքը ձեզ օգնի, չի լինելու»։

Հասնելով ռազմաբազայի տարածք ու տեսնելով ոստիկանական ուժերը՝  Վահե Գասպարյանը  հարցրեց՝ «Ժողովուրդ, ի՞նչ եք կարծում, որ այսքան ոստիկան լիներ Բերձորում, կբացվե՞ր միջանցքը»։ Հավաքվածներն արձագանքեցին՝ 100 տոկոս։

Նրանք հայտարարեցին, որ իրենց շարքերում կան պուտինյան ռեժիմից փախած ռուսներ։

Կարճ ժամանակ անց ոստիկանները նախազգուշացրեցին ազատել տարածքը, քանի որ խախտում են «Հավաքների ազատության մասին օրենքը»։ Օրենքի կետն ընթերցելուց հետո՝ ոստիկանները գործի անցան, շատերին ոստիկանական մեքենաներ մտցրեցին բռնի ուժով, շատերին գետին տապալելով՝ ոստիկանական բաժանմունքներ տեղափոխեցին։

Ցուցարարները նորից հավաքվեցին «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում՝ բացականչելով «Մահ ռեժիմին»։
Նրանք շարժվեցին դեպի ռազմաբազայի 2-րդ մուտքի մոտ, որտեղ ևս ոստիկանական մեծ ուժեր էին կուտակված։

Ըստ Ազգային-Ժողովրդավարական Բևեռի հայտարարության, բերման են ենթարկել 100-ից ավելի քաղաքացու։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031