«Այդ ամենը խոսում է հայկական կողմի անորակ կամ անփույթ դիվանագիտության մասին, եթե հարցը դիտարկենք նեղ՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցած քննարկման արդյունքում բանաձեւ ընդունել-չընդունելու հարթությունում», – Aravot.am-ի հետ զրույցում նման բնութագիր տվեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը՝ Բերձորի միջանցքի փակ լինելու վերաբերյալ ՄԱԿ ԱԽ քննարկման արդյունքում բանաձեւի չընդունմանը եւ դրան հաջորդած քննարկումներին:
Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ, ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը Twitter-ի իր էջում շնորհակալություն է հայտնել Ալբանիային, Ռուսաստանին, ԱՄԷ-ին և Մեծ Բրիտանիային՝ Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ ԱԽ-ի հայտարարության ընդունումը տապալելու համար եւ նշել, որ այդ օրը Ֆրանսիան երկրորդ անգամ պարտվել է Ադրբեջանին՝ «տապալելով Լաչինի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ի կողմնակալ հայամետ հայտարարությունը, որը սուր արձագանք առաջացրեց ՄԱԿ ԱԽ մյուս անդամների կողմից»:
Թեմայի վերաբերյալ, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դեկտեմբերի 31-ին, ՄԱԿ-ում Ռուսաստանի դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին իր տելեգրամյան ալիքում գրել է, որ «Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի հարցով հայտարարությունը չի ընդունվել ոչ թե Ռուսաստանին վերագրվող դիրքորոշման, այլ հայտարարության նախագիծը կազմած Ֆրանսիայի անբարեխիղճ գործողությունների պատճառով»: Նա գրել է, թե Երևանի խնդրանքով գործընթացը համակարգել են ֆրանսիացիները, և նրանք անտեսել են Ռուսաստանի առաջարկների մեծ մասը, սակայն հաշվի են առել ՄԱԿ-ի ԱԽ մյուս անդամների ներկայացրած ուղղումները։ Ըստ Պոլյանսկու, «Ռուսաստանը պատրաստ է եղել կառուցողական աշխատանքի, սակայն Ֆրանսիան դիմել է անմաքուր մեթոդների, ընդ որում այն դեպքում, երբ ռուսական կողմն է Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ Լաչինի միջանցքում ոչ թե խոսքով, այլ գործով զբաղվում հակամարտության կարգավորմամբ»։
«Ռուս խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը և կողմերի հետ շփումների միջոցով փորձում են լուծել վիճելի հարցերը: Անկախ ներկայիս լարվածությունից, կարգավորման հիմքում են մնում ամենաբարձր մակարդակով ընդունված չորս համատեղ հայտարարությունները»,- գրել է Պոլյանսկին՝ հավելելով, որ ՄԱԿ-ում ԱԽ հայտարարության նախագծի հեղինակները տեքստում չեն նշել «այդ փաստաթղթերի նշանակությունը և ռուս խաղաղապահների դերը»:
Կարդացեք նաև
Թեւան Պողոսյանն առաջարկում է հարցը դիտարկել առավել լայն զարգացումների համատեքստում եւ հիշեցնում է այդ օրերի մի քանի իրադարձություններ, մասնավորապես, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, թե Հայաստանի վրա ճնշում կա՝ Միութենական պետությանը միանալու. «Հասկանալի է՝ ՌԴ-ի կողմից, դժվար թե Բելառուսը ճնշում գործադրեր Հայաստանի վրա: Հետո պարզվեց, որ դա սադրանք է, նման բան չկա, ու ինչ-որ անհասկանալի բան բացատրվեց: Չմոռանանք, որ կառավարության նիստում էլ այդ մասին տեսակետներ բարձրաձայնվեցին, որոնց վերաբերյալ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր դիտարկումներն արեց: Եթե այս ամբողջ պատկերի մեջ ենք դիտարկում, ապա գալիս են ընկալումներ, որտեղ, իսկապես, ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի ասածում կան ինչ-որ տեսակետեր, որոնք կարելի է հասկանալ, թե, օրինակ, երբ Ֆրանսիան փորձում էր բանաձեւն անցկացնել, բայց, միեւնույն ժամանակ, հավանաբար փորձել է իր պետության այլ շահեր էլ առաջ տանել, ինչը, օրինակ, ՌԴ-ի կողմից դիվանագիտորեն ձեւակերպվեց «անփույթ»: Դրա հետ միասին էլ, հավանաբար, հնարավորություն է ընձեռվել, որ ՆԱՏՕ-ի անդամ Ալբանիան, միջանկյալ նկատեմ, որ երբ շատ փորձագետներ ասում են, ՆԱՏՕ գնանք, կարո՞ղ է պարզվի, որ Ադրբեջանը ոչ միայն ՀԱՊԿ-ում ավելի շատ բարեկամներ ունի, Մեծ Բրիտանիան, որը վստահ եմ, որ իր հատուկ ծառայությունների միջոցով տեղյակ է եղել, որ կա անգլիական ընկերություն, որը գնել է Արցախի հանրապետությանը պատկանող հանքի փաստաթղթեր ու հիմք է ծառայեցնելու այս տեսակ գործողությունների, բայց, չգիտես ինչո՞ւ, հրճվանք էինք հայտնում ՄԱԿ-ում Անգլիայի ներկայացուցչի ելույթից… պարզ է, չէ՞, որ Մեծ Բրիտանիան, Ալբանիան եւ մյուս պետություններն իրենց շահերով են առաջնորդվում եւ մենք մի բան պետք է վերջապես հասկանանք, որ աշխարհում, դիվանագիտության մեջ, եթե ժամանակին խոսում էին ինչ-որ արժեքներից, համակարգերից, միեւնույն է, ամեն ինչ հիմնված է պարզ շահերի վրա: Իսկ պարզ շահերի շրջանակներում, այն գործողությունը, որը պետք է միտված լիներ Հայաստանի շահերին, ամեն երկիր փորձել է շրջանառել նաեւ իր այլ շահերը եւ այդ այլ շահերի շրջանակը ավելի մեծ բախում է առաջացրել ու մեր մասին մոռացել են: Երբ մենք ասում ենք՝ 120 հազար մեր քույր-եղբայրներ ու հետո ոչինչ չենք անում, սա եղել է այդ ոչինչ չանելու արդյունքը: Որովհետեւ, երբ դիմել ենք մի երկրի, որ ինքը այդ նախաձեռնությամբ հադես գա, պետք է կարողանայինք բացատրել՝ հասկանում ենք՝ այլք էլ իրենց շահերն ունեն, հասկանում ենք, որ մեր դեմ աշխատելու են թշնամիները, ուստի, եկեք այնպիսի տեքստ գրենք, որ հնարավորություն չլինի բանաձեւը սեղանին չհասցնել եւ չքվեարկել: Բանաձեւում, հավանաբար, եղել են կետեր, որտեղ կամ ճիշտ ձեւով չեն դիմել ՌԴ խաղաղապահներին, ՌԴ-ի դերակատարությանը կամ, կարող է եւ մեղադրական բաներ են եղել: Ու դուք ինչպե՞ս եք պատկերացնում՝ լիներ բանաձեւ, որտեղ ՌԴ-ին արհամարհում են կամ նույնիսկ քննադատում են, ինքը պետք է գնար կո՞ղմ քվեարկեր»:
Հարցին՝ ի՞նչ էր տալու ՄԱԿ ԱԽ նիստից հետո բանաձեւ ունենալը, Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Դա ապագայում լինելու էր իրավական հիմք, որ երբ hայկական զինված ուժերը պատրաստ լինեին գործողություն անելու՝ այդ թուղթը կյանքի կոչեին: Ես չեմ հավատում, որ այդ փաստաթուղթը հետո որեւէ երկիր վերցնելու էր եւ կյանքի կոչեր, ես այդ մասին արդեն ասել եմ հենց քննարկման օրը. կարո՞ղ եք ինձ ցույց տալ այն երկիրը, որը պատրաստ է կյանքի կոչելու այդ փաստաթուղթը՝ նշված տարածքներում, բայց այդ փաստաթուղթը պետք է իրավական հիմքերն ապահովելու համար: Ու այստեղ, գալիս է թերեւս ամենակարեւոր հարցը՝ ո՞ր երկիրը պետք է անի: Ես, բայցի հայկական Հայաստանի հանրապետության ԶՈւ-երից եւ Արցախի հանրապետության ՊԲ-ից, այլ ուժեր չգիտեմ, որոնք կվերցնեին այդ բանաձեւը եւ կասեին՝ ունենք հիմա: Միջազգային հարաբերությունները շահերի համակարգ է, որտեղ որեւէ մեկն իր սեփական շահերի դեմ չի գնալու: Այլ հարց է՝ ինձ դուր գալի՞ս է, որ մարդիկ շահերն այդպես են ընդունում, թ՞ե՝ ոչ: Եթե դուրս չի գալիս, պետք է աշխատեմ, որ այդ մարդկանց մոտ ընկալումները փոխվեն: Ինչքա՜ն մեզ դուր է գալիս կամ չի գալիս, թե ինչպե՞ս է Ֆրանսիան իր շահերն ընկալում, որտեղ կարող է ամբողջ Սենատն ասել՝ պետք է Արցախի հանրապետությունը ճանաչել, բայց գործադիրն ասի՝ ոչ, ԱՄՆ-ում մտահոգություններ արտահայտվեն, բայց իրենք էլ լինելով հենց ինքնորոշման իրավունքի իմաստով ստեղծված երկիր, իրենց շահերի տեսանկյունից այդ դրույթն օգտագործեն Կոսովոյում, բայց մեր պարագայում ասեն՝ ոչ, ՌԴ-ն, որն ունի նույնիսկ խաղաղապահ ուժեր Արցախում, բայց այս կոնկրետ պահի շրջանակներում, որովհետեւ այլ տեղ այլ իրավիճակ է, ունենա վախեր՝ երկրորդ ճակատ բացելու համար, ուստի, գործողությունները փորձում է անել ոչ ուժայի ձեւերով, իրենք ուժ չեն կիրառելու, մինչեւ իրենց վրա չկրակեն: Իսկ ադրբեջանցիներն էլ միգուցե սովորել են հարեւան երկրներում խաղաղ հեղափոխություններից՝ ձեռքերը բարձրացրած, առանց կրակելու, միայն անպատվում է եւ այլն: Այս ամենը պետք է շարենք եւ հասկանանք՝ մենք պետք է սովորենք կարդալ երկրների շահերը, միջազգային հարաբերությունների համակարգերը, հասկանանք ամեն ինչը՝ ժամանակին եւ համակարգված, ամբողջական տեղեկությամբ: Եթե մեր շահերից էր բխում այդ բանաձեւը, երբ որ նախաձեռնվում էր, ուրեմն պետք էր ասել՝ խնդրում ենք, այլ պարագաներում, այս բաները չօգտագործվեն, իսկ եթե դա չենք անում, սկսում ենք սրանից-նրանից նեղանալ: Լավ, ի՞նչ է եղել այդ բանաձեւում, որ Մեծ Բրիտանիան՝ Ֆրանսիայի հետ ՆԱՏՕ-ի անդամ լինելով, այսօր էլ միասնաբար պայքարում են ՌԴ-ի դեմ, դեմ է եղել: Ինչեւէ, այս ամբողջ պատմության մեջ, մենք նպատակ էինք դրել Ֆրանսիայի հետ աշխատել ու ինչ-որ մի բանի հասնել, արդյունքում բերեցինք նրան, որ մեր թշնամի Ադրբեջանի ներկայացուցիչն ասում է՝ ես, իմ փոքր Ադրբեջան տեղով, Ֆրանսիային հաղթեցի, այն էլ՝ երկրորդ անգամ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ