Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքին Հանդը դարձնել բիզնես-կենտրոն․ գյուղացիների երազանքն ու զարմանքը (ֆոտոշարք, տեսանյութ)

Հունվար 08,2023 15:27

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Ներքին Հանդի բնակիչ Հասմիկ Ղազարյանին ցույց է տալիս ճագարների բների լուսանկարները։ Երկու օրից՝ դրանք եւ ճագարները կհասնեն գյուղ: Տիկին Հասմիկն այսուհետ ճագարաբուծությամբ է զբաղվելու։ Չի նշում, թե քանի հատ ճագար է բուծելու՝ կատակում է՝ «աչքով կտան»։ «Ես ճագարաբուծությամբ եմ անձամբ զբաղվելու, ընտանիքիս անդամները թռչնաբուծությամբ։ Գյուղատնտեսական վարկով 13 կով էինք գնել, բայց պատերազմը խանգարեց։ Ճիշտ է՝ կով հիմա էլ ունենք, բայց բիզնեսի նպատակով չի», – նշեց Հասմիկ Ղազարյանը։ Ասում է՝ չկարողացան անասնապահությունը զարգացնել, բայց համոզված է՝ խաղաղություն լինելու պարագայում, անձամբ ինքը Ներքին Հանդի անունը որպես ճագարաբուծության եւ թռչնաբուծության բիզնես կենտրոն՝ հայտնի կդարձնի։

«Մարզերում առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի իրականացում, որի արդյունքում լուծում կտրվի բնակչության եւ համայնքների սոցիալական նշանակություն ունեցող հիմնախնդիրներին» ծրագրի շրջանակում Սյունիքի մարզպետարանին հատկացված գումարով Ներքին Հանդի բնակիչները հնարավորություն ստացան ընդլայնելու իրենց տնտեսությունները։ Ծրագրի համար հատկացվել է մոտ 25 մլն դրամ։

Գյուղացիներից մեկը հնդկահավն է ցույց տալիս. իր բնորոշմամբ՝ «առողջ ու յուղոտ»։ Մյուսը, որը մեղվաբուծությամբ է զբաղվելու, ժամանակակից փեթակների կառուցվածքն է քննարկում։ Նաեւ ցորեն է հատկացվել գյուղացիներին․ մարզպետը հետաքրքվում է հասե՞լ է տեղ, կբավականացնի։

Նորիկ Դանիելյանը գյուղացիների անունից շնորհակալություն է հայտնում մարզպետին՝ «կարծես իրենց համագյուղացին լինի»։ «Շնորհակալությունն ասենք, որ նոր հարցեր բարձրացնենք», – դիմելով մարզպետին՝ ասում է Նորիկ Դանիելյանը։


Ռոբերտ Ղուկասյանը հաճախ է այցելում Ներքին Հանդ․ այս անգամ դստեր հետ էր սահմանամերձ գյուղ այցելել, հակադարձում է՝ «շնորհակալություն պետք չի, միանգամից խնդիրներն ասեք»։


«Ամեն ինչի համար ենք շնորհակալ, խմելու ջրի հարցն էլ լուծեցիք։ Ասում ու անում ենք, մնում է գերեզմանոցի հարցը լուծենք, որ իրենց դիտակետում է, կարողանանք գերեզմանոց գնալ», – մարզային իշխանություններին ասում է նա։ Վերջինիս՝ համագյուղացիները սաստում են՝ մի քիչ ցածր խոսել։ «Բարձր եմ ասում, որ թուրքը լսի, գիտի՝ որ իմ ձայնն է», – կես լուրջ, կես կատակ ասում է Նորիկ Դանիելյանը։

Ներքին Հանդի բնակիչները զարմացած են նաեւ այն լրագրողների աշխատանքի վրա, որոնք «չեղած բաները պարտադրում են»։ «Զանգում են՝ հարցնում, թե ճի՞շտ է, որ ադրբեջանցիները գյուղում շինարարություն են անում։ Ասում եմ՝ ոչ։ Չեն համոզվում, մի հատ տեսանյութ են ուղարկում, թե բա՝ տեսեք», – ասում է վարչական ղեկավարը։ Գյուղացիների խոսքով, երբեմն այնպիսի հոդվածներ են կարդում, կարծես իրենք Ներքին Հանդում չեն բնակվում։

Ի դեպ, Սյունիքի մարզպետի 2022թ․ դեկտեմբերի 29-ի որոշմամբ սոցիալական աջակցություն է տրվել Սյունիքի մարզի Կապան, Տեղ եւ Գորիս համայնքների այն բնակիչներին, որոնց գյուղատնտեսական կենդանիները 2020թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում անկել են հրետակոծությունից, անցել են հայ-ադրբեջանական շփման գիծը եւ 2022թ․ սեպտեմբերի 12-14-ի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ժամանակ հայտնվել են հակառակորդի տիրապետության տակ։

Բնակիչների կրած կորուստները գույքագրվել եւ ուսումնասիրվել էին մարզպետարանի մասնագետների կողմից, ու խնդրին լուծում տալու համար Սյունիքի մարզային իշխանությունը դիմել էր կառավարություն։

Վերջինիս որոշմամբ էլ տուժած 124 բնակիչներին աջակցելու համար հատկացվել էր 288 մլն 385 հազար դրամ։ Տուժած բնակիչները արդեն կարող են ստանալ գումարները։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031