1999թ. դեկտեմբերին Երևանի Սարյան 1ա հասցեում բացվեց Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը, որը համահայկական նոր ծրագրի սկիզբ դրեց: Իսկ 2000 թվականի հունվարի 8-ին կամավորագրվեցին ցողունային բջիջների առաջին դոնորները և ՀՀ կառավարության որոշմամբ հունվարի 8-ը Հայաստանում նշանավորվեց որպես Ցողունային բջիջների դոնորների օր:
Հայկական Ռեեստրը Ոսկրածուծի Դոնորների Համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ է և 23 ամյա գործունեության ընթացքում ռեեստրը առաջնորդվել է մեկ կարգախոսով՝ գործունության բոլոր ասպարեզներում հետևել միջազգային ստանդարտներին: 2006 թվականին ռեեստրի HLA տիպավորման լաբորատորիան ստացավ Եվրոպական Իմունոգենետիկների Ֆեդերացիայի (EFI) հավատարմագիր, որով և Հայաստան բերեց որակի հսկման միջազգային քննություններին մշտական մասնակցության մշակույթը, որը ցանկացած լաբորատորիայի որակի միակ ցուցանիշն է ամբողջ աշխարհում: Իսկ արդեն 2007 թվականին բացվեց ցողունային բջիջների հավաքման, մշակման և պահպանման բաժինը: Այսպիսով, ցողունային բջիջների հավաքումը հնարավոր եղավ իրականացնել Հայաստանում:
Այսօր ռեեստրը հպարտությամբ կարող է խոսել իր ձեռքբերումների` կամավորագրված ավելի քան 33500 դոնորների, 39 փոխպատվաստումների մասին: Ցողունային բջիջներ են նվիրաբերել մեր հայրենակիցները Հայաստանից, Իրանից, Միացյալ Նահանգներից, որոնց միավորում է մարդասիրությունը և մերձավորին օգնելու մեծ ցանկությունը: Յուրաքանչյուր հաջող փոխպատվաստման հետևում մահվան ճիրաններից փրկված կյանք է: Դա հնարավոր է դառնում տարբեր երկրներում գործող ցողունային բջիջների կամավոր դոնորների ռեեստրների համաձայնեցված և ճշգրիտ աշխատանքի շնորհիվ: Այս գործի նվիրյալները ձեռք-ձեռքի տված, չճանաչելով սահմաններ, ազգային պատկանելիություն կամ դավանանք, փորձում են գտնել այն մեկին, որ կյանքի հույս կպարգևի սպասման ցուցակներում գրանցված բազմաթիվ հիվանդների:
Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը իր ավելի քան 33500 դոնորներով աշխարհի 40 միլիոն կամավոր դոնորների փոքր, բայց կարևոր մաս է կազմում: Սրանք 40 միլիոն բարի սրտեր են՝ սպասումով, որ մի օր կկարողանան փրկել գոնե մի կյանք:
Կարդացեք նաև
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր